Ցուցարարները Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում ճանապարհներ են փակում. Իրավիճակը լարված է Տավուշում

  • 25.04.2024
  • 0
  • 375 Views

Ցուցարարները Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում ճանապարհներ են փակում։ Մասնավորապես, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների` փակ են Երևան-Թբիլիսի, Երևան-Գյումրի, Երևան- Մարտունի և Երևան- Մեղրի ավտոճանապարհները։ Քաղաքացիների բողոքը սահմանազատման դեմ է։ Ոստիկանները հորդորում են բացել ճանապարհները։

2024 թվականի ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Տավուշի մարզում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հաղորդում է Հանրային ռադիոն (armradio.am)։

Ազգ թերթն իր հերթին տեղեկացնում է, որ այս պահին իրավիճակը լարված է մնում Տավուշում։

news.am-ն էլ գրում է՝ Երևան-Մեղրի ճանապարհի Տիգրանաշենի հատվածում քաղաքացիների բողոքի ակցիայի ժամանակ իրավիճակը քիչ առաջ լարվեց, ոստիկանները թույլ չէին տալիս, որ քաղաքացիները, որոնք իրենց աջակցությունն էին հայտնում տավուշեցիներին, փակեն ճանապարհը: Ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն տեղի ունեցավ: Ի վերջո, ոստիկանները ուժ գործադրելով մեքենա նստեցրին ակցիայի մի քանի մասմնակիցների՝ այդ թվում ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանին, և բերման ենթարկեցին  նրանց: Նշենք, որ քաղաքացիները Երևան-Մեղրի ճանապարհը փորձում էին փակել՝ ի նշան աջակցության Տավուշի մարզի 4 գյուղերի բնակիչների, որոնք հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հետևանքով կորցնելու են տարածքներ և հայտնվելու են ավնտանգային առումով խիստ խոցելի վիճակում: Քաղաքացիների հետ են նաև ԱԺ պատգամավորներ Արթուր Սարգսյանը և Աղվան Վարդանյանը։

Բացի այս հատվածից, այսօր քաղաքացիները փակել են նաև Երևան-Գյումրի մայրուղին՝ Ալագյազի հատվածում, Երևան-Վարդենիս ճանապարհը՝ Մարտունու  հատվածում: Հիշեցնենք, որ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր:

panorama.am-ն էլ գրում է, որ Երևանի կենտրոնական փողոցներում լարված իրավիճակ է։ Քաղաքացիներ, հասարակական, քաղաքական գործիչներ ինքանաբուխ ակցիաներ են իրականացնում՝ փակելով փողոցներ, խաթարելով երթևեկությունը։ «Նիկոլ ցեղասպան, Նիկոլ հողատու, երկիրը տվել են թուրքին»,-բացականչում են ակցիայի մասնակից կանայք։
Դիմելով բողոքի վայր հասած ոստիկաններին՝ մասնակիցները նրանց հորդորում են. «Նիկոլ ջրաղացին ջուր չլցնեք»։

Yerkir.am-ն էլ գրում է, որ քաղաքացիները փակել են Երևան-Բավրա միջպետական ճանապարհահատվածի Հոռոմի խաչմերուկը՝ հաջակցություն Տավուշում պայքարող հայրենատեր քաղաքացիների։ Այսպիսով՝ փակ է նաև Վրաստան տանող այլընտրանքային ճանապարհը։ Նշենք, որ այնտեղ է նաև ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։
«Անհնազանդության գործողություն ենք իրականացնում Շիրակի մարզում, փակել ենք Երևան- Գյումրի միջպետական ճանապարհը։ Մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում երկրում տիրող վիճակի, իշխանության դավաճանական քաղաքականության արդյունքում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ  և, առաջին հերթին, մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում  Տավուշի մեր քույրերին ու եղբայրներին։ Պայքարը շարունակելու ենք, պայքարն ավելի ենք  թեժացնելու մինչև  չհասնենք մեր վերջանական նպատակին՝ հեռացնենք այս իշխանություններին և կանխենք նրանց ազգակործան գործողությունները։ ՀՀ-ում ոչ մի սանտիմետր հող չունենք զիջելու թշնամուն»,-իր տեսաուղերձում ասաց Մհեր Մելքոնյանը։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում