ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերջին երկու տարիների ընթացքում ԱՄՆ ՄԶԳ-ն ավելի քան կրկնապատկել է իր աջակցությունը Հայաստանին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանթա Փաուերը։
«Մենք աջակցել ենք Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, օգնել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայացմանը, աջակցել անկախ լրատվամիջոցներին՝ ապահովելու համար թափանցիկ և հաշվետու պետական կառավարում, ինչպես նաև աշխատել ենք կառավարության հետ՝ իրականացնելու բյուրոկրատական, վարչական, թղթաբանական գործոնների ստուգումներ, որոնք ուղղված են քաղաքացիների համար դրանց պարզեցմանը»,- ասաց Փաուերը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն աշխատում է Հայաստանի տնտեսական աճի խթանման ուղղությամբ, օգնում է հայաստանյան տնտեսվարողներին արտահանման նոր շուկաների հետ համագործակցելու հարցում։
«Մենք աջակցել ենք «Ինժեներական քաղաք»-ի կառուցմանը, որը կնպաստի ուսանողների կարիերայի աճին։ Մենք օգնել ենք կառավարությանը բարելավել արտահանման և ներմուծման ներդրումային հնարավորություններն այնպիսի առաջնային ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը և տեխնոլոգիաները։ Այսօրինակ ներդրումները արդյունքներ են բերում մեր երկրներին։
2020 թվականից ի վեր՝ ԱՄՆ-ի և Հայաստանի առևտրաշրջանառությունն ավելի քան եռապատկվել է՝ 96 միլիոն դոլարից 2023 թվականի դրությամբ հասնելով 321 միլիոն դոլարի։
Մենք գիտենք, որ այդ հետագիծը կարող է էլ ավելի բարձրանալ, և առևտրաշրջանառության աճը երկու երկրների միջև կարող է արագանալ։ Մենք իսկապես օգնությունից անցնում ենք առևտրի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել ենք այդ հարցը։ ԱՄՆ-ն իրենից կախված ամեն ինչ անում է առաջընթացի պտուղները քաղելու համար»,- եզրափակեց Փաուերը։