Երեւանում նշվեց Չեխիայի պետականության օրը. Ալֆոնս Մուխայի հայտնի կտավի արտապատկերը` Խանջյան փողոցի շենքերից մեկի պատին

  • 01.10.2024
  • 0
  • 562 Views

Լուսանկարը՝ Հ.Ասատրյանի, (ՕՐԵՐ)

Սեպտեմբերի 30-ին Հայաստանում Չեխիայի դեսպանությունը նշեց Պետականության օրը։ Պաշտոնական ընդունելության սկզբում Չեխիայի եւ Հայաստանի հիմները կատարեցին Արմավիրի մարզից  ժամանած հայ երեխաները, որոնք առանց չեխերենի իմացության երգեցին Չեխիայի օրհներգը։

Չեխիայում Հայաստանի դեսպան Պետր Պիրունչիկը նշեց, որ այս օրը  կապված է նաեւ չեխական հողերի հիմնադիր Սուրբ Վացլավի անվան հետ, ով սպանվել է  929 թվականին։ Դեսպանը նշեց, որ չի ցանկանում խոսել հայ-չեխական  հարաբերությունների մասին, առեւտրական կամ մշակութային կապերի մասին, քանի որ չեխ-հայկական բարեկամության լավագույն ապացույցը արտացոլված է ներկաների դեմքերին։

Լուսանկարի հեղինակ՝ Գոհար Հակոբյան (Առավոտ)

Նա նաեւ նշեց, որ Չեխիայից բազմաթիվ ընկերներ այսօր Հայաստանում են։

Այնուհետեւ, իբրեւ չեխ-հայկական արվեստի համագործակցության օրինակ դեսպանը նշեց Խանջյան փողոցի շենքերից մեկի պատին բացված չեխ գեղանկարիչ Ալֆոնս Մուխայի կանանց նվիրված հայտնի շարքի նկարներից մեկի արտապատկերումը,  որի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ ընդունելության ընթացքում։

Նշվեց, որ այս աշխատանքը  ֆինանսավորել է չեխական «Մառլենկա» ընկերության սեփականատեր Գեւորգ Ավետիսյանը, որը Հայաստանում է իր դստեր հետ, եւ ըստ դեսպանի, նա Չեխիայի եւ Հայաստանի միջեւ ամուր կապի մարմնացումն է։

Ռոբերտ Նիկողոսյանխ Լուսանկարը՝ ՕՐԵՐ-ի

 Իսկ Մուխայի աշխատանքի հեղինակը 30-ամյա գեղանկարիչ Ռոբերտ Նիկողոսյանն է, ով հսկայածավալ գործը(22×12 մետրի) ավարտել է երկու օրվա ընթացքում՝ ընդհանուր առմամբ 11 ժամում։ ՕՐԵՐ-ի հետ զրույցում նկարիչը ավելացրեց, որ նման գործի առաջարկն ինքն է ներկայացրել դեսպանին, եւ նմանատիպ այլ գործեր ինքը նախկինում էլ հեղինակել է։

Ներկաներին ողջունեց նաեւ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, ապա ելույթներ ունեցան նաեւ Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի սաները, ինչպես նաեւ Արցախի ջազային նվագախումբը, որի կատարմանը վերջում միացավ եւ մի քանի ստեղծագործություն  սաքսոֆոնով կատարեց դեսպան Պետր Պիրունչիկը։

Այնուհետեւ ընդունելությանը ներկա հյուրերը ճաշակեցին չեխական խոհանոցի խորտիկներ եւ գարեջուր։

Orer.eu

Լուսանկարը՝ Հ.Ասատրյան, ՕՐԵՐ

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում