Պարգեւներ Հայաստանի 10 լավագույն մարզիկներին

  • 28.12.2023
  • 0
  • 524 Views

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա են գտնվել 2023 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ամփոփելով մարզական տարին՝ նշել է, որ Հայաստանի Հանրապետության բոլոր տարիքային խմբերի մարզիկ-մարզուհիներն Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, գավաթի խաղարկություններում, Ֆրանկոֆոնիայի և ԱՊՀ խաղերում 2023 թվականին, ընդհանուր առմամբ, նվաճել են ռեկորդային 445 մեդալ, այդ թվում՝ 125 ոսկե, 127 արծաթե, 193 բրոնզե: Այս ցուցանիշը 2022 թվականի համեմատ ավելի է 44,9 տոկոսով: Նախորդ տարի մեդալների թիվը կազմել էր 307:

Այնուհետև վարչապետ Փաշինյանը պարգևները հանձնել է 2023 թ. հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր  Արթուր Ալեքսանյանին, 2023 թ. հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանին, 2023 թ. ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արման Անդրեասյանին, 2023 թ. սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության ոսկե և բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանին,  2023 թ. ծանրամարտի Եվրոպայի և աշխարհի առաջնությունների արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանին, 2023 թ.՝ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանին, 2023 թ.՝ բռնցքամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանին, 2023 թ. ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Գոռ Սահակյանին:

Հարգելի պատճառներով միջոցառմանը ներկա չեն գտնվել 2023 թ. ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Վազգեն Թևանյանը և 2023 թ. բռնցքամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը: Մրցանակները կհանձնվեն ավելի ուշ:  

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում