
Մարտի 11-ին 19.30-ին Պրահայի Ռուդոլֆինումի Դվորժակի դահլիճում ելույթ կունենա դանիաբնակ հանրահայտ դաշնակահար Մարիաննա Շիրինյանը։ Տաղանդավոր հայ դաշնակահարուհին հանես կգա Չեխիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ` կատարելով նորվեգացի հայտնի կոմպոզիտոր Էդվարդ Գրիգի դաշնամուրի եւ նվագախմբի համար կոնցերտը։ Դիրիժորական վահանակի մոտ կլինի էստոնացի անվանի դիրիժոր Օլարի Էլտսը։ Ի դեպ, համերգը նվիրվում է Չեխական ռադիոյի 100 ամյակին։
Համերգի նախօրեին Մարիաննա Շիրինյանը սիրով պատասխանեց ՕՐԵՐ-ի գլխավոր խմբագրի հարցերին։
-Սիրելի Մարիաննա, մեր նախորդ հարցազրույցից անցել է մոտ ութ տարի։ Ի՞նչ ստեղծագործական հաջողություններ եք գրանցել այս տարիներին, շարունակո՞ւմ եք դասավանդել Օսլոյի համալսարանում։
-Շնորհակալ եմ: Վերջին ութ տարիները լի են եղել համերգներով և ճանապարհորդություններով աշխարհի տարբեր անկյուններում՝ Եվրոպայից մինչև Ասիա, հետաքրքիր նախագծերով, փառատոններով և իհարկե, շարունակել եմ դասավանդել: Նվագել եմ Եվրոպական և Ասիական տարբեր նվագախմբերի հետ, նշեմ մի քանիսը՝ Մյունխեն, Հելսինկի, Կոպենհագեն, Թայվան, Հիրոշիմա: Ձայնագրել եմ 4 նոր ձայնասկավառակ, որոնք շատ դրական արձագանքի են արժանացել՝ շահելով մրցականներ, ևս 3 ձայնասկավառակ թողարկվելու են 2024-2025-ի տարեշրջանում:
Այս ընթացքում իմ երեխաները նույնպես ընտրեցին երաժշտության ճանապարհը և ունեն հաջողություններ, ինչն ինձ, իհարկե, շատ է ուրախացնում:
-Այն ժամանակ երազում էիք ձայնագրել Մոցարտի բոլոր դաշնամուրային կոնցերտները։ Ի վերջո, իրականացա՞վ այդ նախագիծը եւ ինչպիսի՞ ընդունելության արժանացավ։
-Այդ նախագիծն ամբողջականորեն չիրականացավ տարբեր պատճառներով։ Մենք միայն ձայնագրեցինք համար 12 և 23 կոնցերտերը Օդենսեի սիմֆոնիկ նվագախմբի հետ: Բայց մի քանի տարի առաջ ես ձայնագեցի Պրոկոֆևի թիվ 3 և Շոստակովիչի թիվ 2 դաշնամուրային կոնցերտները՝ Նորվեգիայի ռադիոյի նվագախմբի և նրանց գլխավոր դիիրժոր Պետր Պոպելկայի հետ միասին, որը կհրապարակվի մյուս տարի:
– Անընդհատ ելութներ եք ունենում դանիական եւ նորվեգական նվագախմբերի ու անհատ երաժիշտների հետ։ Ինչպիսի՞ փորձառություն են տվել Ձեզ այս տարիները։
-Սկանդինավիայում ես շատ եմ սիրում նվագել: Այնտեղ նվագախմբային լանդշաֆտը խիտ է և ունի բարձր մակարդակ, ինչպես և անհատ երաժիշտները: Քանի որ ընտանիքիս հետ բնակվում եմ Կոպենհագենում, իհարկե, կապն այդ պատճառով էլ ավելի շատ է: Բայց իմ համերգային աշխարհագրությունն ավելի լայնածավալ է մենահամերգներով, նվագախմբերի հետ համագործակցություններով, ինչպես և իմ շատ սիրելի կամերային երաժշտությամբ:
– Կարծում եմ Պրահայում առաջին անգամ եք ելույթ ունենալու եւ այն էլ Չեխական ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Ծանոթ է արդյո՞ք նվագախումբը, երբեւէ նվագե՞լ եք չեխական այլ նվագախմբի հետ, եւ ի՞նչ սպասելիքներ ունեք։
-Պրահայում իսկապես նվագում եմ առաջին անգամ: Մեծ ուրախությամբ սպասում եմ իմ հանդիպմանը Չեխական ռադիոյի նվագախմբի և չեխական հանդիսատեսի հետ:
Ունեմ շատ չեխ երաժիշտ ընկերներ և անչափ հարգում ու սիրում եմ չեխական երաժշտական ժառանգությունը: Չեխայում տարիներ առաջ նվագել եմ Պլզենի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ Գերշվինի «Rhapsody in blue”-ն։

-Պատահական չէ, որ նորվեգացի կոմպոզիտոր Գրիգի դաշնամուրային ստաղծագործությունների ներկայացումը Պրահայում վստահվել է Ձեզ, քանի որ համարվում եք Գրիգի լավագույն մեկնաբաններից մեկը։ Որքանո՞վ է հոգեհարազատ Ձեզ համար Գրիգը եւ ո՞րն է նրա երաժշտության առանձնահատկությունը։
-Իմ հոգում Գրիգի կոնցերտը շատ կարևոր տեղ է գրավում:
Ես այն նվագել եմ հաճախ և ունեմ շատ առանձնահատուկ կապ այդ գործի հետ: Տարիների ընթացքում իմ կապը Նորվեգիայի, այնտեղի երաժշտական ավանդույթների, ժողովրդական երաժշտության հետ շատ սերտացել է: Դա առանձնահատուկ մի լեզու է, որ սերտ կապ ունի Նորվեգիայի բնության և ավանդույթների հետ: Ինձ համար շատ հետաքրքիր մի անկյուն է, որ ես սիրով հետազոտել եմ:
Ուրախ եմ ներկայացնել չեխական հանդիսատեսին այդ հրաշք կոնցերտը:
– Գիտեմ, որ հաճախ եք ներկայացնում հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Անցյալ տարին Խաչատրյանական էր՝ նկատի ունենալով 120-ամյա հոբելյանը, արդյոք հաջողվե՞ց Խաչատրյան նվագել։
-Այո, ես մեծ սիրով և հետաքրքրությամբ նվագում եմ հայկական կոմպոզիտորների ստեղծագործությունները, ներկայացնելով իմ հայրենիքը: Խաչատուրյանի դաշնամուրային կոնցերտը ծրագրված է հաջորդ համերգային տարեշրջանի համար:
Զրույցը վարեց
Հակոբ Ասատրյանը
Համերգի տոմսերը կարող եք գնել հետեյալ կայքէջում՝



