ՄԱՅՐՈՒԹՅՈՒՆ հուշարձանի մոտ նշվեց Խաղողօրհնեքը

  • 19.08.2024
  • 0
  • 222 Views

Լոռու մարզի Ջրաշեն գյուղում ավանդաբար նշվում է Սբ. Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: 2016 թվականին Տիրամորը նվիրված տոնին գյուղի կենտրոնական պուրակում կայացավ «Մայրություն» հուշարձանի օծումը, որի նախաձեռնողը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, ջրաշենցի Ատոմ Մխիթարյանն է։

Վերջինիս մոր՝ Հրածին Հովհաննիսյանի հիշատակին կանգնեցված հուշարձանը բնորոշում է բոլոր մայրերի անաղարտ կերպարը։ Այսօր ևս պուրակը մարդաշատ էր, Խաղողօրհնեքի տոնակատարությունը, կարևորելով ազգային-ավանդական և հոգևոր արժեքները, համախմբել էր ողջ համայնքին։

««Մայրություն» հուշարձանը մեզ հիշեցնում է մեր մայրերի, մեր ընտանիքների կարևորությունը և մեր ազգի անխախտ ուժը։ Դարեր շարունակ մեր ժողովուրդը՝ իր մայրերի առաջնորդությամբ, դիմակայել է անհաղթահարելի թվացող մարտահրավերներին։ Այս հուշարձանը կանգնեցվել է որպես հարգանքի տուրք մեր մայրերին՝ որպես ազգային արժեքների կրողներ ու սերնդե սերունդ փոխանցողներ։ Եվ այսօր, երբ Հայոց եկեղեցին օրհնում է խաղողը, մենք մեր սրտերում նորոգում ենք մեր հավատքը և հավատարմությունը մեր արժեքներին ու ավանդույթներին», – իր ելույթում նշեց նախաձեռնության հեղինակ Ատոմ Մխիթարյանը։

Սպիտակի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Օվսե քահանա Հովհաննիսյանն օրհնեց տարվա բերքն ու բարիքը՝ աղոթք հնչեցնելով առ Աստված,- «Հայ Եկեղեցին դարեր շարունակ խորին հարգանք և երկյուղածություն է տածում Աստվածամոր հանդեպ` շեշտելով Աստծո մայր լինելու հանգամանքը, մաքրակենցաղությունը, անօրինակ խոնարհության ոգին, առաքինի վարքն ու նվիրվածությունը»:

Միջոցառմանը ելույթ ունեցավ մանկավարժ Քնքուշ Բաղդասարյանը, ով կարևորեց ավանդական դարձած տոնակատարությունը համայնքի  երիտասարդության համար՝ արժևորելով դրա դաստիարակչական նշանակությունը։ Մշակութային հատվածում ելույթ ուենցան «Տարոնցիք» երգի-պարի համույթի տաղանդավոր սաները (գեղարվեստական ղեկավար Անահիտ Մելոյան)։ Տրավերտինից ու բազալտից քանդակված «Մայրություն» հուշարձանի հեղինակը Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դոցենտ, քանդակագործ Էմին Պետրոսյանն է: Արարողության ավարտին օրհնված խաղողի ողկույզները բաժանվեցին ներկաներին։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում