
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների իններորդ հանդիպման արդյունքների վերաբերյալ հաղորդագրություն
\2024թ. մայիսի 15-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի իններորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:
Հանդիպման ընթացքում Հանձնաժողովները, 2024թ. ապրիլի 19-ի 8-րդ հանդիպման արձանագրության համաձայն, քննարկել են կատարված աշխատանքները և, հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում հստակեցված կոորդինատները, ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976թ. տեղագրական քարտեզի համաձայն, որը հերթապահության ընթացակարգ է անցել 1979թ., համաձայնեցրել են անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի հատվածների համատեղ կազմված Արձանագրություն-նկարագրությունը՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:
Հանդիպման արդյունքում ստորագրվել է Արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
Հաղորդագրությունը տարածել է Հայաստանի արտգործնախարարությունը։

Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է սահմանազատման հարցերով Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնաժողովների մայիսի 15-ին հրապարակված հայտարարության մասին «Արմենպրես»-ի հարցերին:
Հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորեւ:
Հարց – Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները համատեղ հաղորդագրություն են տարածել, որում ասվում է, որ Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի հատվածներում սահմանի նկարագրություն-արձանագրությունները համաձայնեցվել են ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի 1976 թվականի իրավական հիմք ունեցող տոպոգրաֆիական քարտեզների հիման վրա: Ի՞նչ է սա նշանակում:
Պատասխան – Արդեն տեղյակ եք, որ նշված հատվածներում համապատասխան աշխատանքային խմբերի կողմից տեղադրվել են սահմանային սյուներ` նախապես համաձայնեցված կոորդինատները տեղորոշելու համար: Այդ կոորդինատները վերցված են 1976 թվականի, վերը հիշատակված քարտեզներից: Հիմա արդեն քարտեզագիրները համաձայնեցրել են սյուների միջեւ սահմանների անցման գծերը, կրկին նույն քարտեզների հիման վրա: Այսինքն, այս հատվածներում սահմանային գծի վերարտադրումը ավարտվել է, համաձայնեցվել, ստորագրվել եւ այդ հատվածներում սահմանը համարվում է դելիմիտացված:
Հարց – Իսկ ինչո՞ւ են ընտրվել 1976 թվականի քարտեզները, որոնք, ինչպես նշված է սահմանազատման հանձնաժողովների մամուլի հաղորդագրության մեջ, օգտագործվել են ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի կողմից:
Պատասխան – Դա, ըստ էության, Խորհրդային Միության փլուզման պահին դե յուրե իրավական հիմք ունեցող քարտեզն է: ՀՀ կառավարության համար սկզբունքային է եղել մոտեցումը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը:
Հարց – Հանձնաժողովների հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ քարտեզները հերթապահության ընթացակարգ են անցել 1979 թվականին: Ի՞նչ է դա նշանակում եւ ինչո՞ւ չեն վերցվել, ասենք, 1990 թվականի քարտեզները:
Պատասխան – Այդ ձեւակերպումն իրավական տերմինաբանություն է, ինչը նշանակում է, որ քարտեզագրության եւ գեոդեզիայի ոլորտում ԽՍՀՄ լիազոր մարմինը 1979 թվականին ստուգել է քարտեզի ճշտությունը եւ իրավական հիմքերը: Այդ քարտեզներն օգտագործվել են մինչեւ Խորհրդային Միության փլուզման պահը: Այսինքն, դրանք ԽՍՀՄ իրավասու պետական մարմինների կողմից վերստուգված ամենավերջին քարտեզներն են:
orer.eu