Ադրբեջանի իշխանությունները բացասական առումով «հատուկ» վերաբերմունք են ցուցաբերում Ռուբեն Վարդանյանի նկատմամբ

  • 27.12.2024
  • 0
  • 60 Views

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մեդիա կենտրոնում անցկացվող «Քաղաքական դատավարությունները Բաքվում. ի՞նչ է սպասվում Ռուբեն Վարդանյանին և Արցախի նախկին ղեկավարներին» թեմայով քննարկման ընթացքում ասաց Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։

«Բաքվում պահվող ռազմագերիների թիվը, որքան հասկանում եմ, 16-ն է, որոնք դեռևս չեն դատապարտվել, իսկ նրանց քրեական գործերն ինչ-որ ընթացքում են»,-նշեց Արտակ Բեգլարյանը։

Անդրադառնալով հարցին, թե ինչ ճակատագիր կարող է ունենալ Բաքվում անազատության մեջ պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու դատական գործը՝ Բեգլարյանը նկատեց, որ Վարդանյանի նկատմամբ Բաքվում առկա է հստակ թիրախավորված և «հատուկ» վերաբերմունք։

«Քանի որ հատուկ հայտարարություն է եղել Ռուբեն Վարդանյանի մասով, և տարբեր միջազգային կառույցների կողմից, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների կողմից ուշադրություն կա, այս տեսանկյունից, կարծես թե, ադրբեջանական իշխանությունները բացասական առումով «հատուկ» վերաբերմունք են ցուցաբերում Ռուբեն Վարդանյանի նկատմամբ։

Այդ վերաբերմունքն, իհարկե, առկա է բոլոր քաղաքական ղեկավարների հանդեպ, բայց այն առավել արտահայտված է Վարդանյանի դեպքում՝ հաշվի առնելով, որ վերջինիս իրավաբանական թիմը և ընտանիքն ավելի հանրայնորեն են պայքարում և ավելի ագրեսիվ են պայքարում այդ քրեական գործերի դեմ»,-նշեց Բեգլարյանը։

Վերջինս վստահություն հայտնեց, որ բոլոր քրեական գործերը շինծու են, որոնք հիմնականում ներառում են ահաբեկչության կազմակերպման, ֆինանսավորում և այլ մտացածին մեղադրանքներ։

«Արցախի ժողովրդի պայքարը հնարավոր չէ որևէ կերպ տեղավորել ահաբեկչության մեջ, որովհետև մենք ռազմական առումով ինքնապաշտպանվել ենք, իսկ մնացածն ամբողջապես եղել է քաղաքական պայքար, որի դեմքերից և առաջնորդներից են եղել հենց այն նախկին պաշտոնյաները, որոնք ներկայում գտնվում են Բաքվի բանտում»,-ընդգծեց ԼՂ-ի նախկին պետնախարար, ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

armenpress.am

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում