Առաջին հայկական երաժշտախումբը Չիլիի երաժշտական փառատոնում. Արսեն Պետրոսյանի եռյակն արժանացավ աննախադեպ ընդունելության

  • 14.02.2025
  • 0
  • 302 Views

Հարցազրույց դուդուկահար Արսեն Պետրոսյանի հետ

– Սիրելի Արսեն, դուք նոր եք վերադարձել Չիլիից, ուր մի քանի քաղաքներում ելույթներ եք ունեցել։ Ի՞նչ ծրագրով հանդես եկաք, փառատոնա՞յին ելույթներ էին, թե՞ առանձին համերգային ծրագիր էր։

-Չիլիի համերգները կազմակերպվել էին Մունդովիվո փառատոնի շրջանակներում։ 24-րդ անգամ անցկացվող փառատոնում  առաջին անգամ ներկայացվեց հայկական երաժշտություն եւ ելույթ ունեցան  Հայաստանից ժամանած երաժիշտներ։ Չիլիում ներկայացա «Արսեն Պետրոսյան տրիոյով»՝ քանոնն ու բաս դուդուկը ավելացան իբրեւ նվագակցող գործիքներ։ Ծրագրում ընդգրկել էինք ինչպես հայ հոգեւոր, այնպես էլ ժողովրդական երաժշտություն։ Չորս համերգները տեղի ունեցան Սանտիագոյի տարբեր շրջաններում եւ մեկ համերգ՝  Չիլիի հարավում գտնվող Պուկո հայտնի տուրիստական քաղաքում։

– Ձեզ ինչպե՞ս ընդունեց հանդիսատեսը, քանի որ առաջին անգամ էիք Լատինական Ամերիկայում ներկայացնում հայկական ազգային եւ ժողովրդական երաժշտությունը։

-Հանդիսատեսը անչափ լավ ընդունեց, եւ ես էլ իրականում նման ընդունելություն չէի սպասում։ Ինձ էլ հետաքրքիր էր, թե նրանք ինչպես են ընկալելու մեր երաժշտությունը։ Բոլոր համերգներին, առանց չափազանցության, հոտնկայս ծափեր են եղել եւ բիս ենք նվագել։ Անչափ տպավորիչ էր։ Հայկական երաժշտությանը թեեւ տեղյակ չէին, բայց դուդուկով հնչող երաժշտությունը համարում էին հոգու հետ երկխոսություն։ Ամենաշատ մեկնաբանություններն այն մասին էին, որ սա պարզ երաժշտություն է հոգու համար։ Իսկապես, հոգեւոր դաշտ էր ստեղծվում մեր եւ հանիսատեսի միջեւ։ Շատ խորհրդավոր տրամադրվածություն կար՝ համերգներից հետո հուզված մարդիկ էին մոտենում, շատերը նույնիսկ արցունքոտ աչքերով։  Տեսնելով նման արձանգանք, իբրեւ արտիստ, ես մի անգամ եւս համոզվում էի, որ արժեր նման ճանապարհ անցնել եւ ներկայացնել մեր երաժշտությունը այն հանդիսատեսին, որը չի ճանաչում քո մշակույթը։ Իսկ Չիլին Հարավային Ամերիկայի ամենահարավային երկիրն է։  Նման ձեւով մեր երաժշտությունը ներկայացնելը  եւ նման պատգամներ ստանալը, իրոք մեծ նվեր էր ինձ համար։ Երաժշտության լեզուն, իրոք, սահմաններ չի ճանաչում։ Կարեւորը ինչ-որ բան փոխանցելն էր։ Ինձ համար ամենահետաքրքիրն այդ կապն էր։ Ամեն համերգ տարբեր էր, քանի որ չգիտես ինչպես ես ներկայացնելու եւ կապ ստեղծելու հանդիսատեսի հետ։ Երբ ստացվում է այդ կապը, դրանից ավելի հաճելի բան չկա երաժշտի համար։

-Տեղացիները որքանո՞վ էին ծանոթ հայկական երադշտությանը։

– Չեմ կարծում, որ մեծ մասը ծանոթ էին, բայց կային մարդիկ, ովքեր Սայաթ-Նովային գիտեին, Սերգեյ Փարաջանովին։ Մարդիկ էլ կային, որ Տիգրան Համասյանին էին լսել։ Ցանկանում եմ ասել՝ «Բրավո, Տիգրան Համասյանին, իր կատարած աշխատանքի եւ ստեղծագործության համար»։ Մեզ համար՝ իբրեւ երաժիշտ, շատ հաճելի էր, որ նման մակարդակի երաժիշտները ճանապարհ են բացում հայկական երաժշտության համար։

-Ի՞նչ տպավորություններ ստացաք Չիլիից, արդյո՞ք հայերի հետ հանդիպեցիք։

-Չիլիի մասին շատ տեղեկություն չունեի։ Սովորաբար նման երկրներ մեկնելուց առաջ չեմ ծանոթանում, որպեսզի տեղում ինքս հասկանամ՝ առանց կողմնակի ազդեցության։ Առաջին տպավորությունս էր, որ այնտեղ շատ բարի մարդիկ են ապրում, հետաքրքիր, ձգող ուժ կար։ Անդես լեռների էներգիան տպավորիչ էր, մարդիկ հանգիստ էին։ Հետաքրքիր էր, որ Չիլիում լատինական ակտիվությունը չկար։ Բոլոր հանդիպումներից միայն լավ տպավորություն եմ ստացել։ Նաեւ հայերի հանդիպեցինք։ Հատուկ  շնորհակալություն եմ հայտնում Չիլիի հայ համայնքի ներկայացուցիչներին, ովքեր իրենց աջակցությունն են ցույց տվել նաեւ մեր մասնակցությանը։ Փոքր համայնք է եւ ուրախալի է, որ հայկական համայնքի գեղեցիկ շենքը գտնվում է քաղաքի լավագույն թաղամասերից մեկում։ Հանդիպում ունեցանք նաեւ համայնքում,  ելույթ ունեցանք, եւ շատ սիրուն պահեր ապրեցինք՝ մեկմեկու փոխանցելով մեր ապրումները։

-Որքան գիտեմ, ծրագրում էիք նաեւ Կոլումբիայում եւ Մադրիդում ելույթներ ունենալ։ Իրականացա՞վ այդ ծրագիրը։

-Բարեբախտաբար Կոլումբիայի համերգն իրականություն դարձավ։ Այդ երկրում նույնպես առաջին անգամ էի ելույթ ունենում։ Բոգոտայի Լոս  Անդես համալսարանի թատրոնի դահլիճում ելույթը մեր լավագույն համերգներից մեկն էր։ 500 տեղանոց դահլիճ էր եւ ֆանտաստիկ արձագանք։ Քար լռություն էր տիրում, աչքերը փակ լսում էին, համերգից հետո էլ մոտենում էին եւ ասում, որ մեր երաժշտությունը մի դեղ է հոգու համար։ Դա իրոք անկեղծ արձագանք էր։

Իհարկե,  մենք իրենց հույզեր ենք տալիս իբրեւ երաժիշտ նվագելու ընթացքում, բայց երբ  այդ ամենի դրական արձագանքը ստանում ենք, նոր բացահայտումներ ենք անում, տեսլական ենք ունենում, թե հետագայում էլ ինչ կարող ենք ներկայացնել։ Ի դեպ, իմ եռյակի կազմում էին մեր լավագույն քանոնահարուհիներից Աստղիկ Սնեցունցը եւ իմ չիլիացի աշակերտներից ու ընկերներից  Սեսար Վեասը, որը խիստ հետաքրքիր մոտեցումով ներկայացնում էր հայկական երաժշտությունը։ Շնորհակալ եմ իմ ընկերներին ինձ օգնելու եւ ինձ հետ երաժշտությունը ներկայացնելու, զգալու համար, քանի որ ես մենակ չէի կարող։

Մադրիդում էլ շատ լավ անցավ։ Հայագիտության ամբիոնի կազմակերպած համերգն էր Մադրիդի Complutense համալսարանում։ Դա այս շրջագայության վերջին համերգն էր եւ շնորհակալություն այն բոլոր մարդկանց, որոնք օգնեցին այս համերգային շրջագայության իրականացմանը։  

Զրույցը վարեց Հ.Ասատրյանը

Orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում