Կայացել է Հայաստանի և Չեխիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Պետր Ֆիալայի հանդիպումը:
Կողմերն անդրադարձել են Հայաստան-Չեխիա փոխգործակցության զարգացման տարբեր ուղղություններին վերաբերող հարցերի:
Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր: Այս համատեքստում վարչապետ Փաշինյանը ներկայացրել է հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները:
Վարչապետը չեխական կողմին է ներկայացրել նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները:
Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-ԵՄ փոխգործակցության զարգացման շուրջ:
Բլենհայմյան պալատում տեղի է ունեցել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:
Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Գերմանիայի միջև քաղաքական ու տնտեսական համագործակցության հետևողական զարգացումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է հայկական կողմի սկզբունքային դիրքոշումները սահմանազատման գործընթացի, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունների վերաբերյալ:
Քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին և դրանց լուծման քայլերին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել այդ ուղղությամբ ՀՀ կառավարության իրաականացրած և առաջիկայում նախատեսվող երկարաժամկետ ծրագրերի, այդ թվում՝ բնակապահովման ծրագրի վերաբերյալ: Բռնի տեղահանվածների կարիքները հասցեագրելու գործում կողմերը կարևորել են նաև միջազգային հանրության շարունակական աջակցությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացմանը: