ԵԽԽՎ-ն չվավերացրեց Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները. Ռուբեն Ռուբինյան

  • 24.01.2024
  • 0
  • 71 Views

Րոպեներ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը:

«Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն 1 տարով հեռացվեց ԵԽԽՎ-ից և այդ ընթացքում կարող է վերադառնալ միայն իր կանոնակարգային պարտավորությունները կատարելու դեպքում։

Ընդունված բանաձևում Վեհաժողովը վկայակոչում է 2023թ․ հունիսին ընդունած «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը, որում Վեհաժողովը հաստատել է Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ երթևեկության բացակայությունը՝ ցնցվելով այն փաստից, որ Ադրբեջանի ղեկավարությունը չի ճանաչել շուրջ տասը ամիս ձգված իրավիճակից բխող լուրջ հումանիտար և մարդու իրավունքների հետևանքները: Վեհաժողովը խորը ափսոսանք է հայտնում, որ փաստահավաք առաքելության շրջանակներում Լաչինի միջանցքի հարցով ԵԽԽՎ զեկուցողը հնարավորություն չի ունեցել մեկնել Լաչինի միջանցք։

Վեհաժողովը հիշատակում է նաև 2023թ. հոկտեմբերին ընդունած «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը, որով ԵԽԽՎ-ն դատապարտել է 2023թ․ սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական գործողությունները, ինչը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչության փախուստին Հայաստան՝ հարուցելով էթնիկ զտումների կասկածներ։ Հենց այս բանաձևում էր Վեհաժողովն ընդգծել, որ Ադրբեջանի՝ իր կանոնադրական պարտավորությունների չկատարման մասով իրավիճակի փոփոխության բացակայության դեպքում հունվարին չի վավերացնի ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։

Խորհրդարանական վեհաժողովը նշում է, որ Եվրոպայի խորհրդին միանալուց ավելի քան 20 տարի անց Ադրբեջանը չի կատարել կազմակերպության անդամակցությունից բխող հիմնական պարտավորությունները: Լուրջ մտահոգություններ կան Ադրբեջանում ազատ և արդար ընտրություններ անցկացնելու կարողության, իշխանությունների բաժանման, գործադիրի համեմատ օրենսդիր իշխանության թուլության, դատական իշխանության անկախության և մարդու իրավունքների պաշտպանության առնչությամբ։

Վեհաժողովը խիստ ափսոսում է, որ չի հրավիրվել հետևելու գալիք նախագահական ընտրություններին՝ չնայած Ադրբեջանն ունի հրավերը ուղարկելու պարտավորություն՝ որպես մոնիտորինգի ենթակա երկիր։ Վեհաժողովը մտահոգված է նաև, որ Մոնիտորինգային կոմիտեի համազեկուցողներին թույլ չի տրվել հանդիպել քաղաքական դրդապատճառներով մեղադրվող կամ ձերբակալված անձանց հետ»,- գրել է նա։

ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությունը, ի պատասխան իր լիազորությունները սահմանափակելու նախաձեռնության, հայտարարություն է տարածել, որից հետո ցուցադրաբար լքել է նիստերի դահլիճը։

Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հրապարակված հայտարարության մեջ նշվում են կշտամբանքները հենց կազմակերպության, ինչպես նաև, իհարկե, Հայաստանի հասցեին, «էթնիկ զտումներ» կազմակերպելու, «ագրեսիա» և նմանատիպ անհեթեթ մեղադրանքներ։

«Միջազգային իրավունքի ընտրովի մեկնաբանությունը և պետությունների տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը վերաբերող հարցերի նկատմամբ տարբեր վերաբերմունքը ցույց է տալիս այս ամոթալի առաջարկի (ադրբեջանական պատվիրակության դեմ պատժամիջոցների վերաբերյալ) հեղինակների ցինիկ և կեղծավոր էությունը։ Ցավոք, ԵԽԽՎ-ն օգտագործվում է որպես հարթակ՝ հարձակվելու որոշ անդամ երկրների վրա։

ԵԽԽՎ-ի հիմնական սկզբունքներն օգտագործվում են որոշակի կողմնակալ խմբերի կողմից՝ իրենց նեղ շահերը առաջ տանելու համար։ Քաղաքական կոռուպցիան, խտրականությունը, էթնիկ և կրոնական ատելությունը, երկակի ստանդարտները, ամբարտավանությունը և շովինիզմը դարձել են ԵԽԽՎ-ում գերակշռող պրակտիկա։

ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները վիճարկելու նախաձեռնությունը մենք համարում ենք այս արատավոր արշավի մի մաս։ Մենք այս նախաձեռնությունը դիտարկում ենք նաև որպես Ադրբեջանում ընթացող ընտրական գործընթացին անհիմն միջամտելու միտումնավոր և անընդունելի փորձ և մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը խաթարող նենգ գործողությունների վառ օրինակ։

Մեր պատվիրակության լիազորությունները վավերացնելու առաջարկվող մերժումը լուրջ հարված կլինի Եվրախորհրդի հեղինակությանը և անկողմնակալությանը որպես ամբողջություն, և դրա լուրջ և անդառնալի հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ կրելու է դրա նախաձեռնողները։

Աշխարհում ոչ ոք, այդ թվում՝ այս սենյակում նստածները, չեն կարող Ադրբեջանի հետ խոսել սպառնալիքների ու շանտաժի լեզվով։ ԵԽԽՎ պատմության մեջ երբևէ այս կազմակերպությունը նման խայտառակ պահվածք չի ունեցել։ ԵԽԽՎ-ում ձևավորված ռասիզմի, ադրբեջանաֆոբիայի և իսլամաֆոբիայի անտանելի մթնոլորտի պայմաններում ադրբեջանական պատվիրակությունը որոշում է դադարեցնել իր փոխգործակցությունն ու ներկայությունը ԵԽԽՎ-ում մինչև հետագա ծանուցումը»,- ասված է հայտարարության մեջ։

Լուրեր Հայաստանից – NEWS.am

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում