Փաշինյանը այցելել է Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, նախապես հանդիպելով նաեւ Ալ-Ազհարի Գերագույն Իմամ, շեյխ Ահմեդ Մուհամմադ Ալ-Տալիբի հետ

  • 06.03.2024
  • 0
  • 124 Views

Մարտի 6- ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Վարչապետին դիմավորել են Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աշոտ Եպիսկոպոս Մնացականյանը և Եգիպտոսում Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Գերապայծառ Գրիգոր Օգոստինոս Գուսանը: Վարչապետը կատարել է մոմառավառություն և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:

Հաջորդիվ վարչապետը առաջնորդարանում կարճատև հանդիպում է ունեցել Եգիպտոսի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող տարբեր հարցերի: Վարչապետն անդրադարձել է Եգիպտոսի բարձրագույն ղեկավարության հետ ունեցած հանդիպումների արդյունքներին, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին և այլ թեմաների:

orer.eu

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ալ-Ազհարի Գերագույն Իմամ, շեյխ Ահմեդ Մուհամմադ Ալ-Տալիբի հետ:

Վարչապետը կարևորել է Եգիպտոսում առկա կրոնական հանդուրժողականությունը և ընդգծել տեղի հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի փաստը: Նիկոլ Փաշինյանը ցավով է նշել, որ երբեմն փորձ է արվում կրոնն օգտագործել քաղաքական նպատակներով` հավելելով, որ դրա պատճառներից է նաև այն, որ մարդիկ երբեմն այդքան էլ լավ պատկերացումներ չունեն կրոնների մասին: Այս առումով, վարչապետը կարևորել է կառավարությունների դերը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է հայ ժողովրդի` իսլամի հետ հաղորդակցվելու երկար պատմությունը և իսլամական երկրներում հազարավոր հայերի ապաստան գտնելու փաստը: 

Նիկոլ Փաշինյանն Ալ-Ազհարի Գերագույն Իմամին է նվիրել Մատենադարանում պահվող 1719 թվականի Ղուրանի առաջին սուրահի կրկնօրինակը:

Ալ-Ազհարի Գերագույն Իմամ, շեյխ Ահմեդ Մուհամմադ Ալ-Տալիբը շնորհակալություն է հայտնել արժեքավոր նվերի համար և կարևորել հանդուրժողականության ու խաղաղության  ամրապնդումը նաև կրոնների միջոցով: Ահմեդ Մուհամմադ Ալ-Տալիբը պատրաստակամություն է հայտնել կազմակերպել Մատենադարանում պահվող արաբատառ ձեռագրերի ցուցահանդես` հավելելով, որ նմանատիպ միջոցառումները նպաստում են նաև հասարակությունների միջև խաղաղ գոյակցության հաստատմանն ու ամրապնդմանը:

Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ ՀՀ վարչապետի այցը կնպաստի Հայաստան-Եգիպտոս կապերի ամրապնդմանն ու առաջընթացին, այդ թվում` կրոնական կրթության և մշակույթի ոլորտներում: 

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում