Լուսանկարիչ Բազիկյանի բեռլինյան մտորումները՝ «Քաղաքային երազանքներ» ցուցահանդեսում

  • 20.03.2024
  • 0
  • 616 Views

Օրերս այցելեցի Բեռլինի ռուսական մշակույթի տուն։ Այստեղ Կանդինսկու անվան սրահում ցուցադրավում էին տարբեր ազգության 13 արվեստագետների 37 աշխատանքներ՝ գեղանկար, գրաֆիկա, լուսանկար, քանդակ և կարճամետրաժ տեսանյութեր։ Նրանց թվում է նաեւ մեր հայրենակից Վահե Բազիկյանը։

Ցուցահանդեսը, որ կոչվում է «Քաղաքային երազանքներ», բացվել է 2023 թվականի նոյեմբերի  17–ին և կգործի մինչև 2024 թվականի ապրիլի 30–ը։

«Տեղեկացա, որ այս մշակույթի կենտրոնը պատրաստվում էր ցուցահանդես կազմակերպել բեռլինյան քաղաքային կյանքը թեմայով։  Իրենց ուղարկեցի իմ նկարներից, ընտրեցին սրանք։ Մեկնաբանությունները, բնականաբար, ես եմ արել, թե որը ինչպես եմ տեսնում»,– մեզ հետ զրույցում պատմեց լուսանկարիչ Վահե Բազիկյանը։

Արվեստագետի այս շարքի գործերում մշտապես ներկա է մարդը։ Ամեն բան հյուսվում է մարդու միջոցով և նրա շուրջ։ Իբրև բանական էակ՝ նա է ձևավորում և ձևափոխում աշխարհը։ Ահա սա է արվեստագտետի հիմնական ասելիքը։

«Իմ դիտարկմամբ, մարդն ինքն է հենասյունը գիտության, երկնքի ու երկրի միջև։ Ամեն ժամանակահատվածն ունի իրեն բնորոշող ձևը։ Ես փորձում եմ այնպես նկարագրել, որ ցույց տամ՝ ամեն մի փոփոխության հիմքում մարդն է կանգնած։ Օրինակ՝ այս պատկերում այն մարդն է, որ փորձում է այնպիսի թափ հավաքել, որ կոտրելով հինը՝ անցնում  է նոր փուլ։ Այսինքն՝ ինքն է ստեղծում  իր նոր ժամանակը։ Սյունազարդ այս միջավայրում էլ՝ քայլող մարդը հեռվում է պատկերված, որովհետև ուզում եմ ցույց տալ, որ ժամանակակից մարդը շատ է հեռացել այդ դերից ու գիտակցությունից․ նոր տեխնոլոգիաները թուլացրել են այդ կապերը»,– իր խոսքում նշեց արվեստագետը։

Լուսանկարիչի մեկ այլ աշխատանքում պատկերված է չարի ու բարու համակեցությունը։ Նա ուզում է ցույց տալ, որ չարը միշտ կա, գալիս է ու վերջում իր գոյությամբ ավելի ընդգծում բարուն։ Ինչպես արվեստագետն է բնորոշում՝ այստեղ իրականում երկու հակամարտություն է, որ առանց մեկը մյուսի գոյություն ունենալ  չի կարող։ Մարդն ունի գիտակցություն և կարող է բարձրանալ, երբ չարի օգնությամբ կարողանա գիտակցել և ճանաչել բարուն․ «Եթե միայն բարին տիրի, չենք ճանաչի աշխարհը։ Այդ հակասությունները պիտի լինեն, որ տարբերությունը երևա»։

Զրուցակիցս պատմեց նաև, որ ցուցահանդեսի բացումից հետո լսել է նաև քննադատություններ, թե այս ժամանակներում ինչպես է կարողանում համագործակցել ռուսական կողմի հետ․ «Բացատրեցի, որ ես համագարծակցում եմ մշակույթի տան հետ, սա մշակույթ է, իսկ մշակույթը մնում է նույն բարձրության վրա և առանց մշակույթի հնարավոր չէ կյանքը պատկերացնել։ Ինչպես հայտնի գերմանացի քաղաքական գործիչն էր ասել՝ Բուլգհարդը, մշակույթը սնում է բոլոր ոլորտները։ Առանց մշակույթի անգամ պետություն չի կառուցվի, ամեն ինչի հիմքն է այն։ Բազմաթիվ օրինակներ կարելի է հիշել․ Հին Հունաստանում բժիշկները որոշ հիվանդների թատրոն նայելու դեղատոմս են գրել։ Այնպես որ, քաղաքականությունը չի կարելի խառնել մշակույթի հետ։ Եվ եթե քաղաքական դաշտն այս պահին լարված է, միևնույնն է հետագայում կարգավորող բանալին այստեղ են փնտրելու։ Այդ գանձը, պահել և փայփայել է պետք»,-եզրափակում է Վահե Բազիկյանը։

Գայանե Առաքելյան

Բեռլին

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում