Ինչպե՞ս է ընկալվում Անի միջնադարյան մայրաքաղաքը։ Ինչպիսի՞ ձևերով է այն սովորաբար հիշվում։ Ինչպիսի՞ մոտեցումներ կարելի է որդեգրել Անին՝ որպես «կորսված քաղաք» դիտարկելիս։ Լայպցիգում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի Լայբնից ինստիտուտի կողմից կազմակերպված և Բեռլինի Ազատ Համալսարանում 2023 թ․-ի դեկտեմբերի 7-ին և 8-ին տեղի ունեցած գիտաժողովը գործուն հարթակ տրամադրեց այս և շատ այլ հիմնարար հարցերի քննարկան համար։ Գիտաժողովի մաս կազմող չորս նիստերի ընթացքում բանախոսները ներկայացրին իրենց ուսումնասիրությունները՝ դիտարկելով այժմ ավերակների վերածված Անի քաղաքի բազմազան վերաներկայացումները և քննարկելով Անիի՝ որպես կորսված քաղաքի, ժառանգությունը:
Գիտաժողովը սկսվեց Պրոֆ. Դոկտոր Էլկե Հարթմանի և Դոկտոր Բալինտ Կովաչի բացման խոսքով։ Նրանք ընդգծեցին սույն երկարաժամկետ հետազոտական նախագծի նպատակաները և կարևորեցին դրա քննարկումը նաև օսմանագիտության շրջանակներում: Այնուհետև, Դոկտոր Կարէն Ջալլաթեանն և Դոկտոր Կոնրադ Սիեկիերսկին կարևորեցին հետազոտության միջգիտակարգային և բազմակողմանի բնույթը։
Առաջին նիստը նախագահում էր Դոկտոր Պոլինա Իվանովան (Գիզեն), ով մասնավորապես շեշտը դրեց Անի և Վան քաղաքների «կորուսյալ» սերունդների վրա։ Նիստում քննարկվեցին Անիի բազմաբնույթ ինքնությունը, միջհամայնքային կապերը և նրա առանցքային դերը որպես Հայաստանի «կորսված մայրաքաղաք»:
Դոկտոր Փիթըր Քաուին (Լոս Անջելես) ներկայացրեց, թե ինչպես կարող ենք Անին դիտարկել որպես միջնադարյան միջերկրածովյան առևտրային ցանցի առանցքային հանգույց, մինչդեռ ասպիրանտ Ժենյա Ղազարյանը (Բուդապեշտ) հիմնականում զեկուցեց Վան քաղաքի մասին՝ ներկայացնելով ազգագրագետների ազդեցությունը այս «կորսված» քաղաքի հայկական ընկալումների վրա: Կարէն Ջալլաթեանը (Լայպցիգ) ընդգծեց Անիի 19-րդ դարից արդեն իսկ առատորեն լուսանկարված լինելու հանգամանքը, առաջարկելով ուսումնասիրել վերջինիս ընկալումները այս դիտանկյունից։
Երկրորդ նիստում, որը վարում էր Դոկտոր Անդրաշ Բաչկայը (Բուդապեշտ), մայրաքաղաք Անին դիտարկվեց մարդաբանության և թվային տեխնոլոգիաների տեսանկյունից: Քննարկումներում տեղ գտան նաև արցախահայերի հավաքական հիշողության ուսումնասիրությունները՝ զուգահեռներ անցկացնելով Անի քաղաքի և Արցախի միջև՝ հաշվի առնելով «կորուստի» տարաբնույթ ընկալումները։ Վերջինս հատկապես տեղ գտավ ասպիրանտ Հռիփսիմե Խաչատրյանի (Բուդապեշտ) զեկույցում, մինչդեռ Կոնրադ Սիեկիերսկին (Բեռլին) շեշտը դրեց Անիի շուրջ առկա հասարակային փորձառությունների բազմաշերտության վրա: Ազադ Բալաբանեանը (Սան Ֆրանցիսկո) 3D ձևաչափի միջոցով ներկայացրեց Անիի եկեղեցիների մանրակրկիտ թվային նմուշներ՝ այսպիսով կապելով պատմական ժառանգությունը ժամանակակից տեխնալոգիաների հետ: Դոկտոր Անատոլի Տոկմանցեվը (Բուդապեշտ) ընդգծեց «կորսված» քաղաքների հեղհեղուկ հայեցակարգը և ընդգծեց որոշակի «կորուստների» նախապատվությունը մյուսների նկատմամբ:
Երրորդ նիստը, որը նախագահում էր Կոնրադ Սիեկիերսկին, ուսումնասիրեց Անի քաղաքի ընկալումը օսմանյան համատեքստում: Էլկե Հարթմանի (Բեռլին) ուսումնասիրությունը դիտարկեց Անիի և Կարսի շուրջ պատմական հիշողության բարդ շերտերը, հատկապես Հայոց ցեղասպանությունից հետո: Նիստում ընդգծվեց մերժողականությունը, միջսերնդային լռությունը և Անիի հակասական պաշտոնական ներկայացումները Թուրքիայում։ Հարթմանը նաև կարևորեց Կարսի սահմանային դերի՝ որպես ակտիվ փոխազդեցությունների գոտիի կորուստը։
Եզրափակիչ նիստում, որը վարում էր Ջալլաթեանը, անդրադարձ կատարվեց Անիի ազդեցությանը հայկական սփյուռքի մշակութային երևակայության վրա: Դոկտոր Բալինտ Կովաչը (Բուդապեշտ/Լայպցիգ), հիմք ընդունելով Մխիթարյան Միաբանության վանահայր Մինաս Բժշկյանի ուղեգրությունը, ներկայացրեց, թե ինչպես են սփյուռքահայերն Անին դնում իրենց ինքնության ձևավորման հիմքում։
Անիի ազդեցիկ դերը քննարկվեց նաև Դոկտոր Վահէ Թաշչեանի (Բեռլին) և Դոկտոր Ժոսեֆ Ռաստոմի (Բեյրութ) զեկույցում։ Նրանք զուգահեռներ անցկացրին Բեյրութի Սուրբ Նշան եկեղեցու և Անիի Մայր տաճարի միջև և անդրադարձան դրանց ապշեցուցիչ նմանություններին։ Դոկտոր Մարի-Օդ Պարոնեանի (Ամստերդամ) ելույթը քննարկեց Անիի ավերակների ներկայացումները որպես արդիականությանը բնորոշ պատկերի ավերակումի իսկ հետքեր՝ ի նկատի ունենալով զանազան արվեստի գործեր և դրանք զետեղելով բարդ գեղագիտական և քաղաքական համածիրերի մեջ։
Հարկ է նշել, որ գիտաժողովը նշանակալից հարթակ էր հայագիտական ուսումնասիրությունները ներառելու օսմանագիտության ավելի լայն շրջանակներում: Համաժողովի ավարտին մասնակիցները մտքեր փոխանակեցին հետագա ուսումնասիրությունների հնարավոր ուղղվածությունների շուրջ։ Այս և նման նախագծերը հնարավորություն են ընձեռում ուսումնասիրել Անին մշակութային ժառանգության սահմաններից դուրս՝ դիտարկելով այն տարբեր մշակույթների և ժամանակաշրջանների միջև:
Հեղինակներ՝
Լիլիթ Մնացականյան (Հայագիտության Բաժին, Պազմանի Պետեր Կաթողիկե Համալսարան, Բուդապեշտ/ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի Լայբնից ինստիտուտ, Լայպցիգ)
Մարիաննա Մանասյան (Հայագիտության Բաժին, Պազմանի Պետեր Կաթողիկ Համալսարան, Բուդապեշտ)
orer.eu



