
Սյունիքի մարզի Տեղ համայնքի հատվածում ՀՀ ՊՆ զինծառայողների կողմից փետրվարի 28-ի ժամը 05։15-ի սահմաններում հայտնաբերված, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանը հատած ադրբեջանական զինված ուժերի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովը, Հայաստանի Հանրապետության որոշմամբ, կհանձնվի ադրբեջանական կողմին։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից։
«Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Քննությամբ պարզվել է, որ ՀՀ պետական սահմանը հատած Ադրբեջանական Հանրապետության զինված ուժերի զինծառայողը ՀՀ ԶՈւ դիրքերի մոտակայքում հայտնվել է ադրբեջանական դիրքում զինծառայողների միջև տեղի ունեցած միջադեպից հետո փախուստի դիմելու և մոլորվելու հետևանքով:
Որպես բարի կամքի դրսևորում և ի կատարումն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև բարձրագույն մակարդակում ձեռք բերված պայմանավորվածության, որ երկու կողմերի մոլորված և հակառակ կողմում հայտնված զինծառայողները սեղմ ժամկետներում պետք է վերադարձվեն, Հայաստանի Հանրապետությունը որոշում է կայացրել Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովին հանձնել ադրբեջանական կողմին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելացնենք նաեւ, որ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով կատարված բազմաթիվ անհետաձգելի ապացուցողական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ պետական սահմանը հատած Ադրբեջանական Հանրապետության զինված ուժերի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովը 2024թ. փետրվարի 28-ին ՀՀ ԶՈւ դիրքերի մոտակայքում հայտնվել է ադրբեջանական դիրքում զինծառայողների միջև տեղի ունեցած միջադեպից հետո՝ փախուստի դիմելու և մոլորվելու հետևանքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի «Ֆեյսբուք»-ի էջը։
Նշվում է, որ, ելնելով վերոգրյալից՝ միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Ռուսլան Փենախովի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, որը բավարարվել է։
orer.eu