Իրանցի աշխարհահռչակ ռեժիսոր Ջաֆար Փանահին «Ոսկե ծիրան»ում

  • 10.07.2024
  • 0
  • 108 Views

21-րդ «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուրն է աշխարհահռչակ իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին։ Սա կլինի Փանահիի առաջին փառատոնային այցը 14 տարվա տնային կալանքից և ազատազրկումից հետո, և Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի տարում «Ոսկե ծիրան»-ը Փանահիին հատուկ «Փարաջանովյան թալեր» կշնորհի՝ միավորելով երկու բախտակից արվեստագետներին։

ԱՅՍՕՐ, ՀՈՒԼԻՍԻ 10-ին, ԺԱՄԸ 21:30-ին, ԿԻՆՈՅԻ ՏԱՆ ՄԵԾ ԷԿՐԱՆԻՆ՝ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» միջազգային կինոփառատոնի շրջանակներում, տեղի կունենա ՓԱՌԱՏՈՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՀՅՈՒՐ իրանցի աշխարհահռչակ կինոռեժիսոր ՋԱՖԱՐ ՓԱՆԱՀԻԻ «ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ» ֆիլմի (Բեռլինի կինոփառատոնի «Արծաթե արջ») ցուցադրությունը, որին ներկա կլինի ինքը վարպետը։

Հենց Փանահին է՝ Աբաս Քիառոստամիի, Մոհսեն Մախմալբաֆի, Դարիուշ Մեհրջուիի և այլ վարպետների հետ պատասխանատու 1980-90-ականների իրանական կինոյի մեծ վերելքի համար, որի արձագանքները լսելի են առայսօր։

Փանահին եզակի ռեժիսորներից է, որ արժանացել է թե՛ Լոկառնոյի կինոփառատոնի «Ոսկե հովազ»-ին, թե՛ Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ»-ին, թե՛ Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջ»-ին, թե՛ անգամ Կաննի կինոփառատոնի «Ոսկե կինոխցիկ»-ին՝ լավագույն դեբյուտի համար։

Չնայած տնային կալանքին՝ Փանահին շարունակել է ստեղծագործել անգամ, երբ նրան պաշտոնապես արգելված էր ստեղծագործել, և այս ազատատենչ աշխարհայացքն ակներև է նաև նրա ֆիլմերի ինչպես թեմաներում, այնպես էլ հատկապես սահմաններ չճանաչող ոճային բացառիկ նորարարական լուծումներում։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում