Կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր Անդրանիկ Բերբերյանը հեղինակել է ՎԶԵԲ-ի 33-րդ Տարեկան հանդիպման ու Գործարար համաժողովի գալա համերգի երաժշտությունը։ Նշենք, որ միջոցառումն անցկացվում է Երևանում։ Այն Հայաստանում անցկացված ամենամեծը կլինի իր տեսակի մեջ, իսկ վայրի ընտրությունը խորհրդանշում է ՎԶԵԲ-ի շարունակական աջակցությունը երկրին և կովկասյան տարածաշրջանին:
«Բացման արարողության համար ստեղծվել է այնպիսի երաժշտություն, որը ուղեկցվում է մեր պատմական տարբեր փուլերի մասին պարային համարներով, տեսալուսային շոուով։ Արարողությունն իրականացնում է Background Production-ը, և ես ու Տիգրան Կուզիկյանը մեր թիմով՝ Berberyan Productions Studio-ով, անսահման ուրախ ենք կրկին աշխատել պրոդյուսեր Վազգեն Պողոսյանի և Նաիրե Ստեփանյանի հետ՝ նման պատասխանատու նախագծի շրջանակում։ Այս նախագծի շրջանակում մենք ամբողջ թիմով ներկայացնում ենք մեր երկիրը, և պետք է պատվով ցուցադրենք մեր հարուստ մշակույթի ողջ ներկապնակը՝ նոր ստեղծված երաժշտության միջոցով՝ հատուկ գրված գալա համերգի համար»,-նշում է Անդրանիկ Բերբերյանը։ Նրա խոսքով՝ երաժշտության երգչախմբային հատվածները կատարում է «Հովեր» երգչախումբը՝ ի դեմս Սոնա Հովհաննիսյանի։
Կոմպոզիտորը նաև համագործակցել է թավջութակահար Միքայել Նավասարդյանի հետ, ով ևս կկատարի նոր ստեղծագործություն՝ գրված թավջութակի և լարային նվագախմբի համար։ Բերբերյանը և Ստեփանյանը նաև անդրադարձել են մեր ավանդական պարերին, և բեմադրության ընթացքում արտերկրի հանդիսատեսը կունկնդրի մեր երաժշտական գործիքների ուժն ու ոգին։ Համագործակցել են նաև «Բերդ» պարային անսամբլի հետ՝ ի դեմս ղեկավար Կարեն Գևորգյանի։
Նշենք, որ միջոցառումները անցկացվում են մայիսի 14-16-ը։ Հայաստան է ժամանել 75 ից ավելի երկրի ավելի քան 2000 բարձրաստիճան պաշտոնյաներ։
Հավելենք նաև, որ Անդրանիկ Բերբերյանն առաջին անգամ չէ երաժշտություն հեղինակում մասշտաբային նախագծի համար․ 2021 թվականին նա գրել է ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված միջոցառման երգը, իսկ 2022 թվականին՝ Դուբայի էքսպոյի Հայաստանի մասնակցության վիզուալացված նյութի երաժշտությունը, 2023-ին՝ Եվրոպայի ծանրամարտի առաջնության բացման արարողության երաժշտությունը։




