Փաշինյանը Մեծ Բրիտանիայում ներկա է գտնվել Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի բացմանը

  • 18.07.2024
  • 0
  • 82 Views

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միացյալ Թագավորությունում՝ Բլենհայմյան պալատում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին: 

Նախ տեղի է ունեցել պատվիրակությունների ղեկավարների դիմավորման արարողությունը: ՀՀ վարչապետին և մյուս երկրների առաջնորդներին դիմավորել է Մեծ Բրիտանիայի վարչապետ, սըր Քիր Սթարմերը:  

Այնուհետև տեղի է ունեցել միջոցառման բացման և մասնակիցների տեսալուսանկարահանման արարողությունը:  

Միջոցառման շրջանակում վարչապետը շարունակում է երկկողմ հանդիպումներ ունենալ այլ երկրների գործընկերների հետ:

Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ: 

 Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆինլանդիա հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, կարևորվել է տնտեսական փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: 

 Նիկոլ Փաշինյանը և Ալեքսանդր Ստուբն անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորացմանը, մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի:

Բլենհայմյան պալատում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Նիդերլանդների նորընտիր վարչապետ Հենդրիկուս Վիլհելմուս Մարիա Սխոուֆի հետ:  

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհավորել է պարոն Սխոուֆին պաշտոնը ստանձնելու առիթով և հույս հայտնել, որ երկկողմ համագործակցությունը նոր ազդակ կհաղորդի Հայաստան-Նիդերլանդներ բազմաոլորտ հարաբերությունների զարգացմանը: 

 Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի և Նիդերլանդների հարաբերությունները հատկապես վերջին տարիներին թևակոխել են բարձր քաղաքական երկխոսության շրջան։  

Պարոն Սխոուֆը նշել է, որ Նիդերլանդները կարևորում է ՀՀ-ի փոխգործակցության խորացումը և պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը՝ ի նպաստ քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում կապերի խորացման: 

 Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ: Կողմերը կարևորել են երկար բանակցություններից հետո Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու որոշումը: 

 Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին: Վարչապետը կարևորել է դրանց լուծման ուղղությամբ միջազգային հանրության հետևողական աջակցությունը:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում