«Աստված ինձ նվիրեց այս տարիքը, այստեղ հասնելու ուրախությունը». Տիգրան Մանսուրյանի 85-ամյակին նվիրված միջոցառումները

  • 28.01.2024
  • 0
  • 64 Views

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը, որը մեծ հարգանք, ժողովրդականություն է վայելել խորհրդային տարիներին, գնահատված ու սիրված է նաև մեր օրերում, հունվարի 27-ին տոնում է ծննդյան 85-ամյակը:

Տարվա ընթացքում մաեստրոյին նվիրված բազմաբնույթ միջոցառումներ կանցկացվեն, սակայն տարեդարձը կնշվի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Տիգրան Մանսուրյան 85»  լայնամասշտաբ համերգով, որը տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգի նախօրեին լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ընդգծեց՝ Մանսուրյանի հոբելյանին նվիրված երեկոն իր համար շատ կարևոր է:

https://youtube.com/watch?v=SRxx_5CKL2k%3Fsi%3DKHPoZrLecxK6lwj0

«Խոսելով Տիգրան Մանսուրյանի մասին՝ միշտ նշում եմ, որ Հայաստանում և երկրից դուրս երաժշտասերները նրան տարբեր կերպ են պատկերացնում: Արտերկրում քաջածանոթ են Մանսուրյանի ակադեմիական ստեղծագործություններին, իսկ հայրենիքում ավելի մեծ ճանաչում ունի նրա կինոերաժշտությունը: Համերգի ծրագիրը կխոսի այդ մասին: Առաջին բաժնում հնչելու են մաեստրոյի ստեղծագործություններն ալտի և ջութակի համար: Ալտի կոնցերտը շատ հայտնի է աշխարհում և նոմինացվել է «Գրեմմի» մրցանակի, իսկ երկրորդ բաժնում մաեստրոյի կինոերաժշտությունն է, որը շատ հայտնի է «Սիմֆոնիկ Մանսուրյան» խորագրով և ունի մեծ հաջողություն»,-ասաց դիրիժորը:

Լուսանկարը՝ Հայկ Մանուկյանի

Ավելի քան 15 օր է՝ համերգի բոլոր տոմսերը սպառվել են, ինչն ըստ Սմբատյանի՝ խոսում է այն մասին, որ Հայաստանում ժամանակակից ունկնդիրը շատ սիրում է ժամանակակից կոմպոզիտորին: Դա հաջղություն է, որին նվագախումբը երկար է ձգտել:

2024 թվականին Սիմֆոնիկ նվագախմբի և Տիգրան Մանսուրյանի համագործակցությունը շարունակական կլինի:

Տիգրան Մանսուրյանն իր և նվագախմբի բեղմնավոր ստեղծագործական աշխատանքն օրինակելի է համարում նվագախումբ, դիրիժոր, կատարող և հեղինակ հարաբերությունների առումով: Ըստ նրա՝ առանց նման  համագործակցության հեղինակը լուրջ խնդիրների առաջ է կանգնում: «Եթե կատարողի կողմից անվստահություն կա հեղինակի նկատմամբ, դա անպայման նկատվում է և տարիների ընթացքում ազդում է հարաբերությունների վրա: Սերգեյ Սմբատյանի և նրա նվագախմբի հետ վերջին տարիներին եղել են թե՛ մարդկային ջերմ հարաբերություններ, թե՛ արգասաբեր համագործակցություն»,-ասաց կոմպոզիտորը:

Նա ֆիլմերի երաժշտությունը գրել է երեք կամ չորս գործիքի համար, որովհետև կինոյի պահանջը դա է եղել: Կոմպոզիտորի խոսքով՝ նվագախմբային թանձր հնչողություն պետք չի եղել, ուստի, երբ սիմֆոնիկ կինոերաժշտություն պետք է ներկայացվի, երաժշտական աշխատանքն ամբողջությամբ վերանայելու անհրաժեշտություն է առաջանում: «Սա աշխատանք է, որի սկիզբը դրվել է Սիմֆոնիկ նվագախմբի  հետ, և որը կյանք առավ դեռ տարիներ առաջ մի շարք համերգներով, որոնք անմիջապես ունկնդրի ուշադրությանն արժանացան: Ես շատ շնորհակալ եմ ֆիլմերի երաժշտությունը վերախմբագրելու, վերագործիքավորելու համար»,-շեշտեց մաեստրոն:

Մանսուրյանը համագործակցել է նաև Վարդան Աճեմյանի և այլ մեծերի հետ, երաժշտություն գրել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի համար: Այդ ստեղծագործությունները ևս հնչել են նվագախմբի համերգներին:

Սիմֆոնիկ նվագախմբի հետ աշխատել են ակադեմիական երաժշտության ոլորտում և տարբեր համերգներին կատարել են հատվածներ Մանսուրյանի «Ձյունե թագուհին» բալետից, կոմպոիզտորի նվագախմբային երկերը, կոնցերտները, ինչը Մանսուրյանին  ոգևորել ու  համագործակցությունն ավելի ինտենսիվ  դարձնելուն է մղել:

Մաեստրոն հունվարի 26-ին կայանալիք համերգը համարում է պատասխանատու, քանի որ այն իր 85-ամյակին է նվիրված: «Աստված ինձ նվիրեց այս տարիքը, այստեղ հասնելու ուրախությունը»,-ասաց նա:

Մանսուրյանի խոսքով՝ կինոն համադրական արվեստ է՝ թատրոն, երաժշտություն, դրամատուրգիա և այլն և այդ սինթետիկ արվեստի հսկայական օրգանիզմում կոմպոզիտորի դերը մեկ օրգանական մասը լինելն է միայն: «Դու պետք է  ենթարկվես ընդհանուր պահանջներին, իսկ ակադեմիական երաժշտությունը սինթետիկ  արվեստի պահանջների հետ ոչ մի ընդհանրություն չունի, այն դասական ակադեմիական աշխատանք է»,-նշեց նա:

Հոբելյանական համերգի մենակատարներից է երիտասարդ ջութակահար Լեա Զուն: Մանսուրյանը խորապես հիացած է նրա նվագով, երաժշտական եռանդով, տաղանդով: «Թվում է՝ տարիքը չէր կարող թույլ տալ նրան կատարողական արվեստում այդքան նվաճումներ ունենալ, բայց ես տեսա, որ նրա կողքին եղել են մեծ արվեստագետներ, որոնք Լեային հրավիրել են հանդես գալու իբրև մենակատար: Ես ուրախ եմ, որ նրան հրավիրել ենք: Փորձերին հետևել եմ: Այսօր փորձ է նախատեսվում  մեկ այլ հրավիրված արտիստի՝ ալտահար Սերգեյ Պոլտավսկիի հետ, որն ապրում  ու ստեղծագործում է Մոսկվայում: Նրան շատ եմ սիրում: Մի շարք գործեր նվագել է թե՛ Մոսկվայում, թե՛ արտերկրում ու Հայաստանում: Մշտապես արձագանքել է այստեղ գալու և նվագելու իմ ցանկությանը, կատարել կամերային գործեր, որոնք երբևէ չեն հնչել: Միշտ հիացել եմ նրա մարդկային նկարագրով, արվեստագետի տեսակով»,-ասաց Տիգրան Մանսուրյանն ու տեղեկացրեց՝ առաջիկայում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ձայնագրելու է իր Ալտի և Ջութակի կոնցերտները:

Տիգրան Մանսուրյանի խոսքով՝ մինչ օրս իր համար ստեղծագործերը, երաժշտություն գրելը մեծ հաճույք է, բավականություն: «Առաջնորդող մտքի նյութ է դառնում երաժշտությունը: Քնից արթնանալուց մի քանի վայրկյան առաջ ինձնից շուտ արթնանում է նյութը, որի շուրջ քիչ հետո պետք է աշխատեմ: Հաճույքով ստեղծագործելու պատրաստակամությունը դեռ ինձ հետ է, և չեմ դժգոհում, պարզապես դա պետք է պահպանել: Հետևել եմ մեծ կոմպոզիտորիների կենսագրությանը և գիտեմ, թե ինչ մեծ խնդիր է տարիների ընթացքում չկրկնվելը, ինքն իրեն չկրկնելը: Դրան ևս պետք է հետևել, ուստի միայն հաճույքը չէ, այլև խիստ հետևողական ապրելաձևը»,-հավաստիացրեց կոմպոիզտորը:

Մաեստրոյի ստեղծագործություններն ամբողջ տարվա ընթացքում են հնչելու: Ունկնդիրը կարող է վայելել Մանսուրյանի թե՛ կինոերաժշտությունը, թե՛ ակադեմիական գործերը ոչ միայն երևանյան հարթակներում, այլև մարզային, քանի որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մշտապես աշխատում է այդ ուղղությամբ:

Հանդիպման ավարտին նվագախմբի փոքր կազմը նվեր մատուցեց ներկաներին՝ կատարելով մաեստրոյի՝ ֆիլմերի համար գրված  գործերից մի քանիսը:

Տիգրան Մանսուրյան, Սերգեյ Սմբատյան

Անժելա Համբարձումյան, Արմենպրես

Լուսանկարը՝ Հակոբ Խոջոյանի

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում