Ջրառատում բացվել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոց

  • 11.05.2024
  • 0
  • 140 Views

Մայիսի 10-ին Ջրառատում տեղի է ունեցել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Կարեն Գիլոյանը, Արաքսիա Սվաջյանը, օլիմպիական չեմպիոն, ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, մարզաշխարհի ներկայացուցիչներ, մարզասերներ: Մարզադպրոցն ունի 8 հիմնական և 5 երկրորդական հարթակ։ 2021 թ. մեկնարկած ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 581.6 մլն դրամ:

Դպրոցի բացման ժապավենը կտրել են Սիմոն Մարտիրոսյանն ու ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։

Բացմանը ներկա է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը շնորհավորել է ներկաներին ծանրամարտի նորակառույց մարզադպրոցի բացման առիթով և հույս հայտնել՝ ՀՀ կառավարությունը ստիպված լինի նորանոր մարզադպրոցներ կառուցել մեր օլիմպիական չեմպիոնների անունով. « Այս տարի օլիմպիական տարի է, և հույս ունեմ, որ մենք արդեն ավելի կկոնկրետացնենք, թե որտեղ ում անունով ինչ մարզադպրոց ենք կառուցելու: Իսկ անկախ դրանից՝ մարզադպրոցների,  մարզական կենտրոնների, մարզադահլիճների կառուցումը եղել և շարունակում է մնալ առաջնահերթություն կառավարության համար: Ուզում եմ արձանագրենք՝ սա Հայաստանի զարգացման տեսլականի շատ կարևոր մաս է»:

Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ մարզադպրոցների կառուցումը նախ խթանում է առողջ ապրելակերպը երեխանների, ինչպես նաև մեծահասակների շրջանում: Վարչապետը կարևորել է այն հանգամանքը, որ հասարակության մեջ այդ մարդիկ  երեխաների համար դառնում են հիացմունքի արժանի հերոսներ, որոնց նրանք ձգտում են նմանվել: «Մենք ուզում ենք, որ նաև մեր մարզիկները, ովքեր Հայաստանի դրոշը բարձրացնելու և Հայաստանի օրհներգը հնչեցնելու պատվին են բոլորիս արժանացրել, իրենց գնահատված զգան: Մենք ուզում ենք, որ մեր մարզիկները ոչ միայն իրենց մարզական կյանքի գագաթնակետին, այլև դրանից հետո էլ ամեն օր զգան իրենց գնահատված: Եվ նրանցից հետո եկողներն էլ այդ հեռանկարն իրենց աչքի առաջ ունենան՝ այնպես չէ, որ միայն հաղթանակի պահին կարճաժամկետ, էմոցիոնալ վերաբերմունք է դրսևորվում, որից հետո մարդիկ մոռացվում են: Սա դրա մասին է: Եվ,  իհարկե, սա հարգանքի տուրք է Ջրառատ համայնքին, բոլորիդ, որովհետև չեմպիոնն իր միջավայրում է ձևավորվում որպես չեմպիոն, իրեն շրջապատող մարդիկ են կանգնել կողքին, աջակցել»,- ասել է գործադիրի ղեկավարը և հավելել, որ այդ առումով՝ դպրոցը Սիմոն Մարտիրոսյանի և Սիմոն Մարտիրոսյանին ստեղծած բոլոր մարդկանց անուններով է:  

Վարչապետի խոսքով՝ այսպես կառավարությունն իր  շնորհակալություն է այդ մարզիկներին իրենց անցած ուղու համար. «Եվ այո՛, ոչ մի արտառոց բան պետք է չլինի, որ երիտասարդ մարդկանց անունով այսպիսի դպրոցներ են կառուցվում: Եվ ես շատ կուզենամ, որ մենք անընդհատ մարդկանց վաստակը գնահատելու հոգսով ծանրաբեռնված լինենք: Եվ շնորհավորում եմ մեզ, որ գիտենք գնահատել, գիտենք վաստակը քաջալերել և գիտենք նաև այնպես անել, որ մարդու աշխատանքն ուղղակի ուղիղ եթերի ավարտից հետո չավարտվի, որ մարդու աշխատանքը, վաստակը, մարզիչի մարզիկի, գյուղի, ծնողի, ուսուցչի վաստակն ամեն օր լինի իր տեղում, ամեն օր լինի տեսանելի, և մենք փորձենք միջավայրը դարձնել կատարյալ»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև, որ աշխատանքների ծավալը մեծ է և, երբեմն, դրանք  ամբողջությամբ կատարյալ չեն իրականացվում. «Բայց կարևորն այն է, որ մենք չհուսահատվենք և շարունակաբար շինարարության ու այլ որոտների հետ կապված խնդիրներին առերեսվենք, և մեր վճռականությունը չսասանվի: Մենք քայլ-քայլ, հետևողական գնալու ենք բոլոր խնդիրները լուծելու ճանապարհով: Եվ այսօրվա իրադարձությունը դրա մասին է: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Սիմոն Մարտիրոսյանին, մարզիչներին, բոլոր ջրառատցիներին այս օրը մեզ պարգևելու համար»: 

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում