Երևան, Հայաստան – Հայաստանի համար մեծ մարտահրավերների և անորոշության ժամանակներում, ներգրավվելու կոչը հնչում է ամբողջ աշխարհում: «Engage Armenia» 2024 եվրոպական շրջագայությունը, որը նախատեսված է անցկացնել 2024 թվականի մարտի 6-13-ը, հրավիրում է աշխարհի բոլոր հայերին, անկախ նրանց տարիքից կամ փորձառությունից, համախմբվելու և առանցքային դեր խաղալու Հայաստանի ապագայի կերտման գործում: Այս շրջագայությունը կիրականացվի եվրոպական ութ քաղաքներում՝ Լոնդոն, Ամստերդամ, Բրյուսել, Փարիզ, Ալֆորվիլ, Ժնև, Լիոն և Մարսել:
Հայաստանը վերջին ժամանակներս բախվել է զգալի մարտահրավերների, և ներգրավվածության անհրաժեշտությունը երբեք այսքան հրատապ չի եղել։ «Engage Armenia» 2024 շրջագայությունը ստեղծվել է այս անհրաժեշտությունը լուծելու նպատակով՝ հարթակ առաջարկելով հայերին վերաիմաստավորելու, վերակենդանացնելու և գործնականում կիրառելու իրենց ներգրավվածությունը Հայաստանում՝ անկախ ներգրավվածության ներկա աստիճանից: Անհատների, կազմակերպությունների և ծրագրերի բազմազան ներկայացուցիչների հետ շրջագայությունը արժեքավոր պատկերացումներ է տալիս Հայաստանի զարգացմանն ակտիվ մասնակցության վերաբերյալ:
«Engage Armenia» 2024 շրջագայության նշանավոր խոսնակների թվում են.
- Վարդան Մարաշլյան («Վերադարձ Հայաստան»/Repat Armenia )
- Նելլի Պոլյակով (Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամ)
- Սևան Կաբակյան («Դեպի Հայք»/ Birthright Armenia, «Հայ Կամավորների Միություն»/AVC)
- Նազարեթ Սեֆերյան («Իմփաքթ Հաբ» /Impact Hub)
- Սիսիան Պօղոսեան (ՀՀ Զբոսաշրջության կոմիտե)
- Գևորգ Պողոսյան («ռեԱրմենիա» / ReArmenia)
- Հրայր Բարսումյան (Optimize Consulting)
- Լարիսա Հովհաննիսյան («Դասավանդի՛ր, Հայաստան»/ Teach for Armenia)
- Գարիկ Գևորգյան («Մուվ 2 Արմենիա»/ Move2Armenia)
- Շուշան Քեշիշյան («Հաբ Արցախ»/ Hub Artsakh)
- Րաֆֆի Քասարջյան («Սենսյան»/ Sensyan)
Շրջայցի ձևաչափը բաղկացած է երկու հիմնական բաղադրիչներից՝ պանելային քննարկումներ և նոր կապերի հաստատում: Քննարկումների ընթացքում բանախոսները կկիսվեն իրենց անձնական փորձառությամբ և պատկերացումներով՝ անդրադառնալով այնպիսի թեմաների, ինչպիսիք են կամավորությունը, պրակտիկան, փորձի փոխանակումը, ծրագրերի աջակցությունը, բարձրագույն կրթության և կարիերայի հնարավորությունները, բիզնես ներդրումները, հայրենադարձությունը և ինտեգրումը Հայաստանում: Այս ինտերակտիվ ձևաչափը կխրախուսի ներկաներին հարցեր տալ և անմիջականորեն ներգրավվել պանելիստների հետ:
Մասնակցելով «Engage Armenia» 2024-ին` անհատները զգալի քայլ են կատարում Հայաստանի հետ իրենց կապը վերափոխելու և ազգի առաջընթացին նպաստելու ուղղությամբ:
«Engage Armenia» 2024-ի մասին լրացուցիչ մանրամասները կհրապարակվեն առաջիկա շաբաթների ընթացքում:
orer.eu