«Ինձ համար իսկապես մեծ պատիվ է դառնալ Եվրոպական Կինոակադեմիայի անդամ: Սա տարիներ շարունակ անդադար աշխատանքի, իմ հայրենիքի, ընտանիքի ու աշխատանքի նկատմամբ ունեցած պատասխանատվության զգացման ուղղակի արդյունքն է,- գրել է իր ֆեյսբուքյան էջում հայտնի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը։
Այնուհետեւ նա նշել է. «Որպես կինոռեժիսոր իմ գլխավոր միտումն է եղել պատմել իմ հայրենիքի մասին, ներկայացնել Արցախն ու Հայաստանը և օգնել հայկական կինոյի առաջխաղացմանը ամբողջ աշխարհում։ Ես աշխատում եմ մի շարք կինոնախագծերի վրա, որոնցով նպատակ ունեմ հարթել իմ հետագա ուղին դեպի էլ ավելի մեծ ձեռքբերումների համար, քանի որ շատ ավելին է պետք անել՝ մեզանում ու աշխարհում էական փոփոխություններ ունենալու համար»։
Անվանի կինոռեժիսորին շնորհավորել է նաեւ Հայաստանի կինոգործիչների միությունը.«Ուրախալի է լուրը։ Մեր գործընկերը` կինոռեժիսոր ՋԻՎԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ դարձել է Եվրոպական կինոակադեմիայի անդամ։ Ջիվանին մաղթում ենք մասնագիտական նոր նվաճումներ։ Նրա կինոն խոսել և խոսում է Արցախի մասին, իսկ յուրաքանչյուր նվաճում այդ խոսքն առավել լսելի դարձնելու միջոց է։ Շնորհավոր Jivan Avetisyan»։
ՕՐԵՐ ամսագրի խմբագրակազմը նույնպես շնորհավորում է անվանի կինոգործչին եւ մաղթում նոր ու կարեւոր նախագծեր։
orer.eu