Թուրք​իան 544 միլիոն դոլար է հատկացրել օտար երկրներում իր համայնքների աշխուժացման համար

  • 06.08.2024
  • 0
  • 67 Views

Երկու ամիս առաջ ես վերլուծական էի գրել՝ «Թուրքիան աջակցում է արտերկրի իր քաղաքացիներին, մինչդեռ Հայաստանը վանում է իր Սփյուռքը» վերնագրով։ Դրա հիմքում Աբդուլլահ Բոզքուրտի՝ «Թուրքիան ընդլայնում է իր սփյուռքի ներգրավվածությունը՝  արտերկրում քաղաքական նպատակների հասնելու համար» հոդվածն էր, որը հրապարակվել էր Nordic Monitor կայքում։

Անցյալ շաբաթ Բոզքուրտը հրապարակեց հաջորդ հոդվածը՝ «Թուրքիան պատրաստվում է ուժեղացնել իր միջամտությունը այլ երկրների ներքին գործերին՝ օգտագործելով թուրքական սփյուռքը» վերնագրով։ Այն լրացուցիչ մանրամասներ է ներկայացնում թուրքական կառավարության ջանքերի մասին՝արտերկրում գտնվող իր քաղաքացիների միջոցով ներկայացուցչական խմբեր ստեղծելու համար: Ի հակադրություն դրա, Հայաստանը վանում է իր Սփյուռքը՝ ճեղքեր ստեղծելով և արգելելով նրանցից ոմանց մուտքը հայրենիք: Հաշվի առնելով այն լուրջ ճգնաժամը, որում գտնվում է Հայաստանը, նրա կառավարությունը պետք է հնարավոր ամեն ինչ անի, որպեսզի գրավի արտասահմանում գտնվող հայրենակիցներին՝ այցելելու իրենց հայրենիքը, ներդրումներ կատարելու երկրում և փոխանցելու իրենց գիտելիքներն ու հմտությունները: Սփյուռքը Հայաստանի համար արժեքավոր ակտիվ է, այլ ոչ թե «կթու կով»։

Հզոր թուրքական պետությունը, որն արտասահմանում գտնվող իր քաղաքացիների օգնության կարիքն ամենևին չունի, սնուցում և հզորացնում է իր սփյուռքը: Թուրքիայի կառավարությունը 544.2 միլիոն դոլար բյուջե է հատկացրել 2024-28 թվականների համար սփյուռքի իր գործակալությանը՝ Արտերկրում գտնվող թուրքերի և հարակից համայնքների նախագահությանը (թուրքերեն՝YTB-ին): Նրա ռազմավարական ծրագիրն է` «խրախուսել ավելի ամուր հավատարմություն թուրքական սփյուռքի մարդկանց կողմից Թուրքիայի նկատմամբ՝ Էրդողանի կառավարության ֆինանսական և այլ աջակցության մեծացման միջոցով»։

Բոզքուրտը բացատրել է, որ Թուրքիայի կառավարության իսկական նպատակն է «ավելի մեծ ազդեցություն գործադրել եվրոպական երկրների ներքին քաղաքականության վրա՝ ակտիվորեն աջակցելով թուրքական և մահմեդական համայնքներին իրենց քաղաքական ներգրավվածության մեջ, ինչպես հայտնել է կառավարության սփյուռքի գործակալության ղեկավարը խորհրդարանական հանձնաժողովի առջև վկայություն տալու ժամանակ»: YTB-ի ղեկավար Աբդուլլահ Էրենը հուլիսի 17-ին թուրքական խորհրդարանում ասել է, որ «կարող է ավելին բացահայտել դռնփակ նիստում, որտեղից իր մեկնաբանությունների արձանագրությունը չի հրապարակվի»:

Էրենի գաղտնիության պատճառը այն է, որ YTB-ին «աջակցում են թուրքական գործակալությունները, որոնք աշխատում են սփյուռքի խմբերի հետ, ինչպիսիք են թուրքական հետախուզական կազմակերպությունը (MIT), Արտաքին ծառայությունը, «Մաարիֆ» հիմնադրամը, Կրոնական գործերի տնօրենությունը (Diyanet), Յունուս Էմրեի ինստիտուտը և Թուրքիայի համագործակցության ու զարգացման գործակալությունը»: Նպատակն է՝«ավելի շատ թուրքամետ քաղաքական գործիչներ տեղավորել արտերկրի քաղաքական քարտեզի վրա»: Նրանց ջանքերը հատկապես կենտրոնացած են Եվրոպայում, որտեղ բնակվում է թուրքական սփյուռքի մեծ մասը: Վերջին տասնամյակում Էրդողանի կառավարությունն աջակցել է Եվրոպայում ավելի փոքր քաղաքական կուսակցությունների ստեղծմանը, հատկապես նրանց, որոնք առաջնորդվում են կրոնական օրակարգով: Այն աջակցել է կայացած հիմնական կուսակցություններում աշխատող թեկնածուներին՝ ակնկալելով, որ նրանք հանդես կգան որպես թուրքական կառավարության քաղաքականության վստահված անձինք: Այնուամենայնիվ, արդյունքները մինչ օրս բավարար չեն եղել, ինչը թուրքական կառավարությանը ստիպել է խոստանալ ակտիվացնել ջանքերը՝ հասնելու նրան, ինչը նա անվանում է ռազմավարական նպատակ»:

Ըստ YTB-ին վերահսկող խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սեդա Գորեն Բոլուկի՝ «Սփյուռքի թիրախային բնակչությունը մոտ 40 միլիոն է, որը բաղկացած է մոտավորապես 7 միլիոն թուրքերից և ավելի քան 30 միլիոն մարդկանցից՝ այլ երկրների հարակից [մահմեդական] համայնքներից: Նա խոստացել է անել հնարավոր ամեն ինչ՝ լուծելու սփյուռքի խմբերին առնչվող խնդիրները՝ թուրքական պետության հզորացման  համար»։

Համաձայն YTB-ի հարցման՝ «թուրքական սփյուռքի երիտասարդների շրջանում, որոնց թիվը գնահատվում է մոտ 2 միլիոն, որն այժմ արդեն չորրորդ սերունդն է, հարցվածների մեկ երրորդը ցանկություն է հայտնել ակտիվորեն մասնակցել եվրոպական երկրների քաղաքականությանը և աջակցել նրանց քարոզարշավներին»։ Արտերկրում գտնվող թուրք երիտասարդության ևս մեկ երրորդը «մտադիր է թաքցնել իրենց իրական մտադրությունները և սկսել իրենց քարոզարշավը Թուրքիայի անունից միայն հիմնական կուսակցություններում առանցքային դիրքեր ապահովելուց հետո»: Վերջին մեկ երրորդը նշել է, որ քաղաքականության մեջ ներգրավվելու նկատմամբ հետաքրքրությունը զրոյական է:

Թուրք երիտասարդներին խրախուսելու համար՝ ներգրավվելու այն երկրների քաղաքականության մեջ, որտեղ նրանք ապրում են, Էրենը վկայակոչել է թուրքական ծագում ունեցող Սերապ Գյուլերի օրինակը, որը քաղաքական գործիչ է Գերմանիայում, ՔԴՄ-ի (Քրիստոնեա-դեմոկրատական միություն) և Բունդեսթագի (Գերմանիայի խորհրդարան) անդամ 2021 թվականից ի վեր։ Չնայած նախկինում Թուրքիայի հասցեին հնչեցրած որոշ քննադատություններին, Գուլերը կապ է պահպանում Թուրքիայի դեսպանատան և թուրքական պետական ​​կառույցների հետ»։

Հաղթահարելով արտասահմանում ապրող թուրքերի իրավական և քաղաքական մարտահրավերները՝ YTB-ն կոչ է արել Թուրքիայի կառավարությանը «օգտագործել իր դիվանագիտական ազդեցությունը և հանրային դիվանագիտության գործիքները՝ ճնշում գործադրելու օտարերկրյա պետությունների վրա՝ վերացնելու այդ սահմանափակումները թուրքական սփյուռքի խմբերի նկատմամբ»։

YTB-ն «արդեն համագործակցում է Եվրոպայում և այլ մայրցամաքներում գործող բազմաթիվ խմբերի հետ՝ նրանց տրամադրելով ֆինանսավորում, նյութածրագրային և տեխնիկական աջակցություն՝ նրանց արդյունավետությունը բարձրացնելու համար»: YTB-ն մայիսի սկզբին Անկարայում մասնակցել է «Միջազգային դեմոկրատների միության կողմից կազմակերպված ծրագրին, որը հանդես է գալիս որպես օտարերկրյա շահերի խումբ, ներկայացնելով Էրդողանի իշխող կուսակցությունը՝ AKP-ն, արտասահմանում»:

YTB-ն «ամեն տարի Թուրքիա է բերում 4000 երիտասարդ տղաների ու աղջիկների՝ Թուրքիայի երիտասարդության և սպորտի նախարարության կողմից կազմակերպվող ճամբարներում վերապատրաստման և կրթության տարբեր սխեմաների ներքո: Ըստ Էրենի, բազմաթիվ երիտասարդ թուրք ինժեներներ, որոնք սովորում են Եվրոպայում, ընդգրկվել են պրակտիկայի ծրագրերում, որոնք նա անվանել է «կրիտիկական արդյունաբերություններ», ինչպիսիք են պաշտպանական և ռազմական տեխնոլոգիաները: Նա նշել է պետական ​​սեփականություն հանդիսացող պաշտպանական կապալառուներին, ինչպիսիք են «Ասելսանը» և «Թուսաշը», որպես վայրեր, որտեղ այդ անձինք հավաքագրվել են պրակտիկայի համար»։

Էրենը հայտարարել է, որ «Էրդողանի կառավարությանը քննադատող և ընդդիմադիր խմբերը սպառնալիք են հանդիսանում YTB-ի հայտարարած նպատակներին հասնելու համար, քանի որ դրանք խաթարում են թուրքական կառավարության քաղաքականությունը սփյուռքում։ Սա ներառում է Գյուլենի շարժումը, քրդական ընդդիմադիր խմբերը և ալևիներին»:

Մնում է տեսնել, թե ինչպես կվարվեն Եվրոպայի և Միացյալ Նահանգների կառավարությունները Էրդողանի կառավարության վստահված խմբերի հետ, որոնք համարվում են չգրանցված օտարերկրյա գործակալներ:

Հարութ Սասունյան 

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում