Իսրայելի հայ համայնքում երկրի ուղղությամբ Իրանի լույս ապրիլի 14-ի հարվածի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է «Իսրայելահայեր» թերթի հիմնադիր Արտյոմ Չերնոմորյանը։
«Աստծուն փառք, զոհեր ու վիրավորներ մեր համայնքը չունի։
Ապրիլի 13֊14 գիշերն Իրանը արձակել էր 185 անօդաչու թռչող սարք, 110 բալիստիկ հրթիռ (երկիր-երկիր) և 36 թևավոր հրթիռ։ Հրթիռների մեծ մասն արձակվել էր Իրանից, մի մասը՝ Իրաքից և Եմենից:
Տագնապները հնչել էին երկրի մի քանի տասնյակ շրջաններում՝ հիմնականում հյուսիսում, Նեգևում, հարավային և երկրի արևելյան շրջաններում, կենտրոնը համեմատաբար հանգիստ էր:
Հրթիռի բեկորներից ծանր վիրավորվել է Նեգևում գտնվող բեդվինական համայնքից մի յոթնամյա աղջիկ:
Բալիստիկ հրթիռների ճնշող մեծամասնությունն ոչնչացվել են Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։
Անօդաչուների մեծ մասը խոցվել են Իսրայելի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Հորդանանի ինքնաթիռների կողմից:
Տեսանյութում Երուսաղեմի Ալ Ակսայի մզկիթի գլխավերևում խոցվող հրթիռներն են։
Տեղի են ունեցել նաև երկրի ներսում ահաբեկչական հարձակումներ։
Թիկունքի ծառայությունը երեկվանից չեղարկել է բոլոր ճամբարներն ու հավաքները, կրթական բոլոր հաստատությունները փակ են ոչ միայն արձակուրդի պատճառով։ Ցույցերն ու հավաքներն արգելված են։
ԱՄՆ նախագահն ու Իսրայելի վարչապետը քննարկել են դաշնակիցների հետագա անելիքները»,- գրել է Արտյոմ Չերնոմորյանը։
Նախապես Արմենպրեսը հաղորդել էր, որ Իսրայելի ավիացիոն իշխանությունները հայտարարել են երկրի օդային տարածքը փակելու մասին Իրանի կողմից ԱԹՍ-ներով հարձակման պատճառով։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Jerusalem Post-ը։
Նշվում է, որ Իսրայելի պետական հեռուստաընկերությունը հայտարարել է, որ Իրանը հարձակում է սկսել Իսրայելի դեմ։
Իրաքի պետական հեռուստաալիքը հայտնել է, որ Իրաքը ևս փակել է իր օդային տարածքը։
Իրանի կողմից հարձակումը հաստատել է նաև Իսրայելի պաշտպանության բանակը։
Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Դանիել Հագարին հայտարարել է, որ իրանական ԱԹՍ-ները Իսրայելի տարածք կհասնեն 7-9 ժամում։
Jerusalem Post-ը գրում է, որ Իրանը հարյուրավոր ԱԹՍ-ներ է ուղարկել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ պատրաստ է դրանք ոչնչացնելուն։
Հարձակման սպառնալիքի պատճառով Իսրայելում փակվել են բոլոր կրթական հաստատությունները։ Երկրի պաշտպանության բանակի խոսնակը հայտարարել է, որ առաջիկա օրերին կրթական հաստատությունները չեն գործի, պլանավորված ճամփորդությունները չեն կայանա, չեն թույլատրվի նաև 1000 հոգուց ավել մարդկանց մասնակցությամբ հանրային միջոցառումները։
Իսրայելի իշխանությունները քաղաքացիներին հրահանգել են զգոն լինել և օդային տագնապի ազդանշանը լսելուց անմիջապես հետո գնալ ապաստարաններ։
Իրանի հարձակման մասին լուրերի տարածումից որոշ ժամանակ անց հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ հայտարարելով, որ Իսրայելի պաշտպանական համակարգերը պատրաստ են դիմակայել Իրանի հարձակմանը։ Նեթանյահուն շեշտել է, որ իրենք պատրաստ են ցանկացած սցենար՝ թե պաշտպանողական, թե հարձակվողական։
Իսրայելի վարչապետը նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և այլ երկրների՝ իրենց կողքին լինելու համար։
Այն բանից հետո, երբ Իսրայելը հարված էր հասցրել Սիրիայում Իրանի հյուպատոսության շենքին,Իրանը հայտարարել էր, որ Իսրայելն անպայման պատասխան է ստանալու։ Ապրիլի 12-ին Իրանի արտսաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել էր, որ Իրանի պատասխանը կլինի սահմանափակ։
orer.eu