Բագրատ Սրբազանը պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. վաղվանից անհնազանդության ակցիաներ կսկսվեն հանրապետությունում

  • 09.05.2024
  • 0
  • 167 Views

Մայիսի 9-Ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հրավիրած բազմահազարանոց հանարհավաքը, որի հիմնական պահանջը Սրբազանը ձեւակերպեց իր ելույթի վերջում՝ պահանջելով մեկ ժամվա ընթացքում Հայաստանի վարչապետի հրաժարականը։ Նա նշեց, որ պատրաստ է հանդիպելու Փաշինյանին եւ քննարկելու նրա հեռանալու պայմանները։ Սակայն մեկ ժամն անցավ, եւ բնականաբար Փաշինյանը չարձագանքեց։

Ընդ որում, իր ելույթում Սրբազանը նշեց, որ սա եռագույնի հաղթանակն է սեւի ու սպիտակի, եւ հոգու հաղթանակը՝ դուխովի նկատմամբ։

«Մենք միասին հավաքվել ենք՝ վերստին հաստատելու և ասելու, որ ոչինչ ու ոչ ոք՝ երկնքում և ոչ երկրի վրա, ոչ իշխանություններ և ոչ պետություններ, որևէ տեսակի ուժ չի կարող հայոց հոգին՝ փառավոր հոգին, ընկճել»,–ասաց Բագրատ Սրբազանը՝ շնորհակալություն ու գնահատանք հայտնելով շատերին՝ անհատներին, շարժումներին, կուսակցություններին:

Ըստ նրա՝ շարժումն առաջին հաղթանակն է գրանցել՝ սահմանազատման գործընթացի շրջանակում տեղադրվող սահմանային սյուների հետ կապված: «Առանց որևէ խոչընդոտի ուզում էին սահմանագծման, այսպես կոչված, քարերը դնել: Երեկ լուր ստացանք, որ սահմանագծման այդ վերջին 3 քարերը չեն դրվել: Կասեցվել կամ դադարեցվել է այդ գործընթացը՝  շնորհիվ այս ժողովրդի պայքարի: Եվ այդպես լինելու է բոլոր հանգրվաններում»,–ասաց Բագրատ արքեպիկոպոս Գալստանյանը:

Նա վստահեցրեց, որ եկել են լայն հասարակական հաշտության մտքով: «Երկու հոգի միմյանց չեն վստահում մեր երկրում, ընտանիքներում, փողոցներում, ամենուր է պառակտումը: Թշնամությունը՝ ստի հետ, քանդել է մեր տունը, ատելությունը դարձել է ընդհանրական մշակույթ»,–ասաց նա՝ հավելելով, որ ունեն հաշտության օրակարգ, որը պետք է իրականություն դարձնեն:

«Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանն արհամարհեց ժողովրդի պահանջը, ուրեմն պետք է ստիպենք նրան դա անել։ Առաջին քայլը լինելու է Ազգային ժողովով Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելը և պաշտոնանկության հասնելը,-ասաց նա եւ հավելեց, որ ինքը գիշերելու է Հանրապետության հրապարակում։ Մինչ այդ խորհրդակցություններից հետո, տեղեկացրեց, որ ԱԺ երկու խմբակցությունները պատրաստ են Նիկոլ Փաշինյանի իմպինչմենտի գործընթացը սկսել, իսկ առավոտյան ժամը 10:00-ից բոլոր հնարավոր վայրերում անհնազանդութայն ակցիաներ են իրականացնելու:

Սրբազան հայրը նաեւ կոչ արեց բուհերի ուսանողությանը դասադուլ սկսել ոչ միայն Երեւանում, այլեւ հանրապետության տարբեր մարզերում։

Հրապարակը վանկարկում էր՝ Նիկոլ հեռացիր, Նիկոլ դավաճան։

Նա նաեւ նշեց, որ ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվելու է` հանուն ճշմարտության և արդարության։

Ավելացնենք, որ հանրահավաքի սկզբում Սրբազան հայր կատարեց ՀՀ օրհներգը, իսկ երբ Տերունական աղոթքն սկսեց, ողջ հրապարակը բարձրաձայն արտասանեց։ Այնուհետեւ ոգեշունչ ելույթով ներկաներին դիմեց հայտնի արեւելագետ, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը։ Ելույթներ ունեցան նաեւ Տավուշից Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում