
Ապրիլի 29-ից մայիսի 1-ը Բելգիայի Թագավորության Բրուժ քաղաքում տեղի է ունենում IAMA-ի (The International Artist Managers’ Association)՝ Միջազգային երաժշտական կազմակերպության 33-րդ նստաշրջանը։ Միջազգային նստաշրջանին մասնակցում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հեռանկարային ծրագրերի զարգացման բաժնի ղեկավար, «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը։
Միջազգային նստաշրջանին մասնակցում են երաժշտական հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ, փորձագետներ և այլք, որոնց միավորում է երաժշտությունը և աշխատանքն ու հետաքրքրությունն արվեստի, երաժշտության ոլորտում:
Նստաշրջանի օրակարգը բավականին հագեցած է. մեծ տեղ են գրավում պատվիրակների մասնակցությամբ առանձին միջոցառումները, քննարկումները, որոնք գլխավորապես վերաբերում են երաժշտությանը, երաժշտական ձայնագրություններին և նորագույն տեխնոլոգիաների համադրությանը, առկա հնարավորություններին, որոնք նոր հեռանկարներ կարող են բացել երաժշտական ոլորտում հաջողությունների համար:
IAMA-ի նստաշրջանը իրական հարթակ է կազմակերպության պատվիրակների համար` համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու, փոխադարձ շփումների և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ քննարկումներ ունենալու համար:
orer.eu