Կրթության կառավարմանը նվիրված գրքերի շնորհանդես Հայաստանի ազգային գրադարանում

  • 24.01.2024
  • 0
  • 74 Views

Հունվարի 23-ին` Կրթության միջազգային օրվան ընդառաջ Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ «Կրթության կառավարում» խորագրով «Մասնագիտական կրթության կառավարման հիմունքներ», «Կրթության կառավարման օրենսդրական կարգավորումներ»,  «Ֆինանսական կառավարումը բուհերում» և «Կրթության որակի ապահովումը բուհերում» գրքերի ներկայացումը:

Միջոցառմանը ներկա էին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նաննա Սկաուն, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը, գիտական հանրության ներկայացուցիչներ, լրագրողներ։

«ՄԱԿ-ը հունվարի 24-ը հռչակել է Կրթության միջազգային օր, սակայն այն պետք է տոնել ամեն օր։ Շատ ուրախ եմ ներկա գտնվել միջոցառմանը և տեսնել, որ թվային տեխնոլոգիաների դարաշրջանում պահպանում եք նաև տպված տարբերակով գրքերի հանրայնացումը։ Չէ՞ որ, գիրք կարդալը երկխոսություն է և մենք պետք է հանրայնացնեք այդ երկխոսությունը», – իր խոսքում նշեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նաննա Սկաուն։

«Մենք անընդհատ խոսում ենք կրթության ոլորտում բարեփոխումներ անելու կամ դրա անհրաժեշտության մասին, բայց թե ովքեր պետք է անեն այդ բարեփոխումները՝ անհայտ է։ Դա է պատճառը, որ այս գրքերի հեղինակային խումբը որոշեց ստեղծել դասագրքեր, որպեսզի ուսանողները սկզբում հնարավորություն ունենան ստանալու անհրաժեշտ գիտելիքներն ու կարողությունները, նոր մուտք գործեն ոլորտ։ Ի դեպ, արդեն 3 տարի է ինչ Գիտությունների ազգային ակադեմիայում գործում է «Կրթության կառավորում» մագիստրոսական ծրագիրը»,- բացման խոսքում նշեց գրքերի համահեղինակ, կրթության փորձագետ, ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան Ատոմ Մխիթարյանը։

«Կրթության կառավարում» խորագրով գրքերի ներկայացմանը ներկա էին գրքերի հեղինակները՝ տնտեսագիտության դոկտոր, ՀՊՏՀ պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանը, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, մանկավարժության դոցենտ, ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան Ատոմ Մխիթարյանը, տնտեսագիտության թեկնածու, ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դոցենտ Նոննա Խաչատրյանը և բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ Աստղիկ Ավետիսյանը:

«Մասնագիտական կրթության կառավարման հիմունքներ» գիրքն անդրադառնում է կրթության կառավարման անհրաժեշտությանն ու բնույթին, կրթական ծառայությունների էկոհամակարգին, համալսարանական ինքնակառավարմանը, ակադեմիական ազատություններին, ներկայացնում է դասընթացի կառավարման գործընթացը, ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության կառավարման առանձնահատկությունները:

«Կրթության կառավարման օրենսդրական կարգավորումներ» գիրքը ըստ գլուխների մանրամասն ներկայացնում է Կրթության, Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության, Բարձրագույն և հետբուհական կրթության մասին օրենքները, ինչպես նաև անդրադառնում է Հայաստանում գիտական աստիճանաշնորհման համակարգին ու բարձրագույն կրթության ենթաօրենսդրական կարգավորումներին:

«Կրթության որակի ապահովումը բուհերում» գիրքը ներկայացնում է կրթության որակի բնորոշումը, անդրադառնում է կրթության որակի ապահովման մշակույթին, հավատարմագրման գործընթացներին, վերջնարդյունքների հենքով գնահատման համակարգին, ինչպես նաև հետբուհական կրթության որակի ապահովման Զալցբուրգյան սկզբունքներին և գիտական ղեկավարների ինստիտուտին:

«Ֆինանսական կառավարումը բուհերում» ուսումնական ձեռնարկն անդրադառնում է բուհական համակարգում ֆինանսական ռեսուրսների ձևավորմանը, համալսարանների ֆինանսների կառավարման առանձնահատկություններին, ինչպես նաև ֆինանսական վերահսկողության խնդիրներին:

Գրքերը նախատեսված են բուհերի մագիստրոսական կրթական ծրագրերի ուսանողների, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական անձնակազմի, կրթության և գիտության վարչարարությամբ զբաղվող մասնագետների, կրթության բարեփոխումների գործընթացով հետաքրքրվածների համար:
Գրքերը երաշխավորված են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական խորհրդի և Հյուսիսային համալսարանի գիտական խորհրդի կողմից:

Միջոցառման ավարտին հեղինակները գրքերը նվիրեցին  Հայաստանի ազգային գրադարանին։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում