Անթալիայի դիվանագիտական ֆորումը շարունակում է իր աշխատանքները. պարզապես դրանք պատշաճ մակարդակով չեն լուսաբանվում. ԱԶԳ

  • 02.03.2024
  • 0
  • 122 Views

Ինչպես արդեն նշել էինք «Ազգի» նախորդ համարում, մարտի 1-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի ողջույնի խոսքով և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բացման ելույթով մեկնարկեցին Անթալիայի դիվանագիտական 3-րդ ֆորումի աշխատանքները: Սակայն դրանք, չգիտես ինչու, չեն լուսաբանվում: Նույնիսկ ֆորումի պաշտոնական կայքը կամ թուրքական հանրային հեռուստատեսությունը, ինչպես նաև կիսապաշտոնական «Անադոլու»  գործակալությունը չի բարեհաճում հայտնել ֆորումի մասնակից 19 պետության և կառավարության ղեկավարների անունները, ուստիև չգիտենք՝ ովքե՞ր են հանդես եկել ֆորումի ամբիոնից: Պարզապես հայտնի է, որ Իլհամ Ալիևը Անթալիա չի եկել: Թեև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այնտեղ է, նույնիսկ հանդիպել է իր եղբոր՝ Ֆիդանին, բայց հանդիպման մասին ոչ մի տող:

Ակամա հարց է ծագում.  ինչո՞վ են զբաղված թուրքական լրատվամիջոցները: Իշխանամետները, Էրդողանի ելույթը փառաբանելով, նշում են, թե այն  աշխարհի ուշադրության կենտրոնում է: Ինչ վերաբերում է ընդդիմադիրներին, ապա դրանք Ժողովրդա-հանրապետական կուսակցության խոսափող «Halk TV»ի և «Ջումհուրիյեթ» թերթի գլխավորությամբ ուղղակի անտեսում են ֆորումն  այն աստիճանի, որ մարտի 2-ի համարներում նույնիսկ մեկ տողով չեն էլ հիշատակել, բայց առանց զլանալու մատնանշել են, ինչպես օրինակ  «T24,com.tr»ը, ֆորումին Արևմուտքի երկրների ցուցաբերած վերապահության մասին:

Ֆորումը մեզ հետաքրքրում է այնքանով, որքանով դրա շրջանակում անցկացվող երկկողմ հանդիպումներն ու ելույթներն առնչվում են Հայաստանին: Թուրքական հանրային հեռուստատեսությունը՝ «TRT Haber»-ը, որ ուղիղ եթերում լուսաբանում էր ֆորումի աշխատանքները, ուղղակի նշեց, որ Հաքան Ֆիդանը հանդիպել է Սերգեյ Լավրովին: Հանդիպմանը քննարկված հարցերի մասին, ինչպես «INTERFAX.RU»-ն է վկայում, որոշ պարզաբանումներ արել է ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հայտարարելով, թե կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին: Թեև նա Հայաստանի անունը չի տվել, սակայն եթե խոսքը Հարավային Կովկասի մասին է, առանց այդ էլ հայտնի են «Զանգեզուրի» միջանցքի հարցում Թուրքիայի և Ռուսաստանի շահագրգռությունները՝ թեկուզ աշխարհաքաղաքական տարբեր նկրտումներով:

Ավելին՝ РИА Новости  գործակալության համաձայն՝ Ֆիդանն ու Լավրովը քննարկել են նաև «3+3» ձևաչափի կիրառման հավանակությունը: Համենայն դեպս, Ֆիդանի ողջույնի խոսքից հետո «TRT Haber»-ը նշեց, որ Թուրքիայի արտգործնախարարը կհանդիպի իր հայ գործընկերջ՝ Արարատ միրզոյանի հետ: Երբ Էրդողանն ավարտեց իր բացման ելույթը, նաև նշեց, որ ֆորումում Թուրքիայի նախագահից հետո առաջին ելույթը կունենա ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Հավանաբար ունեցել է, բայց չհաջողվեց ելույթի մասին որևէ լուր գտնել ոչ թուրքական լրատվամիջոցներում, ոչ էլ սոցցանցերում: Հիմա չգիտենք թուրքական կողմը դրանով Լավրովին է խնայո՞ւմ, թ՞ե զգուշանում է Արևմուտքից կամ ինչ է ասել նա, ելույթում անդրադարձե՞լ է Հայաստանին, չգիտենք:

Գալով Հաքան Ֆիդանի հետ Արարատ Միրզոյանի հանդիպմանը՝  դրան մի քանի տողով անդրադարձել է Կ. Պոլսո «Ակօս» շաբաթաթերթը, ըստ որի՝  կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա նորմալացման գործընթացին առնչվող հարցերը և մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջը:

Հակոբ Չաքրյան

– Ազգ (azg.am)

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում