Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսն այսօր Երեւանում հանդիպումներ է ունեցել վարչապետ Փաշիյանի, արտգործնախարար Միրզոյանի, Անվհանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։
Հունաստանը շուտով իրականացնելու է մի ծրագիր, որը ֆինանսավորելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն՝ այս մասին ասաց Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Հունաստանը շուտով սատարելու է մի ծրագիր, որը ֆինանսավորելու է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, նրանց կարիքները հոգալուն, մասնավորապես՝ կեցության, բնակարանի ապահովման մասով խնդիրների լուծմանը: Այն կառնչվի նաև ԼՂ-ում քրիստոնեական, մշակութային վայրերի պահպանության խնդրին:
Մենք միանշանակ կողմ ենք, որ ԼՂ-ում քրիստոնեական վայրերը պահպանվեն, և ուզում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունն իր տեղում լինի՝ բացահայտելու այն վնասները, որ այս վայրերը կրում են և կարող են կրել»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ Հունաստանը միշտ պատրաստակամ է աջակցելու»։
Վարչապետի հետ հանդիպմանը հույն արտգործնախարարը մասնավորապես նշել է, որ «Մեր երկու ազգերը կապված են ամուր պատմական կապերով, և մենք ոչ միայն ցանկանում ենք պահպանել այս կապերը, այլ նաև առաջ մղել դրանք, որովհետև կարծում ենք, որ հայ ժողովուրդը ոչ միայն մեր գործընկերն է, այլ նաև մեր մտերիմ ընկերը։ Մենք դարերի խորքից եկող եղբայրական հարաբերություններ ունենք»։ «Ընդգծեմ, որ Հունաստանի կառավարությունը պատրաստակամ է Հայաստանին սատարելու բոլոր հնարավոր ուղղություններով, ինչպես Եվրոպական միության հետ հարաբերություններում, այնպես էլ Հայաստանի Եվրոպական ընտանիք ինտեգրման երկխոսության հեռանկարի շրջանակներում», ասել է նա:
Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության հետևանքով բռնի տեղահանված անձանց խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերի վերաբերյալ: Այս առումով, կողմերը կարևորել են միջազգային հանրության աջակցությունը:
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունվարի 10-ին ընդունել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի գլխավորած պատվիրակությանը:
Կողմերը անդրադարձ են կատարել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի, այդ թվում՝ ԵՄ-ի հետ Հայաստանի գործընկերության շրջանակներում իրականացվող քայլերին, ինչի շրջանակներում քարտուղար Գրիգորյանը կարևորել է Հունաստանի ցուցաբերած աջակցությունը Հայաստանին: ԱԽ քարտուղարը ներկայացրել է նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ վերջին զարգացումները։
Հունաստանի արտաքին գործերի նախարարը «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Հարավային Կովկասում խնդիրների արդար և կայուն լուծում է համարում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Հունաստանի ԱԳ նախարարն այս մասին ասել է հունվարի 10-ին կայացած ասուլիսի ժամանակ։
«Մենք գտնում ենք, որ կողմերը պետք է մշտական երկխոսության մեջ լինեն։ Կարծում եմ, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը ներկայացրել է Հայաստանի կառավարությունը, խնդրի շատ իրատեսական, արդարացված և կայուն լուծում է։ Մենք կարծում ենք, որ բանակցային գործընթացը պետք է ներառի կոնկրետ հարցերի լուծում, պետք է իրականացվի սահմանների հստակ սահմանազատում, որպեսզի հետագա վայրագություններ չլինեն։ Երկու կողմերն էլ պետք է ներգրավված լինեն այդ գործընթացում։ Կարծում եմ, որ իսկապես կան ապագայում լուծումների հասնելու իրատեսական հնարավորություններ։ Ապագայում ռազմական գործողություններ չպետք է տեղի ունենան»,-հայտարարել է Յորղոս Գերապետրիտիսը։
Նախարարի կարծիքով՝ Հայաստանի կառավարությունը քայլեր է ձեռնարկում տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և բարեկեցության հաստատման լավագույն լուծմանը հասնելու համար:
Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների զարգացման և խորացման գործընթացում երկար ճանապարհ կա անցնելու։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասաց Հունաստանի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Նախարարը վստահեցրեց, որ սեղանին են մի շարք կոնկրետ գործողություններ ու ծրագրեր՝ բխող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից, նաև դրանից դուրս։
« Մենք քիչ առաջ լսեցինք Հունաստանի արտաքին գործերի նախարարի հավաստիացումն այն մասին, որ Հունաստանը շարունակելու է իր ջանքերը և աջակցությունը համոզվելու, որ այս գործընթացը կանգ չի առնում և առարկայական և ինտենսիվ կերպով է շարունակվում։ Մենք, իհարկե, հույս դնելու ենք այդ հավաստիացումների և աջակցության վրա»,-ասաց Միրզոյանը։
Նախարարը նշեց, որ չնայած բոլոր մարտահրավերներին՝ Հայաստանը շարունակում է ժողովրդավարական բարեփոխումները։ Միրզոյանը համոզված է, որ այդ բարեփոխումները Հայաստանին ավելի են մոտեցնելու Եվրամիությանը։
ԵՄ-ի հետ երկխոսության համատեքստում Միրզոյանն ընդգծեց, որ ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանի համար չափազանց կարևոր նշանակություն ունի։
«Սա ևս մի կարևորագույն գործոն է, որը անվտանգություն և խաղաղություն է ապահովում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին»,- նշեց Միրզոյանը՝ հիշեցնելով, որ ԵՄ-ն վերջերս որոշել է մեծացնել և երկարաձգել առաքելության մանդատը, ինչը Հայաստանը ողջունել է։
«Իհարկե, հարգելի՛ գործընկերներ, իմ գործընկերոջը և նրա գլխավորած պատվիրակությանը հանգամանալից կերպով ներկայացրել եմ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանությունից հետո, ինչպես նաև խաղաղության գործընթացը: Ներկայացրել եմ խաղաղության գործընթացի մանրամասները, խնդիրները, ծրագրերը և նախաձեռնությունները, որոնցով Հայաստանի Հարնապետությունը հանդես է եկել՝ որպես լուծում, օրինակ «Խաղաղության խաչմերուկը» տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապուղիների ապաշրջափակման հարցում և, իհարկե, մյուս մանրամասները: Ընդգծել եմ, որ չնայած բոլոր մարտահրավերներին և բարդություններին, չնայած դանդաղեցումներին և ապակառուցողականությանը, որոնց մենք ականատես ենք լինում որոշ դեպքերում, ՀՀ-ն վճռական է և հաստատակամ կառուցելու խաղաղություն Հարավային Կովկասում, շարունակելու խաղաղության բանակցությունները, և մենք հավատում ենք, որ երկուստեք կառուցողական մոտեցման ցուցաբերման դեպքում, քաղաքական կամքի դեպքում մենք շատ մոտ ապագայում կարող ենք շոշափելի հանգրվանի հասնել խաղաղության հաստատման հարցում», ասել է Միրզոյանը:
mfa.amը տարածել է նաեւ ասուլիսի ժամանակ նախարար Միրզոյանին տրված հարցրեն ու պատասխանները։
Հարց ՀՀ ԱԳ նախարարին (Հունաստանի հեռուստատեսություն). Ձեր հարաբերությունները ԵՄ-ի հետ ինչպե՞ս եք տեսնում:
Պատասխան (Արարատ Միրզոյան)․ Շնորհակալ եմ: Ըստ էության, ես և իմ սիրելի բարեկամը՝ նախարարը, անդրադարձանք, մեծ հաշվով, այդ հարցին, բայց ես կարծում եմ, որ դեռ իսկապես երկար ճանապարհ կա անցնելու Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների խորացման գործընթացում, բայց ցանկանում եմ վստահեցնել, որ հիմա քննարկման սեղանին են մի շարք կոնկրետ գործողություններ և կոնկրետ ծրագրեր: Ծրագրեր, որոնց մի մասը բխում են, օրինակ, մեր՝ Հայաստանի և Եվրոպական միության միջև ունեցած գործող «CEPA/ՀԸԳՀ» պայմանագրից, և ծրագրեր, որոնք այդ պայմանագրից, իհարկե, անդին են: Մենք հնարավորություն ունեցանք քննարկելու այդ հարցերը և՛ Եվրոպական միության ուղարկած գնահատման առաքելության այցի շրջանակներում, նրանց հետ հանդիպումների ընթացքում մեկ ամիս առաջ, և՛ իմ այցի ընթացքում Բրյուսել, որտեղ ես պատիվ ունեցա մասնակցել Եվրոպական միության արտաքին հարաբերությունների խորհրդի ոչ պաշտոնական հանդիպմանը, շփվել իմ գործընկերների հետ, այդ թվում՝ Հունաստանի ջանքերով և նախաձեռնությամբ: Եվ այս խոսակցությունը շարունակական է: Մենք քիչ առաջ լսեցինք նախարարի հավաստիացումն այն մասին, որ Հունաստանը շարունակելու է իր ջանքերը և աջակցությունը համոզվելու, որ այս գործընթացը կանգ չի առնում և առարկայական ու ինտենսիվ կերպով է շարունակվում: Մենք, իհարկե, հույս դնելու ենք այդ հավաստաիցման և աջակցության վրա: Մեր կողմից մենք պատրաստ ենք: Հայաստանը, չնայած բոլոր մարտահրավերներին, շարունակում է ինտենսիվ կերպով ժողովրդավարական բարեփոխումները, շարունակում է տարբեր ոլորտներում այդ բարեփոխումների գործընթացը, և մենք համոզմունք ունենք, որ այդ բարեփոոխումները ևս իրենց հերթին Հայաստանն ավելի են մոտեցնում Եվրոպական միությանը: Ես ցանկանում եմ նաև ընդգծել, որ այժմ Հայաստանի համար հատկապես անվտանգային հարթության վրա կենսական, չափազանց կարևոր նշանակություն ունի Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելությունը: Սա ևս մի գործոն է, որը կարևորագույն գործոն է, որն անվտանգություն և խաղաղություն է ապահովում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին, սահմանի գոտում, և սա ևս մի ոլորտ է և մի թեմա է, որը ենթակա է շարունակական զարգացման: Բոլորովին վերջերս Եվրոպական միությունը որոշում ընդունեց ավելացնել, մեծացնել և երկարաձգել այս քաղաքացիական առաքելության մանդատը, ինչը մեծապես ողջունվեց Հայաստանի կողմից: Ամփոփելով՝ ցանկանում եմ ասել, որ սա ճանապարհ է, որը դեռ պետք է անցնենք ավելի մեծ քայլերով, ավելի ինտենսիվ քայլերով և, իհարկե, Հունաստանի աջակցությամբ:
Հարց (Նանե Սահակյան. «Ազատություն»). Պարո՛ն Միրզոյան, ՀՀ անվտանգության խորհուրդի քարտուղարը խոսում էր բանակցային փոխանակվող փաստաթղթերում հետընթացի մասին: Դուք համաձա՞յն եք, որ հետընթաց կա: Եվ այս ֆոնին ուղիղ բանակցությունները Բաքվի հետ հնարավոր համարու՞մ եք, թե ոչ: Շնորհակալություն:
Պատասխան (Արարատ Միրզոյան). Իսկապես, մենք ստացել ենք դեկտեմբերի վերջին օրերին ադրբեջանական հերթական առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ, բայց դրանից առաջ, Դուք գիտեք, որ բավականին տևական ժամանակ ադրբեջանական կողմը հրաժարվում էր մասնակցել այն հանդիպումներին, որոնք մենք սովորաբար ունենում ենք խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման գործընթացում: Ես խոսում եմ երկրների ղեկավարաների մակարդակով հանդիպումների մասին. հիշում եք, որ նախագահ Ալիևը չմասնակցեց Գրանադայի հանդիպմանը, այնուհետև ենթադրաբար պետք է տեղի ունենար կրկին եռակողմ հանդիպում Բրյուսելում, և կրկին նախագահ Ալիևը չհաստատեց իր մասնակցությունը, և ըստ էության, այդ հանդիպումը ևս տեղի չունեցավ: Մեծ հաշվով նույնը կարելի է ասել նաև արտաքին գործերի նախարարների մակարդակով տեղի ունեցող բանակցությունների փուլերին. ենթադրվում էր, որ մենք այդ հնարավորությունը կունենանք և գործընթացը կշարունակենք նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, սակայն այդ հանդիպումները ևս տեղի չունեցան: Եղել են, անշուշտ, ոչ պաշտոնական շփումներ. օրինակ՝ կհիշեք Թեհրանում իմ և իմ գործընկերոջ հանդիպումը, նաև Անվտանգության խորհրդի քարտուղարի մակարդակով հանդիպումները: Եվ այս, մի կողմից ոչ կառուցողական մթնոլորտում, մենք նաև տեսել ենք կառուցողական քայլեր: Այս համատեքստում նախարար Գերապետրիտիսն արդեն հիշատակեց հայ-ադրեջանական պայմանավորվածությունը և գերիների ազատ արձակումն ու վստահությանն ուղղված այլ միջոցառումներ, ինչպես թեկնածության պաշտպանումը Բաքվում COP-29-ի անցկացման համար:
Որքան էլ գուցե տարօրինակ հնչի, չնայած հանդիպումների բացակայությանը, տեղի են ունեցել նաև առաջարկների փոխանակումներ խաղաղության պայմանագրի շուրջ. ինչպես ասացի, մենք ստացել էինք ադրբեջանական առաջարկները, հունվարի 4-ին, արդեն մենք ենք փոխանցել մեր հերթական առաջարկները: Այո, ես կասեի, որ բովանադակային առումով ադրբեջանական առաջարկների մեջ մենք տեսնում ենք որոշակի հետընթաց որոշ հոդվածներով, տեքստի որոշ մասերով և որոշակի առաջընթաց մի քանի այլ ուղղությամբ: Եվ մենք շատ կառուցողական աշխատել ենք այդ առաջարկների վրա և ուղարկել ենք մեր առաջարկները, որոնք, կրկին վստահ եմ, որ շատ կառուցողական են:
Բայց ես ուրիշ բան եմ ուզում ընդգծել. ոչ այնքան հերթական առաջարկների այս կամ այն հոդվածի հետընթաց կամ առաջընթաց լինելը, կառուցողական կամ ոչ կառուցողական լինելը, որքան այն սկզբունքները, որոնց վրա պետք է հենված լինի խաղաղությունը: Անկախ նրանից՝ տվյալ հերթական առաջարկի որևէ մի կոնկրետ հոդվածն առաջընթաց է, թե հետընթաց, վերջնական խաղաղությունն անպայմանորեն պետք է խարսխված լինի մի քանի հիմնարար սկզբունքների վրա, որոնք մենք բազմիցս հանրահռչակել ենք և խոսել ենք այդ մասին.
- երկրները պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն` առանց որևէ այլևալության, առանց որևէ երկիմաստության: Սա այն հարցն է, որտեղ առավելագույն հստակություն է պետք, և վերջնական խաղաղության պայմանագիրը պետք է այս հստակությունն ապահովի:
- Նաև, հասկանալիորեն, եթե երկրների միջև սահմանների սահմանազատման գործընթացը կարող է երկար ժամանակ տևել, առնվազն խաղաղության պայամանագրում մենք պետք է տեսնենք այն հստակ հիմքերը, որոնց վրա պետք է հետագայում ընթանա սահմանազատման գործընթաց: Ես ուզում եմ ընգծել, որ այս երկու հարցերը՝ տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը և նաև սահմանների հետագա դելիմիտացիան այն հարցերն են, որտեղ Հայաստանի Հանրապետությունը չի կարող տեսնել և չի կարող թույլ տալ որևէ անորոշություն նաև առաջնային առումով այն պատճառով, որ որևէ անորոշություն մեծ հիմք է և պարարտ հող է հետագա ագրեսիաների և հետագա էսկալացիաների: Հետևաբար, եթե մենք խաղաղություն ենք հաստատում՝ մենք հաստատում ենք այնպիսի խաղաղություն, որը հնարավորինս դժվար և գրեթե անհնար լինի կասկածի տակ դնել և խախտել, չդնել առնվազն հիմքեր հետագա էսկալացիայի համար այդ պայմանագրում:
- Հաջորդ սկզբունքը, որը մենք, վստահաբար, ուզում ենք տեսնել հաստատված խաղաղության մեջ, տարածաշրջանի տնտեսական կապուղիների, ենթակառուցվածքների ապաշրջափակումն է, որովհետև խաղաղությունը, կարծում եմ՝ կկիսեք իմ մոտեցումը, միայն կրակոցների բացակայությունը չէ, խաղաղությունը նաև բաց սահմաններն են, խաղաղությունը նաև ապրանքների և մարդկանց տեղաշարժն է միմյանց տարածքով: Այսինքն, երբ Հայաստանը շարունակում է մնալ շրջափակման մեջ, այս իրավիճակը դժվար կլինի անվանել Հարավային Կովկասում խաղաղության հաստատում, և մենք շահագրգռված ենք այս կապուղիների ապաշրջափակմամբ, բայց մենք նաև վստահ ենք, և կարծում եմ, որ սա մի մոտեցում է, որն աշխարհում բոլորը կկիսեն, որ այս ապաշրջափակումը պետք է տեղի ունենա մի քանի շատ պարզ, հիմնարար և արդար սկզբունքների հիման վրա: Դրանք ևս հայտնի են, բազմիցս խոսել ենք այդ մասին: Օրինակ՝ այն, որ այդ ենթակառուցվածքները պետք է մնան կոնկրետ այդ երկրների ինքնիշխանության ներքո, այսինքն, մասնավորապես ենթակառուցվածքների հայաստանյան հատվածը՝ Հայաստանի ինքնիշխանության ներքո, դրանք պետք է գործեն մեր իրավազորության ներքո, և ամեն ինչ, իհարկե, պետք է արվի հավասարության և փոխադարձության սկզբունքներով: Կրկին, եթե միայն Ադրբեջանը կարողանա օգտագործել հայկական, ենթադրենք, երկաթուղիներ, և Հայաստանը չկարողանա օգտագործել ադրբեջանական երկաթուղիները, դա դժվար թե արդար, հիմնարար և երկարատև լուծում համարվի: Սրանք են այն սկզբունքները, որոնք անպայմանորեն պետք է ընկնեն խաղաղության հիմքում: Հիմա կոնկրետ որ փուլում, որ հոդվածով ձևակերպումները որքանով են հետընթաց և առաջընթաց, կարծում եմ՝ կարևոր, բայց ոչ կենսական նրբերանգներ են:
Դուք նաև հարցրեցիք՝ ուղիղ բանակցություններ, թե միջնորդավորված: Ըստ էության, մեր բանակցությունները, մեծ հաշվով, միշտ էլ ուղիղ են եղել, մենք հանդիպել ենք տարբեր մայրաքաղաքներում, եղել են երկրներ, կողմեր, որոնք ֆասիլիտացրել են մեր հանդիպումները, կազմակերպել են այդ հանդիպումները, երբեմն կառուցողական առաջարկներով են փորձել հանդես գալ կամ կամրջող ձևակերպումներով, բայց, միևնույն է, բանակցությունները միշտ էլ եղել են երկկողմ, և մենք շահագրգռված ենք բանակցությունների շարունակմամբ, մենք նաև ոչ պաշտոնական շփումներ ենք ունեցել, արդեն ասացի, և ակնկալում ենք, որ առաջիկայում հնարավորություն կընձեռվի, այնուամենայնիվ, ունենալ ադրբեջանական կողմի համաձայնությունը և շարունակել մեր բանակցությունները: Եվ այստեղ ևս կարևորում եմ նաև Հունաստանի պատրաստակամությունը ֆասիլիտացնել այդ գործընթացը: Շնորհակալ եմ:
orer.eu