Ֆրանկոֆոն երկրները համերաշխություն են հայտնել Հայաստանին և մտահոգություն՝ Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման առնչությամբ

  • 06.10.2024
  • 0
  • 157 Views

Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթաժողովի շրջանակներում ընդունվել է «Ֆրանկոֆոն տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ բանաձևը», որով կազմակերպության լիիրավ անդամ 54 պետություններ համերաշխություն են հայտնել Հայաստանին և խաղաղության գործընթացին։

Բանաձևում ընդգծվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին համահունչ երկու երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը։ Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունները ողջունել են 2024 թվականի ապրիլի 19-ի Արձանագրությունում վերահաստատված սկզբունքների հիման վրա սահմանազատման գործընթացում և միջպետական սահմանագծի վերականգնման ուղղությամբ արձանագրված առաջընթացը, ինչպես նաև խրախուսել են տարածաշրջանային հաղորդակցության ուղիների վերաբացումը՝ ինքնիշխանության, ազգային իրավազորության, հավասարության ու փոխադարձության սկզբունքների հարգանքի հիման վրա: Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից և ատելության խոսքից, որ կարող է խոչընդոտել խաղաղության գործընթացին։

Բանաձևը շեշտել է նաև Հայաստանում տեղակայված Եվրոպական միության քաղաքացիական առաքելության (EUMA) կարևորությունը և սահմանամերձ տարածքներում կայունության գործում վերջինիս ներդրումը։

Բանաձևում կարևորվել է Լեռնային Ղարաբաղից 115 հազար բռնի տեղահանված փախստականներին շարունակական հումանիտար աջակցության ապահովումը, ռազմագերիների և այլ պահվող անձանց, ինչպես նաև անհայտ կորածների խնդիրների լուծումը։ ՖՄԿ-ն վերահաստատել է Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման առնչությամբ մտահոգությունը և Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության իրականացման հարցում անդամ երկրների աջակցությունը։

Հիշեցնենք, որ աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիլեր Կոտրե քաղաքում` ֆրանսերեն լեզվի նոր միջազգային ավանում, մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն այս տարի անցկացվում է  Ֆրանսիայում՝ առաջին անգամ վերջին 33 տարիների ընթացքում: Գագաթնաժողովին մասնակցում են ավելի քան 100 բարձրաստիճան հյուրեր:

Բարձրաստիճան հյուրերին դիմավորել և ողջունել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, տիկին Բրիջիտ Մակրոնը և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն:

Հաջորդիվ տեղի է ունեցել ՖՄԿ անդամ պետությունների առաջնորդների համատեղ լուսանկարահանման արարողությունը, իսկ գագաթնաժողովի բացմանը ելույթ են ունեցել Էմանուել Մակրոնը, Թունիսի նախագահ Կաիս Սաիդը, ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն: Միջոցառման շրջանակում ՖՄԿ-ում նախագահությունը Թունիսից փոխանցվել է Ֆրանսիային:

Գագաթնաժողովի առաջին օրը տեղի են ունեցել «Ֆրանկոֆոն քաղաքացիների մարտահրավերները թվային դարաշրջանում» և «Արհեստական բանականության կիրառումը կրթության մեջ» խորագրերով քննարկումներ:

Աղբյուր՝ mfa.am, gov.am

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում