Հունգարիայի հայ համայնքից ցավով տեղեկացանք, որ երկարատև հիվանդությունից հետո երեկ կյանքի 63-րդ տարում կյանքից հեռացել է Ադամ Սարգսյանը (1961-2024թթ.), Հունգարիայի Հայ Ազգային Ինքնավարության նախկին նախագահը, շնորհալի ջութակահարը, թարգմանիչը, «Հայ սփյուռք» միության նախագահը։
Ադամը ծնվել էր 1961թ. Երեւանում, ավարտել Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը, ապա 1984թ.-ին՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիան։ 1987թ Երեւանում ամուսնացել է հունգարուհու հետ, ապա տեղափոխվել են Հունգարիա, եւ արդեն 37 տարի ապրում էին Բուդապեշտում։
2019 թվականին ՕՐԵՐ եվրոպական ամսագրի գլխավոր խմբագրին տված հարցազրույցում Ադամ Սարգսյանը պատմում էր.
«Կնոջս հետ ռուսերեն էինք շփվում, տեղափոխվելուց հետո մեկ ամիս հաճախեցի հունգարերենի դասերի, բայց դա օգուտ չտվեց։ Սկսեցի դասագրքով սովորել, եւ մեկ տարի պահանջվեց, որ միջին մակարդակով տիրապետեմ, քանի որ լեզուն բարդ է, հատկապես՝ քերականությունը։ Առաջին տարին չաշխատեցի, մինչեւ սովորեցի, ապա ուսումնարանում աշխատանքի ընդունվեցի ոչ իմ մասնագիտությամբ։ 1989թ. արդեն իմ մասնագիտությամբ սկսեցի աշխատել ե՛ւ ջութակ էի նվագում, ե՛ւ դասավանդում։ Այնուհետեւ ժամանակի ընթացքում սկսեցի թարգմանությամբ զբաղվել՝ հունգարերեն-հայերեն, եւ ընդհակառակը։ Ապա քննություն հանձնեցի եւ թարգմանիչ աշխատելու իրավունք ստացա։ Այնուհետեւ աշխատել եմ նաեւ հասարակական կազմակերպություններում։
Երբ պետականորեն ստեղծվեցին ազգային ինքնավարություններ, 1995թ-ին ես արդեն մասնակցեցի ընտրություններին եւ Բուդապեշտի 21-րդ՝ Չեպելի համայնքում ինքնավարության նախագահ էի ընտրվել մինչեւ հիմա։ Իսկ Հունգարահայ Ազգային ինքնավարության անդամ եմ եղել 1995թ-ից, նախ՝ կրթության եւ մշակույթի կոմիտեի անդամ, 2002-2006թթ.՝ ինքնավարության փոխնախագահ, 2004-2005թթ՝ նախագահի պաշտոնակատար, 2006թ-2011թ. հունվար՝ նախագահ, 2011-2014թթ. եղել եմ անդամ, իսկ վերջին ընտրություններին չեմ մասնակցել։ Այժմ ղեկավարում եմ Հունգարիայի «Հայ սփյուռք» միությունը, որը գրանցել ենք 2000 թվականի աշնանը»։
Ադամ Սարգսյանի նախաձեռնությամբ 2000թ Չեպելի համայնքում բացվել է Հունգարիայի հիմնադրման հազարամյակին եւ Հայաստանում Քրիստոնեության հռչակման 1700-ամյակին նվիրված հուշարձան, որի հեղինակն է քանդակագործ Մամիկոն Ենգիբարյանը։ Նրա ջանքերով հայկական 14 ֆիլմ թարգմանվել է հունգարերեն եւ ցուցադրվել տարբեր կինոթատրոններում։
«Հյուրախաղերով համերգներ ենք տվել տարբեր երկրներում, Խորվաթիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում եւ եվրոպական այլ երկրներում։ Թե՛ հայ, եւ թե՛ օտար երաժիշտների հետ ենք համագործակցում։ Ժամանակին նաեւ «Արայի» էստրադային խումբ էի ստեղծել եւ հայերենով կատարում էինք հիմնականում Ռոբերտ Ամիրխանյանի երգերը»,-պատմում էր նա։
Ադամ Սարգսյանի կարծիքով, անցած տարիներին նաեւ բազմաթիվ մշակութային ձեռնարկներ են կազմակերպել։ «Մեր միջոցառումներին եւ՛ հայախոսները, եւ՛ ոչ հայախոսները մասնակցել են։ Այսինքն, համայնքի մեծամասնությունը միշտ մասնակցել է, անկախ նրանից՝ համայնքի անդամ էին, թե՝ ոչ։ Այն ժամանակ խտրականություն չենք արել, բոլորին հրավիրել ենք»,- եզրափակեց Ադամ Սարգսյանը։
«Մենք կիսում ենք ձեր ընտանիքի ցավն ու վիշտը։ Իբրեւ երախտագիտություն նրա գործունեության և Հունգարիայի հայ համայնքի գործում ունեցած վաստակի՝ մենք կպահպանենք նրա հիշատակը»,- ասվում է հունգահարության տարածած ցավակցական խոսքում։
Չեխիայում, Հունգարիայում եւ Սլովակիայում Հայ առաքելական եկեղեցու հովվությունը, ինչպես նաեւ «Օրեր» եվրոպական ամսագրի խմբագրակազմը խորապես ցավակցում են հայրենասեր, նվիրյալ ազգայինի եւ բանիմաց մշակութային գործչի հարազատներին ու ընտանիքի անդամներին։
Աստված հոգին լուսավորի։
Orer.eu
Լուսանկարը՝ Հակոբ Ասատրյանի, ՕՐԵՐ