66 տարեկանում վախճանվել է բանասեր Արմեն Ղազարյանը՝ Պարույր Սեւակի որդին

  • 28.04.2024
  • 0
  • 597 Views

Երևանի պետական համալսարանը և Հայաստանի Հանրապետության կրթական համակարգը ծանր կորուստ ունեցան։ Հանկարծահաս անողոք հիվանդությունից 2024 թ․ ապրիլի 27-ին Երևանում վախճանվեց ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի երկարամյա դասախոս Արմեն Պարույրի Ղազարյանը։ Այս գույժը հայտնում է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնը։

Ա․ Ղազարյանը ծնվել է 1958 թ․ Մոսկվայում հայ նշանավոր բանաստեղծ և գրականագետ Պարույր Սևակի և թարգմանչուհի Նելլի Մենաղարաշվիլիի ընտանիքում։ 1975-1980 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ 1983 թ․ ավարտել է ասպիրանտուրան և անցել դասախոսական աշխատանքի։ Մինչև 2023 թվականը հայ նորագույն գրականություն է դասավանդել հայ բանասիրության ֆակուլտետի բակալավրիատում և մագիստրատուրայում։ 1990 թ․ պաշտպանել է ատենախոսություն «Դ. Դեմիրճյանի պատմագեղարվեստական ստեղծագործությունը» թեմայով և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Ա․ Ղազարյանը հեղինակ է Դ․ Դեմիրճյանի, Վ․ Դավթյանի, Պ․ Սևակի ստեղծագործությանը վերաբերող բազմաթիվ հոդվածների։ Կազմել և հրատարակել է Պարույր Սևակի անտիպ երկերն ամփոփող մի շարք ժողովածուներ։

1990-ական թվականներից Արմեն Ղազարյանը կրթական, գիտական և կազմակերպչական ղեկավար աշխատանք է կատարել նաև ՀՀ ներքին գործերի նախարարության կրթահամալիրի ակադեմիայում։ Ոստիկանության գնդապետ էր։

Արմեն Ղազարյանը հրաշալի գործընկեր էր, բարի և սիրված դասախոս։ Նա նաև ընտանիքի օրինակելի հայր էր, Պարույր Սևակի տոհմի պահապանն ու շարունակողը։

Ամբիոնի, հայ բանասիրության ֆակուլտետի և մայր բուհի անունից ցավակցում ենք մեր սիրելի գործընկերոջ հարազատներին, տիկնոջը և որդիներին։

ՕՐԵՐ ամսագրի խմբագրակազմը խորապես ցավակցում է հանգուցյալի տիկնոջը՝ Գայանե Դանիելյանին, որդիներին ու բոլոր հարազատներին։

Աստված հոգին լուսավորի։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում