ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գեղարդ» նորաստեղծ գիտավերլուծական հիմնադրամի, «Օրբելի» կենտրոնի ու ԵՊՀ-ի համատեղ ջանքերով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է երկօրյա գիտաժողովը, որ շարունակությունն է նախկինում ԳԱԱ-ում կազմակերպված հայագիտական ու միջազգային երկու համաժողովների։ «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ. պատմամշակութային առնչություններ» թեմայով գիտաժողովին մասնակցում են բազմաթիվ պատվիրակներ (փորձագետներ, պատմաբաններ, գիտնականներ) աշխարհի տարբեր երկրներից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը ողջույնի խոսքում նշեց, որ Հայոց պատմության վերաբերյալ ստեղծվել է պատկառելի ժառանգություն, արձանագրված են ձեռքբերումներ, բավականին շատ է խոսվել ու գրվել և դեռ շարունակվելու է խոսվել ու գրվել Հայաստանի ու հայ ժողովրդի ունեցած ավանդի, համաշխարհային պատմության համատեքստում նրա ներդրումների ու դերակատարության մասին։
«Սակայն պետք է արձանագրել, որ բազմապատկված մարտահրավների պայմաններում զգալիորեն ավելացել են նաև հակագիտական դրսևորումները, որոնք նույնպես վտանգավոր են դարձել, ուստի այդ ամենին հակազդելու նպատակով գիտաժողովի ընթացքում բազմաթիվ նոր տեղեկություններ կբերվեն, վեր կհանվեն ու կբացվեն նոր շերտեր Հայաստանի ու հայ ժողովրդի հարևան պետությունների ու ժողովուրդների հետ առնչությունների վերաբերյալ, կկարևորվի Հայաստանի ունեցած դերը տարածաշրջանում, արժանագույնս կգնահատվի հայ ժողովրդի դերն ու ազդեցությունը կովկասյան երկրների պատմության, մշակույթի բնագավառներում»,-ասաց Սաղյանը։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն իր հերթին նշեց, որ գիտաժողովի մասնակիցների մասնագիտական բարձր հեղինակությունը, ինչպես նաև լայն աշխարհագրությունը ցույց են տալիս, որ Հայաստանի, որպես քաղաքակրթության կարևոր կենտրոններից մեկի, վերաբերյալ գիտական քննարկումները կարևոր ու արդիական են մեր օրերում և վկայությունն են տարբեր սերունդների հայագետների նվիրումի, ջանքերի, ինչը հնարավոր է դարձրել հայագիտության շարունակականությունը ոչ միայն ՀՀ-ում, այլև բազմաթիվ այլ երկրներում։
«Նման գիտաժողովի անցկացումը կարևոր է հատկապես մեր օրերում, երբ Հայաստանը կանգնած է լուրջ անվտանգային խնդիրների առջև, երբ Հայաստանի ընտրությունը շատերի կարծիքով քաղաքակրթական ընտրություն է, հայտարարություն այն մասին, որ ինչպես դարեր ու հազարամյակներ շարունակ, այսօր էլ հայերը քաղաքակիրթ աշխարհի մասն են կամենում լինել, այն աշխարհի, որի կայացմանն ու ձևավորմանը մեծ նպաստ են բերել, այն աշխարհի, որի նվաճումների շարքը գրեթե բոլոր պատմական շրջափուլերում համալրել է հայ ժողովրդի տաղանդավոր ներկայացուցիչների միտքն ու ստեղծագործությունը։ Գիտաժողովի ծրագիրը ցույց է տալիս, թե որքան բազմազան ու ընդգրկուն են Հայաստանի և հայերի քաղաքակրթական ներկայությունն ու նվաճումների շերտերը։ Պատմություն, մշակույթ, հնագիտություն և ազգագրություն, ինքնություն ու տարածաշրջանային զարգացումներ, որոնք չեն դիտարկվում մեկուսի, այլ քննարկվում են քաղաքակրթական փոխառնչությունների, տարածաշրջանային գործընթացների շարժընթացի ու մարտահրավերների, կովկասյան ու մերձավորարևելյան տարածաշրջանի էթնիկ, կրոնական բազմազանության, հայկական մշակութային ժառանգության և բազմաթիվ այլ համատեքստերում»,-ասաց Հովհաննիսյանը։
Նա կարևորեց նաև այն պատասխանատվությունը, որով գիտաժողովի հարգարժան մասնակիցները մոտեցել են տարբեր հարցերի քննարկմանը և գիտաժողովում ներառված զեկույցները հենց այդ պատասխանատվության վկայությունն են և զգալիորեն հարստացնելու են հայագիտության ներկապնակը՝ սկիզբ տալով նոր գաղափարների ու հաստատելով կարևոր խնդիրների քննարկման նոր շրջանակ, իսկ արդյունքները նպաստելու են Հայաստանի առջև ծառացած տարբեր խնդիրների լուծմանն ու մարտահրավերների հաղթահարմանը։
Միջոցառմանը ներկա ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ Վիլեն Գաբրիելյանը նշեց, որ հազարամյակներ ի վեր հայ ժողովուրդն ապրելով և արարելով Հայկական լեռնաշխարհում՝ կերտել է իր վայրիվերումներով լեցուն պատմությունը, ստեղծել մի ուրույն և անկրկնելի մշակույթ, սակայն հայոց պատմությունն ու մշակույթը հանդես չեն գալիս որպես մեկուսի երևույթներ, այլ օրգանապես փոխկապակցված են պատմական ժամանակի տարածաշրջանային և համաշխարհային իրողությունների հետ։
«Պատմաաշխարհագրական պայմանների և հոգևոր ու աշխարհիկ ընկալունակության բնատուր տաղանդի շնորհիվ Հայաստանն իրապես վերածվել է քաղաքակրթական խաչմերուկի, որտեղ հանդիպել են Արևելքն ու Արևմուտքը։ Քաղաքակրթական փոխառնչությունները մեկ կամ երկու օրինակով չէ, որ բնութագրելի են, դրանք նախանշում են պատմության զարգացման ընթացքը։ Հայաստանի, որպես քաղաքակրթական հատումների կիզակետի, նշանակությունն ու կարևորությունը այսօր ավելի քան տեսանելի է։ Քաղաքակրթական առնչությունները միշտ չէ, որ խաղաղ ընթացք են ունեցել, և իր բնույթով խաղաղասեր հայ ժողովուրդը մեկ անգամ չէ, որ բախվել է համակեցության անհնարինության պատնեշին։ Նոր ժամանակների սկզբին հայոց պետականության բացակայությունը սկսեց նոր մարտահրավերներ ստեղծել հայության համար՝ օրակարգ բերելով հայկական պետության վերականգնման, ինքնիշխանության կերտման տեսլականը՝ ի դեմս այն պայքարի, որ մղեց հայ ժողովուրդն ամբողջ նոր և նորագույն ժամանակներում՝ ապահովելով իր բնականոն կենսագործունեության անօտարելի իրավունքը»,-ասաց Գաբրիելյանը։
Նրա դիտարկմամբ՝ այդ ժամանակաշրջանն իր հետ բերեց նաև այնպիսի ողբերգական իրողություններ, ինչպիսին է Հայոց ցեղասպանությունը, սակայն միայն արևմտահայությունը չէ, որին վիճակված էր կրել ցեղասպանության դառը իրողությունը։ Հավաքական արևելահայությունը 1905-06 թվականներին, սկսած հայ-թաթարական բախումներից, կանգնեց թաթարական, հետագայում ադրբեջանական գոյութենական սպառնալիքի առջև, որն արտահայտվեց 1918 թվականի սեպտեմբերին Բաքվի հայության կոտորածով, 1918-19 թվականներին Նախիջևանի հայության գրեթե ամբողջական հայրենազրկմամբ, 1920 թվականի մարտին Շուշիի հայության կոտորածով և նմանատիպ այլ իրողություններով։
«Խորհրդային ինտերնացիոնալիզմը սպասված խաղաղություն այդպես էլ չբերեց, այլ միայն ժամանակավորապես հետաձգեց այն խնդիրների բարձրաձայնումը, որոնց անարդարացի լուծումներն ընկան հայ-ադրբեջանական հակամարտության նորագույն փուլի հիմքում։ 20-րդ դարի վերջում հայության հսկայական զանգվածներ կրկին կանգնեցին գոյութենական վտանգի առջև՝ ի դեմս 1988 թվականի Սումգայիթի, 1990 թվականի Բաքվի, 1992 թվականի Մարաղայի և Ադրբեջանի տարածքում հայտնված հայկական կամ հայաբնակ այլ հատվածների էթնոցիդի։ Նշված ժամանակահատվածում Գարդմանի, Շիրվանի ու Նախիջևանի հայությունը ենթարկվեց Ադրբեջանի ռասիստական-խտրական քաղաքականությանը, աննկարագրելի դաժանություններով ուղեկցվող տեղահանության, հայրենազրկման և ունեզրկման։ Նրանք այն հայերի սերունդների ժառանգներն էին, ովքեր անչափելի ավանդ են ունեցել ժամանակին Բաքվի կառուցման ու զարգացման գործում և խորհրդանշում էին այդ քաղաքի սոցիալ-տնտեսական ու ինտելեկտուալ կարողությունների տեսակարար հատվածը»,-ասաց Գաբրիելյանը։
Նա վկայակոչեց մի փաստ, որի համաձայն՝ ադրբեջանցիների կողմից հողին հավասարեցված հայկական մշակութային կենտրոններից մեկի՝ Ջուղայի տեղում այսօր հրաձգարան է, և այդ արձանագրումն իր խորքում ամփոփում է տարածաշրջանում արժեքային համայնապատկերը։
«Մեր միությունը լիահույս է, որ այս գիտաժողովը կդառնա նաև բռնի տեղահանված հայերի ոտնահարված անօտարելի իրավունքների անհապաղ և երաշխավորված վերականգնման խնդրի բարձրաձայնման հարթակ»,-նշեց «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահը։
Վերջում «Գեղարդ» նորաստեղծ գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը հայտնեց, որ հայ ժողովրդի քաղաքակրթական ձեռքբերումների և արժեքների քննարկումը կարևոր է այն առումով, որ Հայաստանի, որպես քաղաքակրթական խաչմերուկի, դերն ու հայ ժողովրդի առնչությունները հարևանների հետ առավել քան արդիական են։
«Ուրախալի է այն փաստը, որ այս գիտաժողովը լայն արձագանք գտավ ոչ միայն հայաստանյան, այլև արտերկրի գիտական շրջանակներում։ Փաստորեն այս երկու օրերի ընթացքում Երևանը կդառնա լայնամասշտաբ հայագիտական, հասարակագիտական քննարկումների մեծ տարածաշրջանային հարթակ։ Գիտաժողովի անվանումը ոչ միայն հավակնոտ է, այլև պարտադրող, քանզի խոսք է գնում նախևառաջ քաղաքակրթական այն խաչմերուկի մասին, որը կարող է միավորել ժողովուրդներին ու պետություններին՝ կատարելով կամրջի դեր տարածաշրջանի համար, որը հնուց ի վեր հանդիսացել է քաղաքակրթական արժեքների առաջացման բնօրրան, որտեղից այդ արժեքները սփռվել են բոլոր ուղղություններով, և այդ ամենից անմասն չեն մնացել Հայկական Լեռնաշխարհն ու հայ ժողովուրդը։ Հարևանների հետ փոխառնչությունների շնորհիվ մենք ձևավորել ենք նաև մեր արժեքները, որտեղ կարևոր են նախևառաջ հարգանքն այլ ժողովուրդների ու մշակույթների նկատմամբ, սերը դեպի գիտությունն ու կրթությունը»,-ասաց Ղազարյանը։
Հակոբ Աբրահամյան, Գոռ Ծառուկյան, Վիլեն Գաբրիելյան, Հովհաննես Հովհաննիսյան, Վահրամ Դումանյան, Աշոտ Սաղյան
Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի
Մանվել Մարգարյան
Արմենպրես