«Եռակողմը ժամանակավրեպ է, բայց 9-րդ կետը՝ հրատապ». Շահան Գանտահարյան

  • 02.02.2024
  • 0
  • 132 Views

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

– Իջևան-Ղազախ հատվածում ավարտվեց հայ-ադրբեջանական սահմանազատման պետական հանձնաժողովների 6-րդ հանդիպումը։ Պաշտոնական հաղորդագրությամբ մանրամասներ չներկայացվեցին։ Ի՞նչ տպավորություն ունեք այս հանդիպումից։

– Հերթական հանդիպում է՝ առանց որևէ բեկումնային կետի։ Կարծում եմ՝ կշարունակվեն հանդիպումները այս օրակարգով։ Կողմերը արդեն պարզ են դարձրել, որ սա երկարատև գործընթաց է․ սահմանազատումն ու սահմանագծումը դուրս են եկել խաղաղության պայմանագրի կետերից։ Գնում են երկու ուղղությամբ բանակցություններ․ առաջինը՝ հեռակա, խաղաղության պայմանագրի փաստաթղթի վերախմբագրումների տեսքով, երկրորդը՝ սահմանազատման օրակարգով։ Հանգման կետեր դեռևս տեսանելի չեն։ Այս դեպքում երկկողմ ձևաչափն ուշագրավ է։

– Ռուսական կողմը հայտարարում է, որ հարավային Կովկասում կայուն ու երկարաժամկետ խաղաղության հիմքը եռակողմ հայտարարությունների ամբողջական փաթեթի կատարումն ու գործարկումն է։ Որքանո՞վ է կենսունակ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։

– Եռակողմմ, ըստ էության, չեղարկված է։ Բայց դրա ամենահանգուցային կետը՝ 9-րդը, շարունակում է ամենահրատապ թեման լինել։ Մոսկվայի հղումը 9-րդ կետին նպատակ ունի ապահովել տարածաշրջանային նշանակության ճանապարհի վերահսկողությունն իր կողմից։ Եռակողմը ժամանակավրեպ է, բայց դրա 9-րդ կետը՝ շատ հրատապ։

– ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, մեկնաբանելով ՆԱՏՕ–ի ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հայտարարությունը ՆԱՏՕ-Երևան հարաբերությունների և մերձեցման մասին, նշել է, որ Հայաստանում պետք է բացեն քարտեզը և հասկանան սեփական շահերը։ Արդյո՞ք ՌԴ-ին անհանգստացնում է Կոլոմինայի հայտարարությունները, և արդյո՞ք ՆԱՏՕ-Հայաստան մերձեցման նախադրյալներ տեսնում եք։

– Իհարկե, անհանգստացնում է։ Հարավային Կովկասը նախապես զուտ ռուսական տիրույթ էր։ Հիմա այնտեղ կա թուրքական բանակ։ Բրյուսելն անվերջ նորոգում է ու ընդլայնում դիտորդական, փաստահավաք, կարիքների ուսումնասիրման առաքելությունները։ Երևանում գործում է աշխարհի ամենամեծ ԱՄՆ դեսպանությունը։ Մյուս կողմից, Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ–ին անդամակցությամբ ՆԱՏՕ-ի ուժերը հայտնվում են ՌԴ-ի սահմանին։ Այս բոլոր հանգամանքները անհանգստացնում են Մոսկվային։

– Ուշագրավ էր, որ Կոլոմինան հայտարարեց, որ աջակցում են Հայաստան-Ադրբեջան երկխոսությանը։ Չի՞ ստացվում, որ միջնորդները կողմերին միայնակ են թողնում՝ հետագայում պատասխանատվությունից խուսափելու համար։

– Կոլոմինայի՝ երկկողմ ձևաչափին ակնարկ անելը պետք է ընկալել ռուսական միջնորդության դուրսմղման միտումով։ 

Հայկ Մագոյան

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում