ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պայմաններում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ցանկացել է տեղակայվել Հայաստանում ոչ թե որպես Հայաստանի դաշնակից, այլ որպես խաղաղապահ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանն այս մասին հայտարարեց մայիսի 7-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ։
«ՀԱՊԿ-ի հետ մեր ամենամեծ խնդիրն այն էր, որ իրենք ուզում էին Հայաստան գալ ոչ թե որպես դաշնակից, ինչպես նախատեսված է, այլ որպես խաղաղապահ, իսկ խաղաղապահի համար ի՞նչ է հարկավոր․ պատերազմ է հարկավոր։ Իսկ այս իրադրության մեջ ե՞րբ է հնարավոր պատերազմ․ այն ժամանակ, երբ մենք հրաժարվենք սահմանազատումից»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ հենց այդտեղ է փակվում տրամաբանական շղթան։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մայիսի 7-ի ասուլիսի ժամանակ վարչապետը անդրադառնալով հարցին, թե իշխանության քաղաքականության հետ համաձայն չլինող ի՞նչ քանակությամբ մարդ պետք է հավաքվի, որ կառավարության համար լինի բեկումնային և, գուցե, հանգեցնի կառավարության հրաժարականին։
«Եթե Հայաստանի ժողովուրդն ուզենա փոխել կառավարությունը, նա կփոխի կառավարությունը, եթե չուզենա փոխել, չի փոխի։ Ժողովուրդն է իշխանության կրողը, եթե ժողովուրդը ցանկանա ինձ աշխատանքից ազատել, ժողովուրդն ինձ աշխատանքից կազատի։ Շատ պարզ բան է։ Հայաստանի Հանրապետությունում ժողովուրդը բացարձակ իշխանություն է։ Ո՛չ ես, ո՛չ ժողովուրդն անհանգիստ չենք, որովհետև երկուսս էլ գիտենք, որ երբ իրենք ուզեն փոխել իշխանությունը, կփոխեն։ Բայց ես մի բան ասեմ՝ իմ կարծիքով ժողովուրդը ինքն իրեն իշխանությունից չի զրկի, որովհետև դա կլինի հրաժարում Հայաստանի պետականությունից»,- ասաց Փաշինյանը։