Հունվարի 6-Ին Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնին նվիրված պատարագ մատուցվեց Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում։ Պատարագիչն էր Բարսեղ վարդապետ Փիլավչյանը։ Սուրբ Հայրը իր քարոզում խոսեց Սուրբ Ծննդյան խորհրդի եւ մեր ժողովրդի միասնության մասին՝ կոչ անելով լինել լավատես, համախումբ եւ չմոռանալ Աստծո պատվիրանները։ Առաջին անգամ պատարագին մասնակցեց նաեւ նորակազմ երգչախումբը։
Հավարտ Սուրբ Պատարագի՝ կատարվեց Ջրօրհնեք, որի ընթացքում Հայր Բարսեղը խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնեց ջուրը: Խաչի այս տարվա կնքահայրն էր Պրահայի Հայ Առաքելական եկեղեցու ծխական խորհրդի փոխատենապետ Աղասի Զավարյանը։ Մանուկների համար նվերներ էր պատրաստել գործարար Պարգեւ Վիրաբյանը։
Պատարագին ներկա էին նաեւ Չեխիայի եկեղեցիների էկումենիկ խորհրդի գլխավոր քարտուղար Պետր Յան Վինշը եւ Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը, որոնք հավարտ Սուրբ պատարգի հանդիպեցին Հայր Բարսեղի հետ եւ քննարկեցին համագործակցության հարցեր։
orer.eu