Դուրուֆլեի «Ռեքվիեմը» հնչեց Պրահայում՝ մաեստրո Հայկ Ութիջյանի ղեկավարությամբ

  • 25.04.2024
  • 0
  • 482 Views

Ապրիլի 23-ին Պրահայի Կարլի համալսարանի մեծ դահլիճում՝ Կարոլինիումում հնչեց ֆրանսիացի հայտնի կոմպոզիտոր Մարիուս Դուրուֆլեի «Ռեքվիեմը», որն առաջին անգամ էր կատարվում այս սրահում։ Համալսարանական երգչախմբի եւ նվագախմբի հիմնադիր ղեկավար, դիրժիոր Հայկ Ութիջյանն իր ներածական խոսքում նշեց, որ դեռեւս ուանողական տարիներին է ծանոթացել Դուրուֆլեի ստեղծագործությանը, եւ 1986 թվականին, կոմպոզիտորի մահվան տարին, առաջին անգամ մասնակցել է «Ռեքվիեմի» կատարմանը իբրեւ բաս-բարիտոն երգիչ։ Կարոլինիումի կատարմանը միացել էին նաեւ փայլուն երգեհոնահար Լուկաշ Դվորժակը եւ մեցցո-սոպրանո Պետրա Վոնդրովան, իսկ բարիտոնի բաժինը կատարեց երգչախմբի անդամ Յիրժի Վանիչեկը։

Նախ պետք է ընդգծել, որ ինչպես մաեստրոն նշեց իր ներածական խոսքում, այս «Ռեքվիեմում» նկատելի էին Ռավելի ու Դեբյուսիի ազդեցությունը, միեւնույն ժամանակ մեծ էին հոգեւոր երաժշտության երանգները։

Մաեստրո Ութիջյանի հմուտ ու ժրաջան աշխատանքի շնորհիվ բավականին երիտասարդ երգչախումբը կարողացավ դառնալ կատարման հիմնական տանող ուժը՝ առանց վրիպումների ներկայացնելով հետաքրքիր ալեկոծումներով այս գործը։ Իհարկե, չենք կարող չնշել երգեհոնահար Դվորժակի գեղեցիկ ու սահուն կատարումը։ Ըստ էության երգչախումբն ու երգեհոնը դարձան «Ռեքվիեմի» շարժիչ ուժը։ Միայն վոկալ կատարումների ժամանակ զգացվեց նաեւ փոքր կամերային նվագախմբի հնչեղ կատարումը, որին, իհարկե, մշտապես ուղեկցում էր երգեհոնը։

Duruflé Requiem (youtube.com)

Դահլիճը  կատարումը գնահատեց ջերմությամբ ու չդադարող ծափահարություններով։

Ու թեեւ ազդագրերում ոչ մի հիշատակում չկար Հայոց ցեղասպանության տարելիցի մասին, սակայն դահլիճում գտնվող հայերիս համար այն նաեւ մեր սրբադասված նախնիների հիշատակի համար հնչեց՝ մինչեւ երկինք հասցնելով «Ռեքվիեմի» զգայացունց մեղեդիները։

Հ. Ա.

ՕՐԵՐ

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում