Միսաք Մանուշյանի եւ կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունները ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում

  • 21.02.2024
  • 0
  • 516 Views

Ֆրանսիայի Անմահների Պանթեոնում տեղի է ունեցել ֆրանսիական Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի եւ կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունների ամփոփման արարողությունը, որին ներկա են եղել Ֆրանսիայի նախագահ Մակրոնը եւ ՀՀ վարչապետ Փաշինյանը՝ տիկնանց հետ։

Միջոցառմանը ներկա են եղել նաև Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը, Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը, Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների, օրենսդիր մարմինների անդամներ, հասարակական, քաղաքական գործիչներ:

Արարողության ընթացքում ելույթով հանդես է եկել Էմանուել Մակրոնը: Իր խոսքում Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Միսաք Մանուշյանն ազատ էր, երբ քայլում էր փողոցում և անցնում այս պանթեոնի կողքով։ «Նա պատկերացնում էր, թե ինչպիսին կլիներ իր սիրելի Հայաստանը։ Մանուշյանն իրեն անվանում էր «ցասումով լի վագր», երբ ձերբակալեցին, բայց Մելինեն իր հետ էր բոլոր ոդիսականներում և ապրեցնում էր իրեն: Վերջնական, մշտական ընտրությունն ազատությունն էր: Ընտրեց ընդհատակյա կյանքը, որ ֆրանսիացին ոչինչ չկորցնի իր ազատությունից՝ մշտապես լինելով ազատության արբեցած զինվորը»,- նշել է Մակրոնը` ավելացնելով, որ այսօր կա Ֆրանսիա, որը երախտապարտ է նրանց:

«Միսաք և 23 այլք, և բոլոր այլք, որ հարում էին այս ազատությանը, ի վերջո պատվի արժանացան, սեր և ազատություն՝ ի հավերժություն»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:

Մանուշյաններն ոչ միայն առաջին հայերն են, այլեւ առաջին օտարներն են, որոնց աճյունները ամփոփվում են Անմահների Պանթեոնում։ Ինչպես Րաֆֆի Սեմերջյանն է գրել իր ֆեյսբուքյան էջում՝ «Միսաք և Մելինե Մանուշյանները մտնում են անմահների տաճար։ Պանթեոնում թաղված է 81 ֆրանսիացի անձնավորություն, Միսաք Մանուշյանը կլինի առաջին «օտարերկրացին», ով կմտնի պանթեոն, իսկ Մելինեն՝ նրա կինը՝ 7-րդ կինը, որի աճյունը Պանթեոնում է։ Մինչ օրս կան 83 անմահներ… Վոլտերի, Ժան-Ժակ Ռուսոյի, Վիկտոր Հյուգոյի, Ալեքսանդր Դյումայի կողքին…»։

orer.eu

Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահվում է բանաստեղծ, թարգմանիչ, Ֆրանսիայի ազգային հերոս, Ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ Միսաք Մանուշյանի և տիկնոջ` Մելինե Մանուշյանի անձնական արխիվը, որում տեղ են գտել ձեռագիր նամակներ, հուշագրություններ, լուսանկարներ։ Այդ հավաքածուից երեք ցուցանմուշ այսօրվանից կցուցադրվի Փարիզում։

Փետրվարի 21-ին Փարիզի պանթեոնում տեղի է ունեցել Ֆրանսիայի ազգային հերոս հայազգի Միսաք Մանուշյանի և նրա կնոջ` Մելինե Մանուշյանի վերահուղարկավորության արարողությանը: Փարիզի ազգային պանթեոնում բացվել է Միսաք Մանուշյանին նվիրված “Vivre à en mourir” խորագրով ցուցադրությունը, որը կգործի մինչև սեպտեմբերի 8-ը:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում