
Հոկտեմբերի 29, ժ. 18:30
Երևան, Արամի 1
2024 թ. լրանում է Երվանդ Քոչարի (1899–1979) ծննդյան 125-ամյակը: Հայաստանի ազգային պատկերասրահի, Երվանդ Քոչարի թանգարանի և ընտանիքի համագործակցությամբ իրականացվող հոբելյանական ցուցահանդեսը հնարավորինս համապարփակ ներկայացնում է արվեստագետի ստեղծագործական ուղին` ընդգրկելով տարբեր տարիների նրա գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ ու տարածական երկեր:
Ցուցահանդեսի առանցքում Քոչարի կյանքի կարևորագույն քաղաքներն են` Թիֆլիս, Փարիզ, Երևան: Առանձին սրահներով ներկայացվում են նկարչի թիֆլիսյան շրջանի գեղարվեստական առաջին քայլերն ազդարարող, մասնագիտական զարգացումներն ու ձեռքբերումներն ամփոփող բազմաժանր ստեղծագործությունները: Փարիզյան շրջանի սրահներից մեկում ցուցադրված են վարպետի՝ եվրոպական ավանգարդի լավագույն ավանդույթներով ստեղծած կտավները, մյուսում՝ անիմացիոն էֆեկտներով հագեցած միջավայրում, գյուտարար Քոչարի՝ համաշխարհային արվեստում աննախադեպ երևույթ համարվող տարածական գեղանկարները: 1936-ից հայրենադարձ նկարչի երևանյան շրջանը նշանավորվում է գործունեության բազմակողմանիությամբ՝ քանդակի և գրաֆիկայի բնագավառներում պլաստիկական նոր ձևերի մոնումենտալ հնչողությամբ և էպիկական շնչով, գեղանկարչական նոր ներկանյութի` մոմաներկի հեղինակային գյուտով:
Վարպետի աշխատանքները պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Երվանդ Քոչարի թանգարանում (Երևան), Ժորժ Պոմպիդու կենտրոնում (Փարիզ), Գալուստ Գյուլբենկյան թանգարանում (Լիսաբոն), Տրետյակովյան պետական պատկերասրահում, Արևելքի ժողովուրդների արվեստների թանգարանում (Մոսկվա), Ռուսական պետական թանգարանում (Սանկտ Պետերբուրգ), մասնավոր հավաքածուներում։
Ցուցահանդեսի համադրող՝ Հասմիկ Բադալյան:
Անիմացիոն սրահի հեղինակ՝ Աշոտ Մարաբյան:
Սիրով հրավիրում ենք լուսաբանելու «Երվանդ Քոչար – 125. Հատելով ժամանակ և տարածություն» ցուցահանդեսի բացումը, որը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին, ժ. 18։30-ին:
Պատկերասրահի մուտքը՝ Հանրապետության հրապարակից։