Վախճանվել է հայտնի իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը

  • 16.02.2025
  • 0
  • 589 Views

Այսօր առավոտյան մահացել է Ավետիք Իշխանյանը։ Նրա խնդրանքով հարազատները ֆեյսբուքյան էջում տեղադրել են Ավետիքի վերջին գրառումը՝ նշելով, որ տևական և անբուժելի հիվանդությունից տառապանքները չերկարաձգելու համար նա հրաժարվել էր արհեստական սնուցումից։ Աստված հոգին լուսավորի։ Նա Ղարաբաղ կոմիետի գաղտնի կազմի անդամ էր, սկզբունքային ու նվիրյալ իրավապաշտպան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահը։ ՕՐԵՐ-ի խմբագրակազմի կողմից խորապես ցավակցում ենք Ավետիք Իշխանյանի հարազատներին ու բարեկամներին։

Ավետիք Իշխանյանի ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔԸ

2020թ․ դավաճան-վարչապետի կողմից հրահրված պատերազմը ինձ հունից հանեց, իսկ նոյեմբերի 9-ը, կարելի է ասել, կործանեց կյանքս։ Դրանից հետո, այնուամենայնիվ որոշակի հույսեր էի փայփայում, որ դավաճանին հեռացնելուց հետո, թերևս հնարավոր է ինչ-ինչ հարցեր կարգի բերել, փոխել անդառնալի թվացող իրադարձությունների ընթացքը։ Սակայն, ավաղ, ոչ միայն չկարողացանք պարտության պատասխանատու և խորհրդանիշ ճիվաղին հեռացնել, այլև նա առավել ամրապնդեց իշխանությունը, շարունակելով հայրենիքի վաճառքը։ Այս տարիներին խոր հիասթափություն ունեցա շատ մտերիմներից՝ բարեկամներ, ընկերներ, գործընկերներ, ինչպես նաև հայ ժողովրդից և ողջ մարդկությունից․․․ինքս ինձնից։ Այս ամենին ջղերս չդիմացան և օր օրի առողջությունս քայքայվեց։ Այլևս չեմ տեսնում որևէ հույսի շող Հայաստանի և Արցախի ապագայի համար։ Լինելով «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, որի նպատակն էր ազատագրել Արցախը, այսօր իմ պատասխանատվությունն ու միաժամանակ անզորությունն եմ զգում Արցախի հարցում։ Չեմ ցանկանում տեսնել հայրենիքիս վերջնական կործանումը, չեմ ցանկանում, որ իմ պահվածքի պատճառով հետապնդվեն իմ զավակները, նաև իմ տրամադրությամբ և առողջությամբ բեռ դառնալ հարազատներիս, ընկերներիս համար։ Կյանքն ինձ համար այլևս դարձել էր տառապանք, և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես։ Ամեն գիշեր պառկելուց, մեծ հույսեր էի փայփայում, որ այլևս չեմ արթնանա։

Ներեցեք, եթե կարող եք, առաջին հերթին կինս՝ Նունեն, մայրս՝ Բյուրակն Չերազ-Անդրեասյանը, տղաներս՝ Ռաֆայելն ու Հրաչյան, քույրս՝ Վարդուհին, բոլոր հարազատներս, ընկերներս, համախոհներս։

Հիշենք Վահան Տերյանին․

Հրաժեշտի գազել

Ամեն վայրկյան սիրով տրտում ասում եմ ես մնաս բարով.

Բորբ արևին իմ բոց սրտում ասում եմ ես մնաս բարով:

Մնաք բարով ասում եմ ես բոլոր մարդկանց չար ու բարի,

Տանջվող ու որբ Ադամորդուն ասում եմ ես մնաս բարով:

Մնաք բարով ասում եմ ես ընկերներիս` մոտ ու հեռու,

Ոսոխներիս` չար ու արթուն ասում եմ ես մնաք բարով:

Երկնի մովին, կանաչ ծովին, անտառներին խոր ու մթին,

Գարնան ամպին լույս ոլորտում ասում եմ ես մնաք բարով:

Ոսկեշղթա իմ հուշերին, իմ գիշերին, իմ փշերին,

Արտույտներին ոսկի արտում ասում եմ ես մնաք բարով:

Հայկական սոցիալական ցանցերն ու լրատվական կայքէջերն այսօր ակտիվորեն արձագանքեցին Ավետիք Իշխանյանի մահվան գույժին։

Ներկայացնում ենք Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի խոսքը։

Ավետիք Իշխանյանը Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն իրավապաշտպաններից է, նա հայ ժողովրդի զարթոնքի, ոգու վերելքի, ինքնությունը գնահատող բացառիկ մարդ էր, որ մինչև վերջ հավատարիմ մնաց իր առաքելությանը:

Ավետիք Իշխանյանի հետ ծանոթացել եմ 2004թ., երբ սկսեցի աշխատել Մարդու իրավունքների պաշտպանի նորաստեղծ աշխատակազմում: Այդ օրերից ի վեր Ավետիքը եղել է իմ ավագ ընկերն ու եղբայրը, եղել է մարդ, ումից ես միշտ սովորել եմ:

Նրա հետ միասին ստեղծել ենք Խոշտանգումների կանխարգելման մեխանիզմը, մշակել ենք ազատազրկվածների աստիճանական ազատ արձակման փաթեթը, վարել եմ պարոն Իշխանյանի կազմակերպած բազմաթիվ թրեյնինգներ, միասին եղել ենք տարբեր երկրներում աշխատանքային այցերի: 2016թ. Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման իրադարձությունների, 2016թ. քառօրյա, 2020թ. 44-օրյա, Տավուշում 2020թ. հուլիսյան հարձակումների, COVID-ի ու մյուս ժամանակահատվածներում Ավետիքի խորհուրդներն ինձ համար բացառիկ օգտակար էին, միշտ իմաստուն խոսքով օգնում էր:

Հումորի անկրկնելի զգացում ուներ, կենսախինդ մարդ էր և անչափ սիրում էր իր ընտանիքը:

Ավետիք ջան, մնաս լույսերի մեջ, հիշատակդ թող միշտ վառ լինի: Ցավակցություններս Ավետիքի ամբողջ ընտանիքին»:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում