Radar Armenia-ի զրուցակիցը Շահան Գանտահարյանն է․
– Զորքերը սահմանից ետ քաշելու՝ Երևանի առաջարկն անընդունելի է Բաքվի համար: Բայրամովը հայտարարել է՝ եթե զորքերը ետ քաշվեն, երբ սահմանի մասին համաձայնություն չկա, երաշխիք չկա, որ այնտեղ ոչինչ տեղի չի ունենա: Ինչպե՞ս եք մեկնաբանում հայկական կողմի առաջարկի մերժումը։
– Հայաստանյան ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ներխուժումը սահմանազատման գործընթացի հետ է կապել Բաքուն։ Խորքում Բաքուն բանակցային գործընթացը արգելակում է նման դիրքորոշմամբ։ Քաղաքականորեն այն օգտագործում է, որպեսզի Բրյուսելի կամ ԱՄՆ-ի միջնորդությամբ չկայանան պայմանավորվածությունները։ Դրա համար էլ առ այս պահը կոնկրետ մակերեսով չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
– Շառլ Միշելն էլ արձանագրել է, որ բանավեճ կա Նախիջևանը Ադրբեջանին կապելու կոնկրետ եղանակների շուրջ՝ համոզվելու, որ դրանք հարգում են Հայաստանի ինքնիշխանությունն ու օրենսդրությունը։ Ի՞նչ է հասկացնում ԵՄ-ն Ադրբեջանին։
– Այստեղ էլ «մի քայլ առաջ, երկու քայլ ետ» է խաղում Բաքուն։ Ալիևի վերջին հայտարարություններում չկար «միջանցք» եզրը․ նա խոսում էր կոմունիկացիոն ճանապարհների բացման մասին, ինչը սկզբունքորեն չի խախտում Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Բայց հանգույցը, կարծում եմ, բացվող ճանապարհների ռուսական վերահսկողության տակ լինել-չլինելուն է վերաբերում։ Նոյեմբերյան հայտարարության 9-րդ կետը ֆիքսել էր ՌԴ սահմանապահների վերահսկողությունը։ Հիմա իրապես չեղարկվել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Բրյուսելը նման պահանջ դնելով ուղերձ է հղում միաժամանակ Ադրբեջանին և ՌԴ-ին։
– ՌԴ նախագահը չի կարծում, թե Հայաստանի շահերից է բխում դադարեցնել անդամակցությունն ԱՊՀ-ում, ԵԱՏՄ-ում։ Սա պարզապես կարծի՞ք եք դիտարկում, թե՞ այս հայտարարությունը ենթատեքստ ունի։
– Մոսկվան լավ գիտակցում է, որ հայկական կողմի մոտ կա դժգոհություն, և դա միաժամանակ թե՛ ներշնչվում է, և թե՛ շահարկվում Վաշինգտոնից և Բրյուսելից։ Մոսկվան համագործակցում է իր ռազմավարական դաշնակցի թշնամի պետության հետ, և պարզ է, որ դա հանգեցնելու է դժգոհության ալիքի բարձրացմանը։ Սակայն ՀԱՊԿ-ը և ԵԱՏՄ-ն մեկ զամբյուղում տեղադրելը պարզ ենթատեքստ ունի։ ՀԱՊԿ-ից դժգոհ է հայկական կողմը, մինչդեռ ԵԱՏՄ համակարգում լինելը առավելություն է տալիս ՀՀ-ին՝ ներկա տարածաշրջանային ռազմաքաղաքական պայմաններում իր տնտեսությունը զարգացնելու համար։ Ուղերձը այն է, որ չի կարելի դուրս գալ ՀԱՊԿ-ից և մնալ ԵԱՏՄ-ում։
– Բայրամովը, խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին, հայտարարել է՝ Թուրքիայի մասնակցությունը բանակցություններին օգտակար կլինի Հայաստանի համար։ Սա տեղավորվու՞մ է Ադրբեջանի՝ բանակցություններին երրորդ անաչառ կողմի մասնակցության մասին հայտարարությունների տիրույթում։
– Թուրքիա և անաչառ կողմ հասկացությունը չի կարելի համատեղել այս դեպքում։ Բաքուն արծարծում է ուղիղ, չմիջնորդավորված բանակցությունների ձևաչափ, ինչը համազոր է Արևմուտքի դուրսմղմանը կամ նրա երաշխավորման բացառմանը։ Ներկա պահին տարբեր ձևաչափերը, որոնք առաջարկվում են թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, բացառում են Արևմուտքի մասնակցությունը։ 3+3-ը ևս նույն դրդապատճառներից է մեկնում։
– Արդյո՞ք հունվարին Վաշինգտոնում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հնարավոր կլինի հասնել խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման։
– Բարդ է կանխատեսելը, թե երբ կկնքվի պայմանագիրը։ Արևմուտքը աշխատում է, որ իր երաշխավորությամբ վերջնականանա․ այդ ուղղությամբ ճնշում է Բաքվին։ Օ՛Բրայանի այցին հետևեց Ալիևի հրամանագիրը Ադրբեջանում նախագահական արտահերթ ընտրություններ կազմակերպելու մասին, այն էլ՝ չափազանց նեղ ժամկետներում։ Կարծում եմ, որ սա ցուցիչ է այն բանի, որ ճնշում կա, և դրա դիմաց՝ շտապողականություն։
Հայկ Մագոյան