Վրաստանի պաշտպանության նախարարը ստորագրել է Հայաստանի հետ համագործակցության ծրագիրը

  • 13.07.2024
  • 0
  • 468 Views

Այսօր Երեւանում Պաշտապանության նախարարության վարչական համալիրում դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:
Հանդիպման ընթացքում բարձր է գնահատվել համագործակցության ներկայիս մակարդակը։ Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:


Կողմերը միմյանց ներկայացրել են նաև երկու երկրների զինված ուժերում ընթացող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ:
Հանդիպման ավարտին պաշտպանության նախարարները ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարարության և Վրաստանի պաշտպանության նախարարության միջև 2024 թվականի համագործակցության պլանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիին։

Վարչապետը նշել է, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ  կարեւորել  պարոն Չիկովանիի այցը: Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Վրաստանի հետ բազմաոլորտ համագործակցության խորացմամբ և զարգացմամբ:

Վարչապետը արդյունավետ է գնահատել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև ծավալված գործընկերությունը:

Իրակլի Չիկովանին իր խոսքում կարևորել է Հայաստանի պաշտպանության նախարարության հետ գործակցությունը և դրա ընդլայնմանը միտված ծրագրերը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել պաշտպանական ոլորտում գործընկերության ամրապնդման, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցերի շուրջ:

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին պաշտպանության նախարարության վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել։

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին:
Նախարարը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում