Երեկ Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդես են եկել մամուլի համատեղ հայտարարությամբ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան –
Մեծարգո՛ նախագահ,
Հարգելի՛ ներկաներ,
Ուրախ եմ ողջունել Ղազախստանի Հանրապետության նախագահին և նրա ղեկավարած ներկայացուցչական պատվիրակությանը՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում:
Այցը կարևոր նշանակություն ունի Հայաստանի և Ղազախստանի միջև բազմաոլորտ համագործակցության հետագա զարգացման համար: Այս համատեքստում, մենք անդրադարձել ենք ավանդաբար հագեցած և դինամիկ զարգացող երկկողմ օրակարգին և քննարկել այն առավել ընդլայնելուն ու որակապես նոր մակարդակի հասցնելուն ուղղված մեր համատեղ քայլերը:
Ցանկանում եմ գոհունակությունս հայտնել մեր պետությունների և ժողովուրդների միջև առկա՝ բազմադարյա պատմություն ունեցող և փոխադարձ հարգանքի ու բարեկամության վրա խարսխված ջերմ հարաբերությունների առնչությամբ:
Հատկանշական է, որ այս այցը տեղի է ունենում մեր երկրների համար խորհրդանշական ժամանակահատվածում. այս տարի լրանում է Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև «Բարեկամության և համագործակցության մասին» պայմանագրի 25-ամյակը:
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը ևս մեկ անգամ վերահաստատվեց քիչ առաջ մեր կողմից ստորագրված համատեղ հայտարարությամբ, որն ուղենշային դեր ունի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և դրանց նոր ազդակներ հաղորդելու տեսանկյունից:
Շնորհակալություն եմ հայտնում ղազախստանյան պատվիրակությանը՝ գործընկերային և կառուցողական մթնոլորտում կայացած անկեղծ և փոխշահավետ շփումների համար, որոնց ընթացքում հնարավորություն ունեցանք ամփոփելու վերջին շրջանում Հայաստանի և Ղազախստանի ամենատարբեր ուղղություններով իրականացված ինտենսիվ աշխատանքների արդյունքները, ինչպես նաև ուրվագծելու մեր համապարփակ օրակարգի առաջնահերթությունների առաջմղման ուղիները:
Այսօրվա բանակցություններում ընդգծել ենք երկու պետությունների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի՝ ապրիլի 2-ին կայացած 10-րդ հոբելյանական նիստի, ինչպես նաև օրերս Երևանում կազմակերպված գործարար համաժողովի անցկացումը: Այս համատեքստում, գործընկերոջս հետ նախանշել ենք տնտեսական փոխգործակցության բազմաբնույթ օրակարգի հետագա ընդլայնման հնարավորությունները՝ միտված նոր հեռանկարային ուղղությունների բացահայտմանն ու փոխշահավետ նախագծերի իրագործման միջոցով երկու պետությունների միջև համագործակցության ամրապնդմանը, այդ թվում՝ տրանսպորտային-լոգիստիկ ոլորտում:
Մենք համակարծիք էինք, որ, չնայած երկկողմ առևտրաշրջանառության ծավալների շարունակական աճին, Հայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված ներուժ՝ զարգացնելու առևտրատնտեսական համագործակցությունը, խթանելու ներդրումները, զարգացնելու ենթակառուցվածքային կապերն ու առևտուրը: Այս առումով ողջունում ենք ղազախստանյան գործարար առաքելության՝ վերջերս Հայաստան կատարած այցը:
Ղազախստանի նախագահի հետ քննարկել ենք նաև կրթական, մշակութային, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության առկա հեռանկարները, ինչպես նաև ապակենտրոնացված համագործակցության հնարավորությունները:
Ուրախությամբ պետք է փաստեմ, որ քննարկվում է փոխադարձության սկզբունքով Աստանայում հայ գրերի գյուտի հեղինակ սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան պուրակի և Երևանում ղազախ բանաստեղծ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի անվան պուրակի հիմնումը:
Իհարկե, անդրադարձել ենք նաև Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովման հետ կապված իրավիճակին։ Գործընկերոջս ներկայացրել եմ Ադրբեջանի հետ բանակցությունների վերջին զարգացումները՝ վերահաստատելով Հայաստանի կառավարության՝ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղություն հաստատելու պատրաստակամությունը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդեն իսկ համաձայնեցված երեք սկզբունքների հիման վրա: Դրանք են՝ Ղազախստանի Ալմա-Աթա քաղաքում 1991 թվականի դեկտեմբերի 21-ին ընդունված հռչակագրի դրույթների հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը և Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացի իրականացումը, ինչպես նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը՝ պետությունների ինքնիշխանության և իրավազորության հարգման, փոխադարձության ու հավասարության սկզբունքների հիման վրա։ Վերջինիս համատեքստում անդրադարձել ենք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որի կյանքի կոչումը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում:
Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ հավելել, որ մեր համանման դիրքորոշումը պետությունների ինքնիշխանության և անկախության վերաբերյալ, ինչպես նաև երկուստեք հետաքրքրվածությունը տարածաշրջանային ենթակառուցվածքների և տրանսպորտային կապուղիների դիվերսիֆիկացման հարցում պարարտ հող են ստեղծում վերոնշյալ ուղղությամբ համատեղ աշխատանքի ակտիվացման համար:
Մեծարգո՛ նախագահ,
Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Հայաստան կատարած Ձեր այցի և այսօրվա արդյունավետ բանակցությունների համար ու սիրով խոսքը փոխանցում եմ Ձեզ:
Շնորհակալություն:
Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաև –
Հարգարժան Նիկոլ Վովայի Փաշինյան,
Հարգարժան տիկնայք և պարոնայք,
Ուզում եմ նախևառաջ մեծ շնորհակալություն հայտնել վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին Հայաստան ինձ հրավիրելու և հյուրընկալության համար: Ես առաջին անգամ եմ այցելում պաշտոնական այցով Երևան՝ որպես Ղազախստանի նախագահ և արտահայտում եմ իմ երախտագիտությունը Հայաստանի ժողովրդին, որը ջերմորեն ողջունեց Ղազախստանի պատվիրակությանը:
Մենք հատուկ հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի հինավուրց պատմությանը, հարուստ մշակույթին և ավանդույթներին: Հայաստանը շատ կարևոր և վստահելի գործընկեր է Ղազախստանի համար Հարավային Կովկասում: Մեր հարաբերությունները հիմնված են անքակտելի բարեկամության և օժանդակության վրա: Երկկողմանի կապերի ակտիվացումը մեր համատեղ նպատակն է: Մեր նպատակները և շահերը տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության ամրացման տեսանկյունից համընկնում են:
Այս տարի 25-րդ ամյակն է այն օրվանից, ինչ ստորագրվեց Բարեկամության և համագործակցության պայմանագիրը երկու երկրների միջև: Այդ ընդհանուր ժամանակահատվածում Աստանայի և Երևանի միջև կուռ հիմքեր դրվեցին երկարաժամկետ փոխշահավետ գործընկերության համար:
Մենք հետաքրքրված ենք Հայաստանի հետ համակողմանի գործընկերության հետագա զարգացմամբ, և այդ առումով այսօրվա այցն ինձ համար հատուկ նշանակություն ունի: Բանակցությունները Նիկոլ Վովայիի հետ ապացուցում են այն, որ մենք հետաքրքրված ենք պահպանելու ամենաբարձրագույն մակարդակում մեր գործընկերությունը:
Այսօր մենք մանրամասն քննարկեցինք բազմաթիվ արդիական օրակարգային հարցեր: Մենք հասանք կոնկրետ պայմանավորվածությունների: Պարոն Փաշինյանը քիչ առաջ դրան անդրադարձավ: Հատուկ ուշադրություն դարձրեցինք առևտրատնտեսական և ներդրումային կապերի ընդլայնմանը: Վերջին հինգ տարիների ընթացքում երկկողմ առևտրի ծավալն անշեղորեն աճում է, բայց երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ներուժը մինչև օրս լիաարժեք կերպով չի օգտագործվել: Եվ հենց այդ պատճառով մենք նպատակահարմար ենք համարում փոխադարձ առևտրի տեմպերն ավելացնել: Պետք է նոր ուղղություններ փնտրել, որոնք նոր խթան կհաղորդեն առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը: Մենք կոնկրետ միջոցներ պետք է ձեռնարկենք ավելացնելու արտահանման և ներմուծման ապրանքների ցանկը: Դրա համար առավելագույնս էֆեկտիվ պետք է օգտագործվեն գոյություն ունեցող հնարավորությունները: Ղազախստանը պատրաստ է Հայաստանի արտահանման ծավալը հասցնել 350 մլն դոլարի նշաձողին:
Պետք է ակտիվացնել հարաբերություններն արդյունաբերության, ֆինանսների, նորարարության, զբոսաշրջության, գյուղատնտեսության և այլ ասպարեզներում: Այս իմաստով ես առաջարկեցի հայկական կողմին իրականացնել մի շարք համատեղ ներդրումային ծրագրեր: Սա, մասնավորապես, ակտուալ է այսօրվա դժվարին աշխարհատնտեսական, աշխարհաքաղաքական իրավիճակում: Այս ուղղությամբ աշխատանքները միջկառավարական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են:
Բացի այդ մենք պետք է ակտիվացնենք գործարար շփումները: Այս քայլերը կնպաստեն գործարար խորհրդի անհապաղ ստեղծմանը՝ ամրացնելով կապերը երկու երկրների բիզնեսների ներկայացուցչությունների միջև: Սա նաև թույլ կտա բարելավել ներդրումային հարաբերությունները մեր երկու երկրների միջև: Տրանսպորտային լոգիստիկ սեկտորը նույնպես մեծ նշանակություն ունի համագործակցությունն ամրացնելու համար:
Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի ձգտումը՝ Հարավային Կովկասում վերականգնելու տրասնպորտային կապերը: Այդ իմաստով, ողջունում ենք մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը, որը կոչվում է «Խաղաղության խաչմերուկ»: Բացի այդ, մենք սատարում ենք մեր երկու երկրների, երկու մայրաքաղաքների և այլ քաղաքների միջև ուղղակի ավիափոխանակումների նախաձեռնությունը: Մենք քննարկեցինք ապրանքների ցանկի ընդլայնման հնարավորությունն ագրոարդյունաբերության ասպարեզում և դրանց մատակարարումը: Պետք է նաև թվային տեխնոլոգիաների ասպարեզում խթանել համագործակցությունը: Ղազախստանը հայ գործընկերների հետ մտադիր է այս կարևոր ասպարեզում փոխադարձ, համատեղ ծրագրեր իրականացնել:
Սիրելի տիկնայք և պարոնայք,
Մենք հատուկ նշանակություն ենք հաղորդում մշակութային և հումանիտար կապերի ամրապնդմանը: Այս տարի Ղազախստանում կանցկացվեն հայ մշակույթի օրեր: Սա կարևոր միջոցառում է, անխոս այն կմերձեցնի մեր ժողովուրդներին, մանավանդ, որ մենք կվերականգնենք մեր հոգևոր կապերը: Մենք նաև համաձայնության հասանք Հայաստանի մեծարգո վարչապետի հետ առ այն, որ Երևան քաղաքի փողոցներից մեկը կկոչվի Մեծն Աբայի անունով, իսկ Աստանայի փողոցներից մեկը կկոչվի հայոց այբուբենի հիմնադիր Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անունով: Բացի այդ, մենք ողջունեցինք հայկական տառերով գրված ձեռագրերն ուսումնասիրելու վերաբերյալ գիտական խումբ ստեղծելու նախաձեռնությունը: Այս նախաձեռնությունը կիրականացվի Եվրասիական ազգային համալսարանի և Երևանի պետական համալսարանի համատեղ ջանքերով:
Մեր բանակցությունների ընթացքում կարծիքներ փոխանակեցինք ռեգիոնալ և համաշխարհային օրակարգի ակտուալ հարցերի շուրջ: Ընդհանուր առմամբ, Ղազախստանը և Հայաստանը շարունակում են արդյունավետ համագործակցել բազմակողմանի կառույցների շրջանակներում: Արդեն ավանդույթ է դարձել փոխադարձ օժանդակություն տրամադրելը միմյանց նախաձեռնություններին: Ուզում եմ սա մեծ երախտագիտությամբ նշել: Մենք պայմանավորվեցինք հետայսու նույնպես ակտիվորեն համատեղ աշխատել, ակտիվորեն մասնակցել խաղաղության ամրացման գործընթացին և կայունության կառուցմանը: Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի ձգտումը՝ կնքել խաղաղության համաձայնագիր:
Ինչպես քիչ առաջ նշեց մեծարգո վարչապետը, Ղազախստանը պատրաստ է առավելագույն օժանդակություն տրամադրել այս ուղղությամբ և իր հարթակը տրամադրել երկու երկրների միջև բանակցությունների համար: Մեր հիմնական նպատակն է՝ մերձեցնել մեր բարեկամական երկրները, բացել ճանապարհն անքակտելի, բարիդրացիական հարաբերությունների՝ այս տարածաշրջանում խաղաղության և կայուն զարգացման համար:
Սիրելի լրագրողներ,
Մեր բանակցություններն անցան փոխադարձ ըմբռնման, վստահության մթնոլորտում: Սա նոր խթան կհաղորդի Ղազախստանի և Հայաստանի հարաբերություններին: Առիթից օգտվելով՝ ուզում եմ մեծարգո վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանին հրավիրել պաշտոնական այցով Ղազախստան: Վստահ եմ, որ այսօրինակ քայլերը կմերձեցնեն մեր ժողովուրդներին և կխորացնեն համագործակցությունը:
Շնորհակալություն ուշադրության համար:

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել են համատեղ հայտարարություն. երկու երկրների միջև ստորագրվել են այլ փաստաթղթեր ևս
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիպումից հետո ստորագրել են համատեղ հայտարարություն:
Ղազախստանի Հանրապետության նախագահի ՀՀ կատարած պաշտոնական այցի արդյունքներով ստորագրված համատեղ հայտարարությունում նշված է.
«Ղազախստանի Հանրապետության Նախագահ Կասիմ-Ժոմարտ Կեմելի Տոկաևը Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանի հրավերով 2024 թվականի ապրիլի 14-15-ը պաշտոնական այց է կատարել Հայաստանի Հանրապետությունում։
Հայաստանի Հանրապետության Վարչապետը և Ղազախստանի Հանրապետության Նախագահը՝
համակողմանիորեն ուսումնասիրելով հայ-ղազախական հարաբերությունների ողջ համալիրի վիճակը և զարգացման հեռանկարները,
հիմնվելով Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև պատմական կապերի, երկու երկրների ժողովուրդների բարեկամության ամուր կապերի և փոխգործակցության վրա,
հիմնվելով 1999 թվականի սեպտեմբերի 2-ի՝ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի անքակտելիության վրա,
ղեկավարվելով 1945 թվականի հոկտեմբերի 24-ի՝ ՄԱԿ-ի Կանոնադրության և 1991 թվականի դեկտեմբերի 21-ի` Ալմա-Աթայի հռչակագրի դրույթներով,
վստահ լինելով, որ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդումը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների հիմնարար շահերին,
ընդգծելով տարածաշրջանային ձևաչափերի շրջանակում և, ընդհանրապես, միջազգային ասպարեզում հետագա սերտ համագործակցության կարևորությունը,
ձգտելով Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև երկկողմ համագործակցության հետևողական զարգացմանը, կատարելագործմանը և բովանդակային համալրմանը,
հայտարարում են ներքոնշյալի մասին.
Հայաստանի Հանրապետությունը և Ղազախստանի Հանրապետությունը (հաջորդիվ՝ Կողմերը) շարունակելու են կառուցել իրենց հարաբերություններն ապագային միտված ռազմավարական համագործակցության հիման վրա՝ փոխադարձ վստահության ոգով, առաջնորդվելով ինքնիշխան հավասարության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության և փոխշահավետության, վեճերի խաղաղ կարգավորման և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներով,
Կողմերը կզարգացնեն կառուցողական և արգասաբեր փոխգործակցությունը երկկողմ հիմունքներով, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում՝ ի շահ երկու երկրների բարգավաճման և զարգացման, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատման և ամրապնդման,
Կողմերը կշարունակեն ջանքերը՝ ի շահ Եվրասիական տնտեսական միության շրջանակում գործընկերության խթանման և Անկախ Պետությունների Համագործակցության՝ արդի իրողություններին ադապտացման ուղղությամբ,
Կողմերը, հաշվի առնելով միջազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովմամբ երկու պետությունների հետաքրքրվածությունը, շարունակելու են փոխգործակցության երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությունը պաշտպանության ոլորտում,
Կողմերը համոզված են, որ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության փոխգործակցության խորացումը՝ հիմնված փոխադարձ շահերի հաշվառման, իրավահավասարության և ներքին գործերին չմիջամտելու վրա, ունի հիմնարար բնույթ,
Կողմերը հաստատում են իրենց փոխադարձ պարտավորությունները՝ զերծ մնալ մյուս Կողմի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված որևէ գործողություններին, միջոցառումներին, ինչպես նաև միություններին և դաշինքներին մասնակցելուց,
Հայաստանի Հանրապետությունը և Ղազախստանի Հանրապետությունը հանդես են գալիս բոլոր հակամարտությունների՝ բացառապես խաղաղ միջոցներով շուտափույթ լուծման օգտին՝ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ-ի Կանոնադրության դրույթների հիման վրա,
Կողմերը բարձր են գնահատում Հայաստանի Հանրապետությունում և Ղազախստանի Հանրապետությունում իրականացվող բարեփոխումներն ու միջոցառումներն՝ ուղղված օրենքի գերակայության, հիմնարար ազատությունների և սոցիալական արդարության ամրապնդմանն՝ իբրև Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության ժողովուրդների բարեկեցության բարձրացման նպատակով կայուն և հաստատուն սոցիալ-տնտեսական զարգացման անհրաժեշտ պայմաններ:
Հայաստանի Հանրապետությունը և Ղազախստանի Հանրապետությունը գոհունակությամբ նշում են կողմերի ջանքերը տրանսպորտային խոշոր նախաձեռնությունների առաջմղման ուղղությամբ և տրանսպորտային-տարանցիկ համագործակցության մեծ ներուժի առկայությունը, ընդգծում հաղորդակցության հնարավորությունների ընդլայնման և դրանց գործողության անխափանության կարևորությանը՝ համաձայն ինքնիշխանության և իրավահավասարության սկզբունքների և հաշվի առնելով կողմերի իրավազորություն ու օրենսդրությունը, միջազգային համաձայնագրերի և պայմանագրերի դրույթները:
Ղազախստանի Հանրապետությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության ջանքերն՝ միտված Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը, այդ թվում՝ նշելով Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը, որն ուղղված է տարածաշրջանի բոլոր երկրների տրանսպորտային փոխշահավետ համագործակցությանը:
Կողմերը ողջունում են Երևանի և Աստանայի միջև կանոնավոր ուղիղ օդային հաղորդակցության շուտափույթ հաստատումը:
Կողմերը դրական են գնահատում Երևանի պետական համալսարանի Աբայի անվան ղազախական լեզվի, պատմության և մշակույթի կենտրոնի գործունեությունը, ընդգծում Լ.Ն. Գումիլյովի անվան Եվրասիական ազգային համալսարանում հայոց լեզվի, պատմության և մշակույթի համար մշակութային հարթակի հատկացման կարևորությունը:
Կողմերը լի են վճռականությամբ՝ կենսագործելու Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի սկզբունքները և դրույթներն՝ ի շահ համատեղ բարգավաճման և երկու երկրների քաղաքացիների ներկա և գալիք սերունդների ամուր բարեկամության:
Այս նպատակով Կողմերը մտադիր են.
պահպանել բարձր և բարձրագույն մակարդակով կանոնավոր շփումները, խորացնել փոխշահավետ համագործակցության ամրապնդման նպատակով՝ միջգերատեսչական գործնական փոխգործակցությունը,
զարգացնել տեղեկատվական անվտանգության, ինչպես նաև ահաբեկչության դեմ հակազդման, թմրանյութերի ապօրինի շրջանառության, անդրսահմանային կազմակերպված հանցավորության, արդի այլ մարտահրավերների և սպառնալիքների ոլորտներում երկկողմ համագործակցությունն այն միջազգային պայմանագրերի հիմքով, որոնց մասնակից են Հայաստանի Հանրապետությունը և Ղազախստանի Հանրապետությունը: Այս նպատակով՝ Կողմերը խորացնելու են փոխգործակցությունն երկու երկրների անվտանգության խորհուրդների, պաշտպանական և իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների գծով,
հատուկ նշանակություն տալ համագործակցության միջկառավարական խմբերի գործունեությանն, ինչպես նաև միջազգային տարբեր հարթակներում Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության խորհրդարանների փոխգործակցությանը,
առաջնային ուշադրություն տրամադրել տնտեսական փոխշահավետ համագործակցության խորացմանը: Այս նպատակով՝ պատրաստ են ապրանքաշրջանառության ծավալների աճին առավելագույն աջակցություն ցուցաբերելու ճանապարհով նպաստել առկա առևտրատնտեսական ներուժի իրացմանը, վառելիքաէներգետիկ ոլորտում, տրանսպորտի և հաղորդակցության բնագավառում, նորարարությունների և տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, լեռնամետալուրգիական և վերամշակող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ բնագավառներում գործակցության խորացմանը,
շարունակել համակարգային աշխատանքը տնտեսական համագործակցության հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի շրջանակում, այդ թվում՝ ամենամյա նիստերի կազմակերպման և անցկացման միջոցով: Կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ղազախստանի Հանրապետության Կառավարության միջև 2024-2025թթ. առևտրատնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզի իրականացման ուղղությամբ,
ընդլայնել Հայաստանի Հանրապետության մարզերի և Ղազախստանի Հանրապետության շրջանների միջև համագործակցությունը, նպաստել առևտրաարդյունաբերական ու մշակութային և հումանիտար ոլորտներում միջշրջանային համագործակցության զարգացմանը, խթանել տնտեսվարող և այլ սուբյեկտների միջև «հորիզոնական» ուղիղ կապերը,
դիտարկել բարձր տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության և թվայնացման այդ թվում՝ արհեստական բանականության ստեղծման, կանոնակարգման և կիրառման ոլորտներում փոխշահավետ համագործակցության և տեղեկատվության փոխանակման հնարավորությունները,
համակողմանիորեն նպաստել մշակույթի, գիտության, կրթության, առողջապահության ոլորտներում շփումների ընդլայնմանը, աջակցել մշակույթի և արվեստի կազմակերպությունների և գործիչների, հետազոտական կենտրոնների, ուսումնական հաստատությունների, զանգվածային լրատվության միջոցների միջև ուղիղ կապերի հաստատմանը,
անցկացնել Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի օրեր 2024թ. և Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի մշակույթի օրեր 2025թ.,
աջակցել մշակութային-հումանիտար կապերի զարգացմանն, այդ թվում՝ երկու երկրների տարածքում ապրող էթնիկ խմբերի լեզվական, մշակութային և կրոնական ինքնատիպությունը խթանելու միջոցով: Ապահովել նրանց լիարժեք մասնակցությունը սոցիալ-քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքին: Նպաստել Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության ժողովուրդների ավանդույթների և հոգևոր արժեքների նկատմամբ հետաքրքրությանը:
Հայաստանի Հանրապետության Վարչապետը և Ղազախստանի Հանրապետության Նախագահը վստահ են, որ երկու երկրների փոխհարաբերությունների զարգացման ներկա շրջափուլը միջպետական փոխգործակցության, բոլոր բնագավառներում կապերի ինտենսիվ խորացման լայն հեռանկար է բացում՝ ի շահ ազգային տնտեսության և մշակույթի համակողմանի զարգացման, ամուր խաղաղության, կայունության և անվտանգության ապահովման
Կողմերը վստահություն են հայտնել, որ կայացած բանակցությունները, դրանց ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները և պաշտոնական այցի ընթացքում ստորագրված փաստաթղթերը նոր լիցք կհաղորդեն տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության հետագա զարգացմանը և կծառայեն երկու երկրների ժողովուրդների շահերին:
Ղազախստանի Հանրապետության Նախագահ Կ.Կ. Տոկաևն անկեղծ երախտագիտություն է հայտնել Հայաստանի Հանրապետության Վարչապետ Ն.Վ. Փաշինյանին և ողջ հայ ժողովրդին ջերմ ընդունելության և հյուրընկալության համար և Հայաստանի Հանրապետության Վարչապետին հրավիրել է պաշտոնական այց կատարել Ղազախստանի Հանրապետությունում: Հրավերն երախտագիտությամբ ընդունվել է»:
Հաջորդիվ երկու երկրների ղեկավարների ներկայությամբ, տեղի է ունեցել Հայաստանի և Ղազախստանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողություն:
Մասնավորապես, ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև միգրացիայի ոլորտում համագործակցության մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին» համաձայնագրերը: Այն ստորագրել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուն:
Ստորագրվել են «2006 թվականի նոյեմբերի 6-ի՝ «Հայաստանի կառավարության և Ղազախստանի կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրություն, «Հայաստանի և Ղազախստանի ավիացիոն իշխանությունների միջև փոխըմբռնման հուշագիր»: Այն ստորագրել են Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Ղազախստանի տրանսպորտի նախարար Մարատ Կարաբաևը:
«Հայաստանի Հանրապետության Արմավիր և Ղազախստանի Հանրապետության Մանգիստաու մարզերի միջև համագործակցության», «Վանաձոր և Շիմկենտ քաղաքների միջև համագործակցության և քույր քաղաքներ դառնալու մասին» հուշագրերը ստորագրել են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Հայաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպան Բոլատ Իմանբաևը:
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Հայաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպան Բոլատ Իմանբաևը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ղազախստանի Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարարության միջև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում 2024-2026 թվականների համագործակցության վերաբերյալ» ծրագիր:
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրացիայի նախարար Արման Շակկալիևը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական համագործակցության 2024-2025 թվականների» ճանապարհային քարտեզ:
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և Ղազախստանի Հանրապետության թվային զարգացման, նորարարությունների ու օդատիեզերական արդյունաբերության նախարար Բագդատ Մուսինը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության և Ղազախստանի Հանրապետության թվային զարգացման, նորարարությունների ու օդատիեզերական արդյունաբերության նախարարության միջև տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Աստանայի ակիմ Ժենիս Կասիմբեկը ստորագրել են «Երևան և Աստանա քաղաքների միջև համագործակցության և քույր քաղաքներ դառնալու մասին» համաձայնագիր:



