Կոպենհագենում կայացել է Հայաստանի և Դանիայի վարչապետների հանդիպումը
Աշխատանքային այցով Դանիայի թագավորությունում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Դանիա բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Մետտե Ֆրեդերիկսենը ողջունել է ՀՀ վարչապետի այցը Կոպենհագեն և ընդգծել իր գլխավորած կառավարության պատրաստակամությունը՝ զարգացնելու և ընդլայնելու փոխգործակցությունը Հայաստանի հետ:
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և կարևորել կապերի զարգացման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը:
Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ Կարևորվել է նաև բազմակողմ հարթակներում շարունակական համագործակցությունը:
Նիկոլ Փաշինյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա իրավիճակը: Տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման համատեքստում վարչապետն անդրադարձել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ:
Նիկոլ Փաշինյանը Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան: Տիկին Ֆրեդերիկսենը հրավերը սիրով ընդունել է: Նույն օրը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ:
Ինչպես հայտնում է «Իրավունք» թերթը՝ Iravunk.com-ը, Կոպենհագենի հայերը դիմավորել են «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հեռացիր», «Նզովյալ հեռացիր», «Կապիտուլյանտ» վանկարկումներով: Ինչ է տեղի ունեցել, «Իրավունք»-ը մանրամասներ է պարզել Դանիայում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակից Անահիտ Ավագյանից:
Ներկայացնում է Հրանտ Սարաֆյանը.
«Դանիայում ընթանում է «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ը, որը կազմակերպվել է ՆԱՏՕ-յի նախկին գլխավոր քարտուղար, «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Այստեղ են հրավիրված մի շարք եվրոպական քաղաքական գործիչներ, որոնց թվում է նաեւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը, իսկ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մասնակցում էր օնլայն: Այս գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանը հրավիրված է՝ որպես բանախոս: Իսկ մենք նրան սպասում էինք առավոտյան ժամը՝ 07:00-ից: Նա ժամանեց մոտավորապես 11:00-ին՝ մեծաթիվ ոստիկականան ուժերի ուղեկցությամբ», – պատմեց մեր զրուցակիցը:
Ընդ որում՝ բոլորին զարմացրել է, որ Նիկոլ Փաշինյանին ուղեկցում են ուժային կառույցների մեծ թվով ներկայացուցիչներ, ինչի մասին Ա. Ավագյանը նշեց հետեւյալը. «Այդպիսի բան ոչ ոք չէր տեսել այստեղ: Մետտե Ֆրեդերիկսենը, Ուրսուլա Ֆոն դեր Լայենը, Շառլ Միշելը եւ եվրոպական այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ժամանեցին գագաթնաժողովին՝ նույնիսկ առանց թիկնապահների: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանին շրջապատել էին ոչ միայն իր հետ եկած մանկլավիկները, այլեւ դանիական ոստիկանական ուժեր՝ մեքենաներով եւ մոտոցիկլետներով: Ի դեպ, իր հետ նաեւ Հայաստանից եկած լրագրողներ կային»:
Անդրադառնալով հենց տեղում կազմակերպված ակցիային՝ Անահիտ Ավագյանն ասաց, որ ամբողջ ընթացքում գոռացել են՝ «Նիկոլը ժողովրդավար չէ», «Պահանջում ենք Նիկոլի հրաժարականը». «Ընդհանուր առմամբ՝ գոհ ենք մեր ակցիայից եւ սրանով նաեւ եւս մեկ անգամ մեր աջակցությունը հայտնեցինք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի կորտեժում մի երկու տեղաբնակ հայեր կային, որոնք եկան եւ սպառնացին մեզ, հարձակվեցին մեզ վրա: Նույն հեքիաթներն էին պատմում, թե ձեզ ով է փող տվել, որ ակցիա եք անում եւ այլն: Դժվար է ասել, թե ինչ կլիներ, եթե դանիական ոստիկանությունը չզսպեր նրանց»:
Թե արդյոք նախատեսված է Նիկոլ Փաշինյանի հանդիպում՝ տեղի հայ համայնքի հետ, մեր զրուցակիցն ընդգծեց. «Գուցե հանդիպի, գուցե՝ ոչ, համենայնդեպս, նման տեղեկատվություն չունենք: Չէ որ նա վերջին շրջանում գաղտագողի է գնում ու գալիս: Ամեն դեպքում, եթե հանդիպի էլ, նրանք լինելու են իր փոքրիկ կոնտիգենտը»:
Նշենք, որ Դանիայի հայ համայնքն ավելի վաղ նաեւ հայտարարությամբ է հանդես եկել եւ իր աջակցությունը հայտնել՝ Բագրատ սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը»: