Հուլիսի 4–ին Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճը կրկին ողողվեց մշակութային շնչով։ Լեփ–լեցուն դահլիճում պաշտոնապես ազդարարվեց Կապանի միջազգային երաժշտական երկրորդ փառատոնի մեկնարկը։ Այս մասին հայտնում է Կապանի համայնքապետարանը։
Փառատոնն անհրաժեշտ նախաձեռնություն և իրապես սպասված իրադարձություն է դարձել Կապանի մշակութային կյանքում, որի կարևորության մասին իր ելույթում խոսել է Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը. «Նման մասշտաբի միջոցառումների անցկացումը չափազանց կարևորում եմ մեր քաղաքում, քանի որ մշակույթը այցեքարտ դարձնելու ուղին բռնած Կապանի համար սա հիանալի հնարավորություն է աշխարհին ներկայանալու, ինչու չէ նաև այլ երկրների մշակույթներն ընդունելու, ճանաչելու, լավը քաղելու, և որ ամենակարևորն է կրթվելու համար։ Փառատոնը իր կրթական բաղադրիչով եզակի առիթ է ընձեռում մեր տեղի երաժիշտներին և երաժշտական դպրոցների երեխաներին՝ ոլորտի լավագույններից սովորելու, մասնագիտական գիտելիքները հարստացնելու, զարգացնելու, ինչպես նաև նոր կապեր և համագործակցություններ հաստատելու համար»,–ասել է նա։
Այս տարվա փառատոնի կարևորագույն իրադարձությունը Հայաստանի լավագույն երգեհոններից մեկի վերանորոգումներ էր, որը կյանքի են կոչել երգեհոնահարներ և հմուտ մասնագետներ Գարրի Եփրիկյանը և Եգոր Ռուդոմյոտովը։ Վերանորոգված երգեհոնը Կապանի միջազգային երաժշտական երկրորդ փառատոնի խորհրդանիշն է և պատակահան չէ, որ համերգային երեկոն սկսվել է հենց երգեհոնային կատարումով։
Դասական երաժշտության ոլորտում մեծ հեղինակություն վայելող հայազգի երաժիշտներ՝ Լիանա Ալեքսյանյանի, Մարիաննա Շիրինյանի, Աննա Սարկիսովայի, Հրաչյա Ավանեսյանի և Սևակ Ավանեսյանի կողքին երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել նաև ռուս երգեհոնահար Իրինա Ռոզանովան, կորեական ծագմամբ ամերիկացի ջութակահար Էլլի Սուն, ռուս ալտահար Անդրեյ Գրիդչուկը և բելգիացի դաշնակահար Ժուլիեն Լիբերը։
Հանդիսատեսի անթաքույց ոգևորությունն ու երեկոյից ստացած մեծ բավականությունը փաստեցին փառատոնի անչափ սպասված լինելու մասին։
Նշենք, որ այս տարի ևս փառատոնն իրականացվում է Կապանի համայնքապետարանի, «Զանգեզուրի պղնձամոլիբեդենային կոմբինատ» ՓԲ ընկերության, ինչպես նաև նոր գործընկեր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարության աջակցությամբ, և Բելգիայում բնակվող, արմատներով կապանցի, թավջութակահար Սևակ Ավանեսյանի անմիջական նախաձեռնությամբ։
orer.eu
«Դեպի Բախ» խորագիրը կրող համերգային երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել Իրինա Ռոզանովան/երգեհոն/, Դենիս Սեվերինը/թավջութակ/, Լիանա Ալեքսանյանը/սոպրանո/, Հրաչյա Ավանեսյանը/ջութակ/, Ժուլիեն Լիբերը/դաշնամուր/, Հայկ Կազազյանը/ջութակ/, Անդրեյ Գրիդչուկը/ալտ/ և Սևակ Ավանեսյանը/թավջութակ/։