«ՕՐԵՐ» եվրոպական ամսագրի 25-ամյակը նշվեց Երեւանի Թեքեյան կենտրոնում

  • 26.09.2024
  • 0
  • 1296 Views

Սփյուռքում լույս տեսնող պարբերականները հայապահպան, ազգանպաստ ու պետականամետ  նշանակություն ունեն, բացի այդ, ամրացնում են Հայաստան-Սփյուռք- Արցախ կապը։
1999 թվականին Կովկաս-Արևելյան Եվրոպա կենտրոնը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում սկսել է հրատարակել  «Օրեր» եվրոպական անկախ ամսագիրը։ Հիմնադիրները ամսագրի «Վահան Թեքեյան» մրցանակակիր, լրագրող Հակոբ Ասատրյանն ու նրա կինը՝ Կարլի համալսարանի դոկտորանտ, նույնպես լրագրող Աննա Կարապետյանն էին։ 
Երևանից Պրահա տեղափոխված ամուսինները, թիկունքում չունենալով որևէ կուսակցություն, քաղաքական ուժ, 1999 թվականից սկսեցին պատրաստել ու հրատարակել «Օրեր» ամսագիրը, որն արդեն 25 տարեկան է։
«Թեքեյան» կենտրոնում նշվեց «Օրեր» ամսագրի 25 ամյակը։ Հոբելյանական երեկոյին ներկա էին պարբերականի հետ այս կամ այն կերպ կապ ունեցող մտավորականներ, արվեստագետներ. իր համարներում «Օրերը» բոլորին է անդրադարձել հոդվածի, ակնարկի, հարցազրույցի, դիմանկարի ձևաչափով։

 «Օրերը» Եվրոպայում գործող միակ արևելահայերեն հանդեսն է, որ եռամսյա պարբերականությամբ անդրադառնում է եվրոպական բոլոր երկրների հայկական համայնքների պատմությանը։ Անցած տասնամյակների ընթացքում պարբերականի էջերում առաջին անգամ ներկայացվել են հայ երիտասարդ, տաղանդաշատ երաժիշտները, որոնք հետագայում մեծ բեմեր են նվաճել։
 Հանդեսում քառորդ դար հրապարակվել են տեղեկություններ, որոնք խորքային ուսումնասիրությունների ու հետազոտությունների արդյունք են, օրինակ՝ ծավալուն հոդվածները՝ Երուսաղեմի հայոց պատրիարքարանի, թեմերի մասին։
Պրահայում լույս տեսնող պարբերականը մշտապես ուշադրության կենտրոնում է պահել նաև հայաստանյան կյանքն ու Արցախը։

«Օրեր» ամսագրի 25-ամյակ (youtube.com)
«Օրերի» 25 ամյակին նվիրված երեկոյին ներկա էր նաև Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը, որը կարևորեց ամսագրի դերը հայ-չեխական հարաբերությունների ամրապնդման գործում։
Չեխիայում ՀՀ նախկին դեսպան Տիգրան Սեյրանյանը հիշեց՝ ուղիղ 10 տարի առաջ Պրահայի քաղաքային գրադարանում նշում էին «Օրերի» 15 ամյակը, հիմա էլ  ներկա է 25 ամյակին։ «ՕՐԵՐ»ի անցած ուղին արժեւորեց գրող, սփյուռքագետ, ամսագրի հեղինակներից Արծվի Բախչինյանը, ինչպես նաեւ իր ջերմ խոսքը փոխանցեց սիրված սոպրանո, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը։

«ՕՐԵՐ»ի հոբելյանական ձեռնարկը վարեց ԱԶԳ շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը։
 «Օրերը» ունի նաև կայքէջ, բայց, բարեբախտաբար, ամսագիրը շարունակում է  ավանդական հրատարակությունը, և վերջին համարներից մեկն էլ նվիրված է Արցախին։
Հակոբ Ասատրյանը և Աննա Կարապետյանը շուտով նորից կմեկնեն Պրահա՝ շարունակելու նոր ուսումնասիրությունները, մշակութային, համայնքային կյանքին, Արցախին ու Հայաստանին նվիրված «Օրերի» հերթական համարների պատրաստման ու հրատարակման առաքելությունը։

Լուսանկարները՝ armenpress.am-ի, Հայկ Մանուկյան, Նիդերլանդական օրագիր

Աղբյուր՝ «Օրերը», 25 տարեկան է (տեսանյութ) | Armtmm.com

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում