Բնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանություն կազմակերպել. Ոսկեպարի զինղեկը՝ մանրամասներ է պատմել Փաշինյանի հետ հանդիպումից-news.am

  • 19.03.2024
  • 0
  • 327 Views

Ոսկեպարի և Բաղանիսի, Նոյեմբերյանի, Ոսկեւանի բնակիչները Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո քննարկում են անցկացրել եւ պատրաստակամություն հայտնել փակել ճանապարհները, կազմակերպել ինքնապաշտպանություն Տավուշի մարզի գյուղերը Ադրբեջանին հանձնելու դեպքում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց  Ոսկեպարի դպոցի զինղեկ Նվեր Բեգլարյանը:

«Մեր գյուղերի բնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանությոն կազմակերպել, չենթարկվել Նիկոլի որոշմանը եւ թիկունք կանգնելով զորքին, թույլ չտալ Ադրբեջանի առաջխաղացումը, որովհետեւ փաստը մնում է փաստ, որ վտանգավոր է նման բան թույլ տալը: Փաշինյանին մի քանի հոգու կողմից հարց տրվեց, որ դա վտանգավոր է ոչ միայն Հայստան- Վրաստան ճանապարհի փակման, այլ նաեւ Ոսկեպարի ու մի շարք գյուղերի անվտանգության համար: Փաշինյանը, ի պատասխան դրան, ասաց, որ մենք գնում ենք խաղաղության, եթե չգնանք խաղաղության Ադրբեջանը պատերազմ կսկսի Հայաստանի դեմ: Քանի, որ գիտեր՝ մեր ժողովուդրը Ադրբեջանից վախեցողը չի, Փաշինյանը ասաց, որ եթե խելոք չմնանք, Ադրբեջանի դեմ ոտնձգություն անենք, Թուրքիան կհարձակվի մեր վրա, այսինքն վախեցնելու միջոց է գտել էլի, որ եթե Ադրբեջանից չեք վախենում, Թուրքիայից վախեցեք»- պատմեց նա:

Բեգլարյանը նշեց, որ բնակիչները Փաշինյանին վտանգները ներկայացնելով ասել են, որ տարածքները հանձնելու դեպքում թշնամին  Ոսկեպարի բարձունքներում կհայտնվի եւ գյուղում բնակիչներ չեն մնա.«Բայց մեկ ա, Նիկոլի կովը պլաստմասսայից է, 100 լիտր էլ կաթ է տալիս, իր խաղաղության օրակարգն է առաջ տնում, թե  այդ խաղաղության օրակարգը  որտեղից է գալիս, պարզ է արդեն: Նա եկել էր ասել, որ այդ տարածքները հանձնում է հանուն խաղաղության: Իհարկե, հասկանում ենք, որ Ալիեւի ասածներին չի կարելի հավատալ, նամանավանդ, խաղաղության առումով: Փաշինյանի ասածների հետ ոչ մեկ համաձայն չէր, բոլորն էլ վրդովված դուրս եկան ու դրսում խոսակցութուն եղավ երկար, որի մի փոքր դրվագը հայտնվեց համացանցում»:

Զինղեկը նշում է, որ այս տարածքները ռազմավարական նշանակություն ունեն Հայաստանի համար, եւ այն խախտելու դեպքում այլեւս հնարավոր չի լինի այն վերականգնվել:

Բնակիչները նաեւ առաջարկել են այլ լուծումներ գտնել, փոխանակել հողեր, սակայն  Փաշինյանը անդրդվելի է մնացել:

«Բայց մեր գյուղի լինել-չլինելու հարցն է լուծվում: Ադրբեջանի նպատակը ոչ թե մի քանի գյուղ գրավելն է, այլ Հայաստանի 6 մարզ գրավելն է՝ Տավուշ, Լոռի, Գեղարքունիք, Սյունիք, Վայոց Ձոր, Արարատ, այսինքն Հայաստանը դառնում է 10 հազար քառակուսի կիլոմետրով ամորֆ մի մարմին»,- ասաց  նա:

Նշենք, որ մարտի 18-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարի մշակույթի տանը հանդիպում է ունեցել Ոսկեպարի, Բաղանիսի, Ոսկեվանի բնակիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Նոյեմբերյան խոշոր համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, Ոսկեվանի, Ոսկեպարի, Բաղանիսի վարչական ղեկավարները։

Աղբյուր՝ news.am

Բնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանություն կազմակերպել. Ոսկեպարի զինղեկը՝ մանրամասներ է պատմել Փաշինյանի հետ հանդիպումից (news.am)

Հիշեցնենք, որ Փաշինյանն իր խոսքում ասել էր՝

Ոսկեպարում ունեցած իր խոսքում վարչապետը նշել է. «Ինչպես նախկինում պայմանավորվել էինք, ասել էի, երբ ձեր բնակավայրի հետ կապված գործնական խնդիրներ կլինեն լուծելու՝ կգամ և անձամբ ձեզ հետ կքննարկեմ և կզրուցեմ: Ի՞նչ գործնական հարց եմ եկել ձեզ հետ քննարկելու: Խնդիրն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ: Ի՞նչ է նշանակում սահմանազատում և սահմանագծում ընդհանրապես, և կոնկրետ Հայաստանի Հանրապետության դեպքում: Դա նշանակում է գնալ և գետնի վրա տեղորոշել, թե որտեղ է սկսում Հայաստանի Հանրապետությունը: Բոլորս գիտենք, դուք ինձնից լավ գիտեք, թե որտեղ է սկսում կամ որտեղ է ավարտվում, դա նույն բանն է, նայած որ կողմից նայես Հայաստանի Հանրապետությունը»:

Վարչապետը ներկաներին ցույց է տվել Հայաստանի ուրվագիծը և նշել, որ այն մեր իմացած Հայաստանի Հանրապետությունն է: «Սահմանազատման և սահմանագծման գործընթացը հետևյալն է. սահմանագծման հանձնաժողովները պետք է գնան և տեղում որոշեն, թե որտեղ է սկսում Հայաստանի Հանրապետությունը, և դա պետք է դառնա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև պետական սահման:

Ինչո՞ւ ենք այս հատվածին անդրադառնում և ինչո՞ւ ենք հիմա եկել կոնկրետ Ոսկեպարի հետ այս հարցը քննարկում, որովհետև կան որոշ խնդիրներ, որոնց հետ կապված քննարկում կիրականացնենք: Արձանագրումը հետևյալն է. տեսնում ենք, որ սահմանազատման և սահմանագծման իրական գործընթաց կարող ենք սկսել այս՝ Բաղանիսից Բերքաբեր ընկած հատվածում:

Ի՞նչ առանձնահատկություն կա այստեղ: Գիտեք, որ Ադրբեջանը բարձրաձայնում է 4 գյուղերի մասին, 4 ոչ անկլավային գյուղերի մասին ենք դեռ խոսում: Գիտեք, որ մենք բարձրաձայնում ենք 31 գյուղերի մասին: Մենք բարձրացնում ենք այդ հարցը, իրենք բարձրացնում են այն հարցը: Եվ երբ մենք ուզում ենք այս քննարկումներում առաջ գնալ, անգամ եթե հենվում ենք այն տրամաբանության վրա, որ մենք 31 բնակավայր ունենք խնդրահարույց վիճակում, իրենք դրանից պակաս, Ադրբեջանն օգտագործում է մի այսպիսի փաստարկ, որ Հայաստանի Հանրապետության բնակավայրերից ոչ մեկի բուն տարածքն Ադրբեջանի վերահսկողության տակ չէ, այսինքն՝ գյուղի բնակելի տարածքն Ադրբեջանի վերահսկողության տակ չէ: Իրենք ի՞նչ են ասում, ասում են՝ եկեք փոխադարձաբար բնակավայրերի բուն տարածքներն ազատենք, հետո քննարկենք, խոսենք գյուղերի, բնակավայրերի կենսական նշանակության տարածքների մասին:

Իհարկե մենք հակադարձում ենք, ասում ենք, որ գյուղը միայն գյուղապետարանը չէ, գյուղը նաև նրա կենսական տարածքներն են, նկատի ունեմ այդ քննարկումների ժամանակ մենք բոլոր փաստարկները բերում ենք, և այդ փաստարկներն արդարացի են: Մեր քաղաքականությունն այն է, որ պետք է պատերազմ թույլ չտանք, մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում: Եվ այս է նաև պատճառը, որ որոշել ենք գնալ այս հատվածներում Հայաստանի Հանրապետության սահմանի ճշգրտման ու դա անում ենք ոչ միայն հանուն Հայաստանի Հանրապետության, այլև կոնկրետ Ոսկեպար գյուղի, Կիրանց գյուղի համար, որպեսզի ապահովենք այդ գյուղերի անվտանգությունը»,- նշել է վարչապետը:             

Հաջորդիվ նա պատասխանել է բնակիչներին հուզող բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերել են սահմանազատմանն ու սահմանագծմանը, ենթակառուցվածքներին, հնարավոր խնդիրներին ու դրանց լուծումներին: Փաշիյանը նշել է, որ հնչեցված բոլոր հարցերն ու նկատառումները հաշվի կառնվեն:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Ոսկեպար և Կիրանց բնակավայրերի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում կունենան Սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամների հետ՝ գործընթացի մասին տեղեկատվությունը կիսելու և առկա հարցերը քննարկելու նպատակով:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում