Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջը։
Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված քայլերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ:

Այս հանդիպմանը նախորդել է Փաշինյանի առանձին հանդիպումը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ օրակարգին վերաբերելի հարցեր, ինչպես նաև անդրադարձել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել կանցլեր Շոլցի ջանքերը` երկխոսությանն աջակցելու, Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման ուղղությամբ: Վարչապետը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության հավատամրությունը խաղաղության գործընթացին:

Օլաֆ Շոլցն ընդգծել է պատրաստակամությունը` շարունակելու ջանքերն ի նպաստ խաղաղության և երկխոսության:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպմանն իր ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Հաճելի է Ձեզ տեսնել այսօր։ Մենք գնահատում ենք այն դինամիկան, որ ունենք մեր երկկողմ հարաբերություններում։ Կարծում եմ` մենք հաստատել ենք շատ արդյունավետ գործընկերություն և 2019-ին սկսեցինք Ռազմավարական երկխոսությունը: Այս տարին ևս կարևոր է, մենք սպասում ենք մեր Ամերիկյան գործընկերների հետ բավականին ծավալուն օրակարգով նիստին։ Սա շատ լավ հնարավորություն կլինի՝ քննարկելու տարբեր հարցեր, մեր երկխոսությունն առավել արդյունավետ դարձնելու համար։ Իհարկե, տարածաշրջանային հարցերը ևս շատ կարևոր են մեր օրակարգի համար։ Դժբախտաբար, այս պահին Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա է լարվածության նոր փուլ, վերջերս տեղի ունեցավ լարվածության նոր աճ, որը պատճառ դարձավ մեծ կորուստների։ Հայ դիրքապահներ սպանվեցին Ադրբեջանի հետ սահմանին։ Ես կցանկանայի այս իրավիճակը ևս քննարկել Ձեզ հետ»։
Իր հերթին Էնթոնի Բլինքենը նշել է. «Հաճելի է այսօր հանդիպել Ձեզ՝ պարոն Փաշինյան։ Հայաստանը շատ արժեքավոր գործընկեր է ԱՄՆ-ի համար, և մենք գնահատում ենք նրա՝ կայուն խաղաղության հանդեպ հանձնառությունը։ Մենք նաև կարող ենք ուժեղացնել մեր երկրների միջև կապերը բոլոր ուղղություններով։ Մենք այս ամենը քննարկել ենք վարչապետ Փաշինյանի հետ»։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների օրակարգային հարցերին վերաբերող թեմաներ, կարևորել ռազմավարական երկխոսության հետևողական զարգացումը:
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել անձամբ պարոն Բլինքենի ջանքերը` բանակցային գործընթացին ու երկխոսությանն աջակցելու, Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման ուղղությամբ: Վարչապետը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը՝ գնալ կոնկրետ լուծումների, մասնավորապես, արդեն իսկ միջազգային հարթակներում գրավոր կերպով հրապարակային արձանագրված սկզբունքների հիման վրա:
Էնթոնի Բլինքենն ընդգծել է ԱՄՆ պատրաստակամությունը` շարունակելու ջանքերը բանակցային ու խաղաղ գործընթացին և երկխոսությունը շարունակելու հույս հայտնել:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Մյունխենում Փաշիյանը հանդիպումներ է ունեցել նաեւ այլ երկրների ու միջազգային կառույցների ղեկավարների եւ պաշտոնյաների հետ, այդ թվում՝ Լիխտենշտայնի իշխան Ալոիս ֆոն ունդ ցու Լիխտենշտայնի, Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի, ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի, Միգրացիայի միջազգային կազմակերպության տնօրեն Էմի Պոպի, Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա Սուդանիի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի, Amazon Web Services ընկերության փոխնախագահներ Մայքլ Փանքեի և Մաքս Պետերսոնի հետ։
Փաշինյանը մասնակցել է նաև «Թվային վստահություն և կառավարության շարունակականություն. ամպային հաշվողականությունը փոփոխվող աշխարհաքաղաքական դարաշրջանում» խորագրով կլոր սեղան-քննարկմանը, որն անցկացվել է փակ ձևաչափով: Միջոցառումը կազմակերպել են Amazon Web Services ընկերությունը և Մյունխենի անվտանգության համաժողովը:





Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել նաեւ Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի հետ:
Կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում և Բալկաններում առկա իրավիճակի ու տեղի ունեցող գործընթացների, անվտանգության ու կայունության ապահովման շուրջ:
Կոսովոյի վարչապետն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին` վերջին տարիների իրադարաձությունների համատեքստում` նշելով, որ պատմականորեն երկու ժողովուրդներն անցնում են դժվարին ժամանակաշրջանով:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել բազմաոլորտ փոխգործակցությանը, ինչպես նաև միջազգային հարթակներում համագործակցության հեռանկարներին:


Հիշեցնենք, որ երեկ Փաշինյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը:
Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցում են մի քանի տասնյակ երկրների նախագահներ, կառավարությունների ղեկավարներ ու արտաքին գործերի նախարարներ, ինչպես նաև ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը և այլք:
orer.eu


