Հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց խոշտանգումները պետք է միջազգային հանրության կողմից արժանանան պատշաճ գնահատականի. Անահիտ Մինասյան

  • 30.06.2024
  • 0
  • 309 Views

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձ է հղել Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվա առթիվ։

«Հունիսի 26-ին նշվում է ՄԱԿ-ի կողմից հռչակված` Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրը:

Կանխարգելման ազգային մեխանիզմի կարգավիճակով Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունն ուղղված է մեր երկրում խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելմանը:

Տարեկան ու արտահերթ զեկույցներում Պաշտպանը մշտապես է ընդգծել վատ վերաբերմունքի հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման և աջակցման այլ մեխանիզմների բացակայությունը։ Սա առաջնահերթ խնդիր է, որը պետության կողմից պետք է պատշաճ հասցեավորվի։

Խիստ կարևոր է նաև խոշտանգում վերապրած անձանց և նրանց ընտանիքներին հոգեբանական, բժշկական և սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրումը։

Պաշտպանի աշխատակազմում շարունակվում են դիմում-բողոքներ և ահազանգեր ստացվել քրեակատարողական հիմնարկներում, ոստիկանությունում, քննչական մարմիններում խոշտանգման առերևույթ դեպքերի վերաբերյալ։

Այդ հանգամանքը խիստ մտահոգիչ է։ Պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի խոշտանգման դեպքերը կանխարգելելու ուղղությամբ։ Ավելին, այդ դեպքերին պետք է արձագանքել արագ ու համարժեք, հետևողական լինել արդյունավետ քննության ապահովման և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու տեսանկյունից։ Այդ առումով մեր պետությունում առկա են տարատեսակ խնդիրներ, որոնք ունեն շուտափույթ հաղթահարման անհրաժեշտություն։

Վստահ եմ` պետք է մեկտեղենք ջանքերը` մեր ամենօրյա աշխատանքով Հայաստանում այնպիսի միջավայրի ձևավորման նպատակով, որտեղ խոշտանգումներն ու վատ վերաբերմունքի այլ ձևերը բացառված կլինեն։

Ցանկանում եմ հատուկ անդրադարձ կատարել ադրբեջանական իշխանությունների որդեգրած քաղաքականությանը, այդ թվում` Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի ենթարկելու առումով։ Այդ հանգամանքն անընդունելի է ժամանակակից քաղաքակիրթ աշխարհի որդեգրած բոլոր արժեքների տեսանկյունից, և միջազգային հանրության կողմից պետք է արժանանա պատշաճ գնահատականի»։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում