Հայաստանն Ադրբեջանի մոտ քաղաքական կամքի բացակայություն է տեսնում խաղաղության հասնելու հարցում եւ նոր դաշնակիցներ է փնտրում՝ անվտանգային հարցերի համար. Միրզոյան

  • 23.01.2024
  • 0
  • 391 Views

Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործընթացին՝ չնայած Ադրբեջանի հետ առկա են բազմաթիվ խնդիրներ։ 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Տեսականորեն խաղաղության գործընթացը տեղի է ունենում թշնամիների միջև։ Ակնհայտ է, որ կա երկարամյա թշնամանքի պատմություն, և դեռ գերիներ ունենք, բազմաթիվ դեպքեր ունենք, երբ մարդկանց ճակատագրերը պարզապես անհայտ են, այդ թվում՝ 32-ը լավ հիմնավորված բռնի անհետացումների դեպքեր են։ Խնդիրներն իսկապես բազմաթիվ են, և, եթե այդ խնդիրների գույքագրում փորձենք իրականացնել, ապա դա, գուցե, մեծ հաշվով  Ադրբեջանի քաղաքական կամքի բացակայությունն է։ Համենայնդեպս, մենք այդպես կարող ենք դատել հնչող հայտարարություններից և Ադրբեջանի նախագահի վերջին գնահատականներից։

Այո, ունենք տպավորություն, որ կարգավորման համար քաղաքական կամք Ադրբեջանում չկա, այլ հակառակը՝ կա խնդիրներն ավելի սրելու, սահմանազատման գործընթացում խոչընդոտներ հարուցելու ցանկություն»,- ընդգծեց Միրզոյանը։

ԱԳ նախարարի խոսքով՝ հայկական կողմը բոլոր ուղղություններով տեսնում է պայմանավորվածություններից հետ կանգնում Ադրբեջանի կողմից։

«Բայց Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության գործընթացին, և մեծ հաշվով խաղաղության գործընթացը հենց այս խնդիրների լուծման նպատակ ու առաքելություն ունի»,- հայտարարեց Միրզոյանը։

Նախարարը նշեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսելուց նախապայմաններ չեն ներկայացրել միմյանց։

Արարատ Միրզոյանը կարծիք հայտնեց, որ աշխատանքային գործընթացի ընթացքում հնարավոր կլինի լուծել առկա բոլոր խնդիրները՝ հավելելով, որ հակառակ դեպքում չի ստացվի խաղաղության պայմանագիր կնքել։

Հայաստանը պետք է փորձի փնտրել նոր դաշնակիցների իր անվտանգային հարցերը լուծելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր ողջախոհ և ռացիոնալ պետություն մշտապես պետք է ջանքեր գործադրի նոր դաշնակիցներ և աջակիցներ փնտրելու ուղղությամբ։

«Առավել ևս դա մեզ համար ակնհայտ էր և հրամայական էր այնպիսի աղետից հետո, ինչպիսին էր 2020 թվականի պատերազմը և դրան հաջորդած իրադարձությունները։ Մենք բախվեցինք մի իրավիճակի, երբ մեր դաշնակցային մեխանիզմները մեր ակնկալիքները չարդարացրին։ Հաճախ մեր կողմից հնչեցին գնահատականներ, որ մենք ականատես եղանք այդ մեխանիզմների չգործելուն։ Առավել ևս այս պայմաններում բնական է, որ մեր երկիրը պետք է փորձի գտնել նոր դաշնակիցներ իր անվտանգային մտահոգությունները փարատելու և լուծելու ուղղությամբ»,- նշեց Միրզոյանը՝ հերքելով անվտանգության այլ համակարգերին վերաբերող փաստաթղթերի ստորագրման մասին տեղեկությունը։

Այս համատեքստում նախարարը նաև հիշեցրեց Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը, որը բարձրացրել է սահմանին անվտանգության մակարդակը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ գործընկերների հայտարարությունները։

Հայաստանը միջանցքի մասով որևէ պարտավորություն չի ստանձնել ո՛չ նոյեմբերի 9-ի, ո՛չ էլ այլ փաստաթղթով։

Այս մասին ասել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով միջանցքային տրամաբանության անընդունելիությունը։

Նախարարը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է և շահագրգռված է ապաշրջափակել հաղորդակցության ուղիները տարածաշրջանում և ոչ միայն Նախիջևան-Ադրբեջան երթուղիով, այլ այն բոլոր երթուղիներով, որոնցից Հայաստանը նույնպես մտադիր է օգտվել։

Նախարարն ընդգծել է իրավահավասարության և ինքնիշխանության սկզբունքների վրա հիմնված ապաշրջափակման մասին համաձայնագրի առկայությունը։ «Ադրբեջանում եւս, եւ դա պարզ է դառնում Ալիևի խոսքերից, դեմ չեն այդ սկզբունքներին, բայց ոչ Նախիջևանից երթուղու դեպքում։ Ալիևի հնչեցրած երեք պահանջներն էլ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության խախտում են»,- ընդգծեց նախարարը՝ պատրաստակամություն հայտնելով լուծումներ գտնել ավելի հեշտ վարչարարության համար, սակայն առանց մաքսային հսկողության անցման գաղափարն անգամ անընդունելի է, ոչ  քաղաքացիների, ոչ էլ բեռների մասով:

Նա հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը երրորդ երկրների մասնակցություն չի նախատեսում, ընդհակառակը, ուղղակիորեն ասվում է, որ երթուղու անվտանգությունն ապահովում է Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ ղեկավարն ասաց, որ պատրաստ է. և կարող է ապահովել բեռների և քաղաքացիների անվտանգությունը, ասաց Միրզոյանը։

Խոսելով նոյեմբերի 9-ին փաստաթղթի ստորագրությունը չեղարկելու հնարավորության մասին՝ նախարարն ասաց, որ Հայաստանը միշտ կատարել է իր պարտավորությունները՝ ի տարբերություն մյուս երկու կողմերի, իսկ չկատարման վկայությունն ավելի քան պարզ է։

Արտգործնախարարը կոչ արեց Ռուսաստանին չմեղադրել Հայաստանին մի բանում, որի համար ինքը մեղավոր չէ

2022 թվականի օգոստոսին Ռուսաստանը ներկայացրել է առաջարկներ, որոնք ներառում էին հետևյալ դրույթը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը հետաձգվում է անորոշ ժամանակով։ Օգոստոսի վերջին Հայաստանը համաձայնել է այդ առաջարկներին, սակայն Ադրբեջանը անհամաձայնություն է հայտնել, և արդեն 2022 թվականի սեպտեմբերին հարձակում սկսեց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։ Այս մասին հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Այնուհետև Հայաստանը դիմեց Ռուսաստանին, որտեղից պատասխանեցին, որ սահմանն այս տարածքում հստակ գծված չէ, ուստի Ռուսաստանը դժվարությունների է հանդիպում գնահատելու, թե որքանով է խախտվել Հայաստանի ինքնիշխան տարածքը։

Դրանից հետո՝ 2022 թվականի հոկտեմբերին, Հայաստանն ու Ադրբեջանը Պրահայում ստորագրեցին քառակողմ հայտարարություն, ըստ որի՝ ընդունում են, որ սահմանների սահմանազատումը պետք է տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Այսինքն՝ սկզբում չկար Ռուսաստանի կողմից Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանի խախտումների հստակ արձանագրում»,- հավելեց արտգործնախարարը։

Ուստի նա կոչ արեց ռուսական կողմին ճիշտ վերապատմել իրադարձությունների ժամանակագրությունը, ինչպես նաև ներկայացնել պատճառահետևանքային կապը և չմեղադրել Հայաստանին մի բանում, որի համար ինքը մեղավոր չէ։

«Ընդհակառակը, եղել են այլոց կողմից ենթադրյալ գործողություններ և կոնկրետ քայլեր Հայաստանի կողմից այդ քայլերի բացակայության դեպքում, այդ թվում՝ Պրահայի հայտարարությունների տեսքով»,- ընդգծեց նախարարը։

Միրզոյանն ասաց, որ ոչինչ չգիտի հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ ռուսական նոր առաջարկների մասին։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չափազանցություն է համարում տեսակետը, թե Հայաստանի Սահմանադրությունը փոխելու մտադրության պատճառը հայ-ադրբեջանական կարգավորական գործընթացն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միրզոյանը նման կարծիք հայտնեց ասուլիսում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք գործող Սահմանադրությունը խանգարում է խաղաղության պայմանագրի ստորագրմանը:

Միրզոյանն ասաց՝ որքան Ադրբեջանն է իրավական խնդիր տեսել և ներկայացրել, նույնքան էլ Հայաստանն է Ադրբեջանի ուշադրությունը հրավիրել համարժեք խնդրի վրա նրանց իրավական դաշտում՝ սկսած Սահմանադրությունից:

Նախարարը հիշեցրեց, որ Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը ձևավորվել է դեռ 2018-ի հեղափոխությունից կարճ ժամանակ անց: Ըստ նրա՝ Սահմանադրությունն առաջին հերթին ներքին նշանակություն ունեցող փաստաթուղթ է:

«Չեմ ուզում ամբողջովին մերժել, որ ներքին նշանակություն ունենալով հանդերձ՝ ցանկացած Սահմանադրություն, թերևս, ավելի լայն ազդեցություն ունի և անդրադառնում է նաև արտաքին հարաբերությունների վրա: Այս առումով, այո, մեր Սահմանադրությունն էլ բացառություն չէ, Ադրբեջանի սահմանադրությունն էլ բացառություն չէ: Բայց ասել, որ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացն է Սահմանադրության  փոփոխության պատճառ, չափազանց մեծ չափազանցություն կլինի»,-ասաց Միրզոյանը:

Հարցին, թե արդյոք Սահմանադրությունն է խաղաղության գործընթացի արգելակման պատճառը՝ Միրզոյանը բացասական պատասխան տվեց:

ՎարչապետՆիկոլՓաշինյանըհունվարինավելիվաղհայտարարելէրորՀայաստանըկարիքունինորՍահմանադրությանԸստնրա՝ՀայաստանըպետքէունենաՍահմանադրությունորըՀայաստանիՀանրապետություննավելիմրցունակևավելիկենսունակէդարձնումաշխարհաքաղաքականևռեգիոնալնորպայմաններում:

Հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի հավանականություն այժմ էլ առկա է:

Այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահական ընտրությունների և ԵԽ-ում ընտրությունների պարագայում լարվածության հավանականությունը կաճի, երբ միջազգային գործընկերները կենտրոնացած կլինի ներքին օրակարգի վրա:

«Ես կարծում եմ, որ էսկալացիայի հավանականությունն այս պահին էլ առկա է: Առնվազն այն հռետորաբանությունը, որին ականատես եղանք Ադրբեջանի նախագահի հարցազրույցում, թույլ չի տալիս մեկ վայրկյան անգամ թուլացնել մեր զգոնությունը»,-ասաց Միրզոյանը:

ԱԳ նախարարը նշեց՝ Ալիևի հարցազրույցում հնչել են ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ անթաքույց տարածքային պահանջներ: «Մենք տեսանք, թե ինչպես են Հայաստանի այս կամ այն քաղաքները կամ մարզերն անվանվում ձևախեղված ձևով, մեծ հաշվով ամբողջ Հայաստանի Հանրապետությունն անվանվում Արևմտյան Ադրբեջան: Էսկալացիայի հավանականությունը միշտ էլ կա: Արդյո՞ք այդ հավանականությունը կմեծանա տարբեր երկրներում տեղի ունեցող ընտրությունների ընթացքում, կարծում եմ, որ ռացիոնալ կլինի այդպես մտածել»,-նշեց ԱԳ նախարարը:

Աղբյուրներ՝ Armenpres, news.am, mfa.am

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում